Նիկոլ Փաշինյանը չի վստահում բոլոր կառույցներին, իսկ ուժայիններից խուսափում է

Նիկոլ Փաշինյանը չի վստահում բոլոր կառույցներին, իսկ ուժայիններից խուսափում է

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում նոր իշխանության հաստատումից ի վեր նկատելի է մի երեւույթ, երբ տասնյակ պաշտոնյաներ կա՛մ պաշտոնավարում են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, կա՛մ ամենաառանցքային պաշտոններում թափուր տեղեր են, որոնք ամիսներով չեն համալրվում։

Միայն ամենավերին օղակներում նման բազմաթիվ փաստեր կան այս պահին․ Կոտայքի մարզպետ, Իջեւանի քաղաքապետ, Երեւանի գլխավոր ճարտարապետ, ՊՎԾ պետ, պետի տեղակալ, ԵՊՀ եւ եւս 5 բուհերի ռեկտորներ։ Էլ չենք խոսում ստորին օղակների մասին․ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար, առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ։ Նույն նախարարությունում՝ անձնակազմի կառավարման վարչության պետի, իրավական ապահովման բաժնի պետի, հանրային առողջության բաժնի, միջազգային հարաբերությունների վարչության պետի, օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետի, ֆինանսաբյուջետային բաժնի ԺՊ-ներ։ 

Արդարադատության նախարարություն․ ԺՊ-ներ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչությունում, քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչությունում։ 

Էկոնոմիկայի նախարարություն․ որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն, վարչության պետի ԺՊ, գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչություն, վարչության ԺՊ, անձնակազմի կառավարման վարչություն, վարչության պետի ԺՊ։ 

Շրջակա միջավայրի պահպանության վարչություն․ գլխավոր քարտուղար՝  թափուր, լիցենզիաների, թույլտվությունների եւ համաձայնեցումների վարչության պետի ԺՊ։ 
ԿԳՄՍ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։ Մի խոսքով, այսպես շարունակ՝ կառավարման տարբեր օղակներում ու տարբեր մակարդակներում։
Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք տեւական ժամանակ ԺՊ-ի կարգավիճակում էին ՀՀ ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, մինչեւ որ Նիկոլ Փաշինյանը նրանց հրամանագրեց եւ մեկ ամիս անց էլ աշխատանքից ազատեց ու նոր նշանակումներ արեց։ «Հրապարակն» այս երեւույթի մասին խոսել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս կառավարության օրոք այսքան ծաղկել ԺՊ-ների ինստիտուտը։ Սա ինչ-որ բանի մասին խոսո՞ւմ է։ 

- Չեմ կարող գնահատել, ասել, որ սա ինչ-որ մի կոնկրետ բանի մասին է վկայում։ Քանի որ նման պաշտոնյաների թիվը շատ մեծ է, եւ դա քրոնիկ բնույթ ունի, ապա կարծում եմ, որ դա Նիկոլ Փաշինյանի կառավարության ոճի, համակարգվածության մասին է խոսում։ 

- Գուցե մեծ տեղաշարժե՞ր են՝ հեղափոխություն է եղել, հները գնում են, նորերը գալիս։

- Երկու տարի՞։ Այնպես չէ, որ հները գնում են, նորերը գալիս են, նորերը գալիս են ու նորերն էլ են գնում։ Եթե միայն հները գնային, միգուցե համաձայնեի։ Բայց քանի որ կան նաեւ բազմաթիվ թափուր պաշտոններ… այս պահին ու որքան ժամանակ է՝ թափուր է Կոտայքի մարզպետի պաշտոնը, Երեւանի ճարտարապետի։ Այնպես որ, նորից եմ ասում՝ խնդիրը չհամակարգվածության մեջ է։

- Գուցե ԺՊ-ն ավելի լա՞վ է աշխատում, քան հիմնական հրաման ունեցողը, որը տեղն արդեն «իրենով է արել»։ Միգուցե սա՞ է։

- Կան նման պնդումներ, բայց չեմ կարծում, որ դա հատուկ է արվում, որովհետեւ 6 ամիս ոստիկանապետի կամ ԱԱԾ տնօրենի ԺՊ պահելը, հետո նշանակել պաշտոնի եւ 2 ամիս անց երկուսին էլ հանելը, համաձայնեք, չհամակարգված աշխատանքի հետեւանք է, ոչ թե ուզում են, որ ավելի արդյունավետ աշխատեն։ Կա նաեւ մեկ այլ խնդիր․ ըստ իս՝ այս ոչ համակարգվածությունը գալիս է նաեւ կադրերի սղությունից, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը 2 տարվա մեջ այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել իր կադրային բանկի հարցում։

- Իսկ ուժայինների՞ դեպքում։ Այստեղ կա նաեւ նրանց չվստահելու խնդիրը։

- Միայն ուժայինը չէ, ինքը չի վստահում բոլոր կառույցներին։ Իսկ ուժայիններից, կարծում եմ, այնուամենայնիվ, նաեւ վախ կա, թե ինչ… Ինքը խուսափում է ուժայիններից, որովհետեւ սա ընդհանրապես իրենը չի, ինքը սա չգիտի, չի ճանաչում։ Սա իր համար մութ անտառ է։