Բաց քամակը դեմ է տվել աժդահա շներին, ասում է՝ կծում են․․․

Բաց քամակը դեմ է տվել աժդահա շներին, ասում է՝ կծում են․․․

Նիկոլ Փաշինյանը ի լուր հայ ժողովրդի, հայտարարում է, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռանալուց առաջ գիտեր, որ վերահաս արհավիրք էր սպասվում։ Փաշինյանն իր հայտարարությամբ հաստատում է, որ ինքը երկրի կառավարման ղեկը վերցրել է, տեղյակ չլինելով, որ Արցախին ու Հայաստանին ամեն պահ վտանգ կամ վերահաս արհավիրք է սպառնում։ Փաստորեն Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնելուց առաջ պիտի ասեր՝ սիրելի Նիկոլ, գիտե՞ս, որ Ադրբեջանը մեր թշնամին է, և նա կարող է քեզ նման բանից անտեղյակ ու թույլ ղեկավարի դեպքում «Արցախի ու Հայաստանի վրա քշել»։

Փաստորեն սա վկայություն է, որ Նիկոլն անգամ չգիտեր, որ Արցախն ու Հայաստանը վտանգի մեջ են և գերդիվանագիտական, ուժային ճանապարհով է պահվում ուժային հավասարակշտությունը։ Ու փողոցի տղայի ժարգոնով Երրորդ Նախագահին ասում է՝ ինչու՞ մի բերան չեք ասել արհավիրքի մասին։ Նրան թվում էր, թե երկրի լինելիության այն հավասարակշռությունը, որոնք պահվում էին նախկին նախագահների օրոք, դա լիարժեք խաղաղություն էր, ոչ մի վտանգ չկար և ինքը կարող էր «թրմփալ վարչապետական մեղրի կճուճի մեջ»։ Ու բանից անտեղյակ «թրմփացել է մեղրի կճուճի մեջ», չի իմացել, որ այնտեղ «բոբոներ կան»։ Եվ մեղրի կճուճն ընկած Նիկոլը, երբ հետահայաց նայում է այս ամենին, հասկանում է, որ այնտեղ «բոբոներ են եղե», բայց Սերժ Սարգասյանն իրեն չի զգուշացրել․ «Այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ինքն ասում է, որ այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին։ Եվ, հետեւաբար, սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլեւ նոր նյուանս է ավելացնում եւ վերահաստատում, ավելի ուժեղացնում է այդ գնահատականը»։

Մնում է «ակունք իմաստությանը» հարցնել՝ գոնե տեղյա՞կ էիր ապրիլյան քառօրյայից, հայոց հաղթանակներից, տեղյա՞կ էիր, թե Արցախը որտեղ է գտնվում կամ Սյունիքն ու մյուս մարզերը ևս Հայաստա՞ն են , թե՞ եկել ու քեզ թվում էր, թե միայն Երևանն է Հայաստան։ Նիկոլ Փաշինյանին նմանեցնում եմ մեր հեռավոր գյուղ տարած ուսանողական ընկերուհուս՝ անտեղյակության իմաստով։ Ես այս դեպքը պիտի պատմեմ, որովհետև նրա հայտարարությունը նույնանման ծիծաղ առաջացնող դրվագ է հիշեցնում։ 

Ինձ հետ սովորող ընկերուհուս, ով Վրաստանից էր, մեր գյուղ՝ Վաղատուր, բարեկամիս հարսանիքին էի տարել։ Գիշերը մնացինք հորեղբորս տանը։ Բակում, տնից հեռու երկու աժդահա երկու շուն կար կապած ։ Նա տեսել էր, գիտեր։ Գյուղում, գիտեք, զուգարանները դրսում էին։ Հորեղբայրս ցույց էր տվել զուգարանների տեղը։ Շները բավականին հեռվում էին կապած։ Գիշերվա կեսին աղջիկը որոշում է զուգարան գնալ և այնտեղ չհասնելու համար ավելի մոտիկ տեղ է պպզում, որտեղ տեղադրված են լինում աժդահա շների բները, և նրանք բների մեջ են լինում։ Խաղաղ, լուսնկա գիշեր, բաց քամակ։

Շները հարձակվում են բաց քամակի վրա և բառիս բուն իմաստով «ճղոտում տարածքը»։ Գիշերվա կեսին ընկերուհուս աղեկտուր գոռոցներից, վայնասունից ողջ տունը ոտքի է կանգնում։ Ոտքի է կանգնում նաև ողջ գյուղը։ Չպատմեմ, թե ինչ վիճակում գտանք նրան։ Հիմա Նիկոլն է։, Արցախ ու Հայաստան աշխարհը դեմ է տվել աժդահա շներին, ասում է՝ կծում են։ 

Բաց քամակն ընդունեք փոխաբերական իմաստով։ Բաց քամակը դարձվածք է, որը շատ է օգտագործվել մեր գրողների կողմից։ Նմանօրինակ դարձվածքներ եմ ներկայացնում՝ Ամեն մեկն իրեն հանճար է կարծում, իսկ հետո բոլորը բաց քամակներով կցրվեն։ Քամակը բաց հերն է, իհարկե կօգնի ծմակուտցիների լավությունների համար (Հրանտ Մաթևոսյան)։ Դու մի բռնակալ ես․․․ քամակը բաց մի դատարկապորտ, վատասիրտ մի բոզի զավակ (Շիրվանզադե)։ Բաց քամա՜կ շան տղերք, Մանթաշովի անվարտիք թոռներ (Հրանտ Մաթևոսյան)։