Զինված հեղաշրջման գործի վերջը չի երեւում, 6 տարի է՝ քննվում է

Զինված հեղաշրջման գործի վերջը չի երեւում, 6 տարի է՝ քննվում է

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերվեց խումբ, որն առավել հայտնի է «Նորք-Մարաշի բանդա» անունով։ Հիշեցնենք՝ այս բանդայի պարագլուխը համարվում է Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ և բանտից ազատվեց 2019-ի սեպտեմբերին: Վերջերս նա քաղաքականապես ակտիվացել է, մասնակցեց ամռանը տեղի ունեցած արտահերթ ընտրություններին, վերջերս էլ գնացել էր Ազգային ժողով՝ մասնակցելու լսումների։

Այս գործով առաջին նիստը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 2-ին։ Գործը ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Արմեն Բեկթաշյանին: Այնուհետեւ մի քանի տարի անց գործը քննելուց հետո դատավոր Բեկթաշյանը տեղափոխվեց Վերաքննիչ քրեական դատարան, եւ եկավ նոր դատավորը, որն էլ այժմ դատաքննությունը սկսել է զրոյից։ 

Մի քանի շաբաթից կլինի, որ շուրջ 6 տարի է՝ այս գործով որեւէ վերջնական դատական ակտ չկա, թեպետ բոլոր ամբաստանյալներն էլ հիմա ազատության մեջ են, նրանցից ոմանք կալանքից ազատվեցին 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

Այժմ գործը քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում, սակայն հիմա էլ անորոշ ժամկետով հետաձգվել է, քանի որ ամբաստանյալներից պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Նիստը հետաձգվել է մինչեւ փորձաքննության եզրակացության պատրաստ լինելը, փորձաքննությունը նշանակվել է երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 8-ին։

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամբաստանյալների իրավունքի խախտման մասին կարող ենք խոսել, եթե ձգձգումը տեղի է ունենում սուբյեկտիվ ինչ-որ պատճառներով․ «Տվյալ դեպքում, եթե խոսքը փորձաքննություն նշանակելու մասին է, այս պատճառը ես չեմ կարող համարել սուբյեկտիվ պատճառ, ամեն դեպքում՝ մարդու վիճակը դա էր, նշանակվել է փորձաքննություն»։

Նա նաեւ ավելացրեց, որ գործի ավարտին քիչ էր մնացել, երբ այն քննող առաջին դատավորը տեղափոխվեց այլ դատարան եւ դատաքննությունը նորից սկսվեց։

Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Շիրխանյանի մասը չի առանձնացվում ընդհանուր գործից մյուս ամբաստանյալների իրավունքները չխախտելու համար։ Նա ասաց. «Ներպետական օրենքը նախատեսում է նման նորմ, դատարանը քննելով, նաեւ դա քննարկման ենթարկեց, գտավ, որ պետք է հետաձգի։ Եթե երկար կտեւի հիվանդությունը, չի բացառվում, որ դատարանն իր որոշումը կվերանայի։ Արձանագրեմ՝ ողջամիտ բոլոր ժամկետներն անցել են, կա դրա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պաճառները։ Օբյեկտիվ պատճառը դատարանների ծանրաբեռնվածությունն է, սուբյեկտիվն էլ, ճիշտ է, 6-7 տարի է այս գործը գնում է, սպառել են ողջամիտ ժամկետները»։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նշենք նաև, որ սույն գործով անցնում են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: