«Հայրենակցական» պատերազմի տոնը, իշխանականների ձեւական ներկայությունն ու Արմեն Սարգսյանի «հաղթանակները»

«Հայրենակցական» պատերազմի տոնը, իշխանականների ձեւական ներկայությունն ու Արմեն Սարգսյանի «հաղթանակները»

Մեկ տարի առաջ մայիսի 9-ին Հաղթանակի այգում էին Սերժ Սարգսյանի նշանակած նախագահ Արմեն Սարգսյանն ու դեռեւս Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարության անդամները։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ օր էր, ինչ նշանակվել էր վարչապետ ու հաջորդ օրն իսկ մեկնել էր Արցախ։ 

Մեկ տարի անց՝ 2019-ի մայիսի 9-ին, Հաղթանակի այգում դարձյալ նշում էին մայիսյան հաղթանակները։ Դարձյալ ներկա էր Արմեն Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը դարձյալ մեկնել էր Արցախ՝ ընտանյոք հանդերձ այնտեղ տոնը նշելու եւ որդուն տեսնելու։ Փոխված է միայն կառավարության կազմը․ երեկ Հաղթանակի այգում էին արդեն Փաշինյանի հետ քայլած նախարարներն ու պատգամավորները, որոնց դեմքի արտահայտությունից դժվար էր կռահել՝ հասկանո՞ւմ են, թե ուր են եկել, ինչի համար, ինչ օր է Մայիսի 9-ը, թե՞ ոչ։ Խոսքը, իհարկե, Դավիթ Տոնոյանի մասին չէ, ով նախորդ կառավարությունից մնացած ժառանգություն է՝ Ատոմ Ջանջուղազյանի, Տիգրան Խաչատրյանի ու եւս մեկ-երկուսի նման։ Ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն գրած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Եվ այս խառնիճաղանջ, կիսասերժական, կիսանիկոլական կազմին արարողակարգային պարտադրանքից ելնելով՝ առաջնորդում էր Սերժ Սարգսյանի բերած նախագահը՝ Արմեն Սարգսյանը։ Նա եկավ, ծաղկեպսակին մոտեցավ, մի երկու ձեւական շարժում արեց՝ իբր ժապավենն է ուղղում, ինչպես անում են սովորաբար, ու քայլեց առաջ՝ դիտելու տոնական քայլերթը, հետո մտավ վրան՝ ճաշելու վետերանների հետ։ 

Հընթացս փորձեցինք մի քանի բառ կորզել նախագահից Հաղթանակի օրվա եւ, առհասարակ՝ հաղթանակների մասին։ Արմեն Սարգսյանը սկսեց թվարկել մեր տարած հաղթանակները՝ տարբեր ժամանակներում։ «Ես կարծում եմ՝ հաղթանակները ժամանակ չունեն, ինչպես բնության ինվարիանտ օրենքները, որոնք չեն փոփոխվում, հաղթանակը, հաղթանակի զգացումն ընդմիշտ է։ Եթե ճշգրիտ օրն ունենայինք, ապա կնշեինք նաեւ Ավարայրի ճակատամարտի հաղթանակի օրը, եւ մեր հաղթանակներն առանձնահատուկ են, որովհետեւ դրանք մեր ազգի հաղթանակներն են, ազգային հաղթանակներ են, եւ եթե ընդամենը 100 տարի հետ գնանք, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Առաջին հանրապետությանը նախորդած հաղթանակները բոլորն ազգային հաղթանակներ են, որովհետեւ մարտնչում էր ողջ ժողովուրդը»,- հաղթանակի էությունը փիլիսոփայորեն մեկնաբանեց ֆիզիկոս նախագահը։

Հարցրինք նրան՝ ապրիլյան հեղափոխությունը նո՞ւյնպես իր համար հաղթանակ է, սակայն Արմեն Սարգսյանի լեզուն ոչ մի կերպ չպտտվեց իր անունից Փաշինյանի արած հեղափոխությունը հաղթանակ համարել։ Նա մի պահ մտածեց եւ դիվանագիտորեն հարցը գցեց «ժողովրդի» վրա․ «Հաղթանակի գնահատականը տալիս է միշտ ժողովուրդը»։
Ապա նախագահը, նախարարներն ու պատգամավորները մտան վրաններ ու մի բաժակ բան խմեցին պատերազմի վետերանների հետ։ Դուրս գալուց հետո մոտեցանք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հետաքրքրվելու ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին, ինչի վերաբերյալ մամուլում էր գրվել, ինչպես նաեւ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Վանեցյանն ասաց, որ այս պահին ծառայողական քննություն է ընթանում, կավարտվի, նոր կխոսի այդ մասին, ավելին ասել չի կարող։ Մեր հարցին՝ միտումնավո՞ր են ոչնչացվել այդ գործերը, թե՞ ուղղակի կորել են, Վանեցյանը կրկնեց՝ ծառայողական քննությունը կպարզի։ Իսկ թե երբ են դրանք անհետացել, ԱԱԾ տնօրենն ասաց․ «Անցյալ տարի ամռանը»։ 

Մոտեցանք նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով իր տապալված վերջին «հերոսություններից» հետո կարծես թե սիրտ չուներ լրագրողների հետ շփվելու։ Միայն իրեն տրամադրեց ու մի երկու արարողակարգային-հայրենասիրական մեծ-մեծ խոսքերով կարեւորեց «հայրենակցական մեծ պատերազմում» մեր տարած հաղթանակի դերը։
«Սա շատ կարեւոր օր է այսօր, եռատոն է, սա մեծ պատմություն է, մեր հայ ժողովրդի մեծ ներդրումն է մեծ պատերազմում՝ հայրենակցական, եւ մեծ հաղթանակի մեջ մեծ լումա ունենք։ «Մեծ» բառը շատ ասեցի, որովհետեւ դա իրոք էդպես է։ Եվ այսօր մենք նշում ենք այդ տոնը, ես շատ հպարտ եմ ինձ զգում, որ ես մեր ազգի ներկայացուցիչն եմ, որ այսքան հաղթանակներ ենք մենք ունեցել»,-ասաց Հայկ Մարությանը։ Իսկ երբ փորձեցինք հարց ուղղել քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման իր բերած նախագծի եւ դրա տապալման մասին, Մարությանն այլեւս չցանկացավ պատասխանել հարցերին։ Միայն նշեց, որ ինքը 6 ամիս է պաշտոնավարում եւ այս ընթացքում շատ գործեր է հասցրել անել։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ խոսեց բանակում զինվորներին հատկացվող ներքնաշորերի կամ, Փաշինյանի լեզվով ասած, «տռուսիկ-մայկաների» որակից։ Նախարարն ասաց, որ ինքն իր որդուն, որն այլեւս շարքային չէ, այլ կրտսեր սերժանտ, վարտիքներ չի ուղարկում, ստիպում է, որ որդին լվանա բանակի տվածը, հագնի։ Նրա խոսքով՝ նախկինում մեկանգամյա օգտագործման էին տալիս, բայց մեծ քանակությամբ, հիմա որակը բարձրացրել են, ավելի լավն են տալիս, որ զինվորները լվան-հագնեն։ Իսկ դա կարո՞ղ ենք հեղափոխական 100 փաստերի մեջ ներառել, Տոնոյանը հիշեցրեց, որ իրենք հաղթանակի օրվա համար են հավաքվել։
Իսկ ի՞նչ ընթացքում է Ռուսաստանից սպառազինության ձեռքբերման գործընթացը․ Տոնոյանն անորոշ պատասխան տվեց՝ շատ առողջ վիճակում է։ Իսկ ե՞րբ կգան հաջորդ 8 ՍՈՒ-երը, Տոնոյանը դարձյալ անորոշ պատասխան տվեց․ «Երբ որ ժամանակը գա»։ Մեր հարցին, թե տեղյա՞կ է՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու նոր դեպքեր կա՞ն, պաշտպանության նախարարը, պարզվեց, տեղյակ չէր․ «Չեմ կարող ասել»։

Իշխանականների հեռանալուց հետո Հաղթանակի զբոսայգի ժամանեցին եւ անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին ընդդիմադիր ԲՀԿ-ի ներկայացուցիչները։ Նրանց առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չկար, նա Աբովյանում էր մասնակցում մայիսյան տոնակատարությանը, փոխարենը կուսակցությանն առաջնորդում էր Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս կարմիր ծաղիկներով, կարմիր զգեստով մոտեցավ կարմիր ծաղկեպսակին, ընդունված արարողակարգային-ձեւական շարժումներն արեց՝ ուղղելով պսակի ժապավենները։ Հետո Արման Աբովյանը մոտեցավ ու հատուկ պաթոսով որոշեց մի հատ էլ ինքն ուղղել Նաիրայի ուղղած պսակի «ծուռ» ժապավենները, որ հասկացվի՝ Նառայից հետո երկրորդն ինքն է։ Մի քանի հատ էլ սելֆի-մելֆի արեցին ԲՀԿ-ականներով, «լայվ» մտան՝ ցույց տալու, որ իրենք էլ են եկել հարգելու պատերազմի զոհերի հիշատակը, ու հեռացան։
Նախորդ տարիներին Հաղթանակի այգի էր ժամանում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր թիմակիցներով, երբ դեռ խորհրդարանում էին։ Այս տարի նրանց չտեսանք Հաղթանակի այգում։ Առհասարակ, նախորդ տարիների համեմատ՝ այս տարի կարծես ամեն ինչ ավելի ձեւական էր, անշուք ու պակաս տոնական։