Վստահ եղեք՝ այդ վերջը շատ մոտ է

Վստահ եղեք՝ այդ վերջը շատ մոտ է

Երեկ դատախազության օրն էր։ Նշում էին դատախազության կազմավորման 103-րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը, շնորհավորելով, իր խոսքով ասած, այս «ծերուկ» համակարգի ծնունդը, մի սենտիմենտալ գրառում էր կատարել, որ «ամեն ինչ անցնելու է, բայց պետք է մնան ազգը, պետությունը, որոնց լինելիության գրավականը պետական ինստիտուտներն են»։

Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցը, իրականում, չկարողացավ դիմակայել ճնշումներին ու կանգնեցնել պետության, պետական ինստիտուտների կազմաքանդման պրոցեսը, ինչի հնարավորությունն ուներ։ Դավթյանը հլուհնազանդորեն պաշտպանեց իրեն այդ պաշտոնին պահողի կատարած բոլոր պետականաքանդ քայլերը՝ նախեւառաջ պահպանելով իր աթոռը։ Եվ հիմա դրա անունը դնում են՝ դատախազությունը պահպանում է պետական ինստիտուտը։

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը տեւական ժամանակ է՝ բնակվում է Մոսկվայում եւ գտնվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ, թեեւ Ինտերպոլը մերժել է նրա հետախուզումը՝ հայտարարելով, որ Կոստանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում ՀՀ իշխանությունների կողմից, երեկ մեզ հետ զրույցում նախ շնորհավորեց իր գործընկերներին՝ մասնագիտական տոնի առթիվ, բայց՝ վերապահումներով․ «Շնորհավորանքն արժանի է մի շարք դատախազների, որովհետեւ դատախազության համակարգում միշտ եղել են եւ կլինեն պրոֆեսիոնալ, սկզբունքային, հայրենիքի, պետության շահը գիտակցող դատախազներ։

Եվ ես ցանկանում եմ, որ բոլորն էդ գիտակցումն աչքի առաջ ունենալով՝ հասկանան, որ ամեն մի ապօրինի որոշում իր հետեւանքն ունենում է թե՛ յուրաքանչյուր մարդու կյանքի, արժանապատվության առումով եւ թե՛ երկրի ապագայի ու հեռանկարի»։ Կոստանյանը հիշեցրեց, թե Ադրբեջանի դատախազությունն ինչպես է այս օրերին քրեական հետապնդման ենթարկում մեր գերեվարվածներին, պաշտոնատար անձանց, այդ ամենին պետք է հակադրվի Հայաստանի դատախազության գործունեությունը, որը կզսպեր Ադրբեջանի դատախազության՝ միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող գործունեությունը, սակայն, ըստ Կոստանյանի, մեր դատախազությունը դա չի անում։

«Ցավում եմ, որ այդպես է։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, որոշ դատախազներ վերջապես կգիտակցեն իրենց պաշտոնների կարեւորությունը եւ արժեքը»,- ասաց նախկին գլխավոր դատախազը։

- Դուք շարունակո՞ւմ եք գտնվել հետախուզման մեջ՝ ՀՀ իրավապահների կողմից։

- Ես ամբողջ աշխարհում հետախուզման մեջ չեմ, եւ Ինտերպոլը, հիշում եք, մերժել է ինձ ընդհանրապես հետախուզում հայտարարել ի սկզբանե։ Այսինքն՝ ես անգամ մեկ օր հետախուզման մեջ չեմ գտնվել, որովհետեւ ե՛ւ ՌԴ դատախազությունն էր մերժել ինձ հետախուզում հայտարարել, ե՛ւ Ինտերպոլը։ Իսկ ՀՀ իրավապահ մարմինների կողմից՝ դատախազության, քննչականի, դա հետախուզում չի կարող համարվել, որովհետեւ հետախուզումը անձին հայտնաբերելու եւ Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելուն ուղղված գործողություն է, ճի՞շտ է։ Այսինքն՝ հետախուզում հայտարարվում է այն անձի նկատմամբ, ում գտնվելու վայրը հայտնի չէ, նպատակն այն է, որ անձին բերեն Հայաստան։ Հիմա, երբ իմ գտնվելու վայրը հայտնի է բոլորին, երբ որ ես ամբողջ աշխարհում հետախուզման մեջ չեմ գտնվում, եւ էն պարագայում, որ ես առնվազն 10 անգամ հայտարարել եմ, որ ֆորմալ հետախուզումը վերացրեք, ես կվերադառնամ Հայաստան, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ իրավապահ մարմինների կողմից դա հետեւողականորեն մերժվում է։

- Փաստորեն, Դուք շարունակելու եք բնակվել եւ աշխատել Մոսկվայո՞ւմ։

- Չէ, կարող է Մոսկվայում էլ չբնակվեմ, ես կարող եմ գնալ աշխարհի ցանկացած երկիր ե՛ւ աշխատելու, ե՛ւ ապրելու, մինչեւ կլուծվեն բոլոր հարցերը։ Իսկ այդ հարցերը մեխանիկորեն լուծվելու են։

- Մարդիկ հույս ունեին, որ այդ հարցերը կլուծվեին, երբ տեղի ունենար իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով, բայց Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց։

- Դա ոչ մի նշանակություն չունի, ամեն ինչ դեռ առջեւում է, ամեն ինչ իր վերջն ունի, եւ վստահ եղեք՝ այդ վերջը շատ մոտ է։

- Դուք, վստահաբար, հետեւել եք ընտրությունների ընթացքին, տեսել եք՝ ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը խոստանում, որ անպայման գալու է իշխանության, բայց դարձավ ընդդիմություն, այն էլ՝ Փաշինյանի իշխանության պարագայում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այդպես ստացվեց։

- Կարող եմ ասել, որ ինքնին այն փաստը, որ ընտրություններում 3 կուսակցություն է, փաստորեն, հաղթել, արդեն առաջընթաց է։ Ձայների հարաբերակցության մասով կդժվարանամ հիմա գնահատական տալ եւ, այդ առումով, ողջունում եմ, որ ե՛ւ «Հայաստան», ե՛ւ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմելու են Սահմանադրական դատարան։ Սա ողջունելի է, որովհետեւ դա հնարավորություն կտա՝ իրոք քննարկելու իրավական հարթության մեջ, ոչ թե զուտ հայտարարությունների մասով, թե բոլոր այն խախտումները, որոնք տեղի են ունեցել, իրականում ինչ ծավալների են, որպեսզի հանրությունն էլ իրականում պատկերացում ունենա, թե ինչ է կատարվել։ Էնպես որ, որեւէ գնահատական տալ հիմա՝ շատ վաղ է, թեեւ վստահ եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր ամբողջական պատկերացումը։ Բայց ՍԴ որոշումը դա ավելի ամփոփ կդարձնի։ Համենայնդեպս, սպասենք, տեսնենք։

- Կարծում եք՝ ՍԴ որոշումը որեւէ բան կփոխի՞։

- Ես չեմ ուզում կանխատեսում անել, դա կախված կլինի կողմերի ներկայացրած փաստարկներից, որովհետեւ մի բան է, որ դու կարող ես հայտարարել, որ տեղի է ունեցել խախտում, մի բան է, որ այդ խախտումն իրականում տեղի է ունեցել, մի բան է, որ այդ խախտումը դու կարողանաս ապացուցել։

- Ի՞նչ եք կարծում՝ իրավական ճանապարհով հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների հասնել կարճ ժամանակում։ Քոչարյանն ասում է՝ մեկուկես տարի հետո։

- Արտահերթ ընտրությունների հնարավորությունն իրավական առումով հստակ է եւ սպառիչ՝ Սահմանադրությամբ սահմանված։ Այսինքն՝ ոչ թե իրավական հիմքերի մասին է խոսքը, այլ հասարակական-քաղաքական այնպիսի զարգացումների, որոնք մեխանիկորեն կհանգեցնեն իրավական այդ գործընթացն սկսելուն։ Թե չէ՝ իրավական հիմքեր միշտ էլ կան, դրանք սահմանված են։ Բայց դա ինքնին բավարար չէ, պետք է հասարակական-քաղաքական այնպիսի գործընթացներ լինեն, որպեսզի ստեղծվի հիմք՝ այդ իրավական գործիքները կիրառելու համար։

- Կարծում եք՝ կլինե՞ն նորից այդպիսի զարգացումներ, հասարակությունը ոտքի կկանգնի՞ ընդդեմ Փաշինյանի, թե՞ կհամակերպվեն նորանոր կորուստների հետ։

- Էսպես ասեմ․ քվեարկության արդյունքներով պայմանավորված՝ ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ քվեարկության արդյունքները, իմ կարծիքով, ցույց տվեցին, որ հասարակության շատ հատվածում տեղի է ունեցել արժեքային համակարգի փոփոխություն։ Եթե երկրի անվտանգությունը, տարածքը նշանակություն չունեն, եւ նշանակություն ունեն միայն հայտարարությունները, որ ամեն ինչ շատ լավ է լինելու՝ առանց համապատասխան հիմնավորումների, եւ մարդիկ հակված են դրան հավատալու, մի քիչ դժվար է հասարակության նման հատվածի պարագայում անել ողջամիտ կանխատեսումներ։ Հետեւաբար, ես ձեռնպահ կմնամ։