Մարդիկ թաղումների են մասնակցում` ի՞նչ քարոզարշավ

Մարդիկ թաղումների են մասնակցում` ի՞նչ քարոզարշավ

Սեպտեմբերի 25-ին որոշ համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ: Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցությունն էլ է մասնակցում Արագածոտնի մարզի Թալին համայնքի ընտրություններին: Նրանց թեկնածուն` Ալբերտ Հարոյանն այսօր հայտարարեց քարոզարշավից հրաժարվելու մասին, չնայած` քարոզարշավը դադարեցրել էին ռազմական գործողությունների օրերին: Սակայն Թալինն ամենաթեժ կետերից է, քանի որ այստեղ դաժան պայքար է գնացել նախորդ ընտրություններին եւ դրամատիկ ավարտ է ունեցել` չնայած իշխանական ճնշումներին եւ անգամ գողականներ ներգրավելուն, իշխանություններին չհաջողվեց ՔՊ-ական թեկնածուին` Տավորս Սափեյանին համայնքապետ կարգել, նրան համայնքապետի ԺՊ նշանակեցին, սակայն ավագանին ուժեղ է եւ բոյկոտում է նիստերը` կաթվածահար անելով համայնքապետարանի աշխատանքը: Այնպես որ իշխանությունը ստիպված էր նոր ընտրություն նշանակել, որ Տավրոս Սափեյանին ավելի շատ ձայներով անցկացնի: Այս անգամ էլ են մի քանի ուժեր մասնակցում Թալինի ընտրություններին եւ համայնքի կողմից մերժված Սափեյանը կարող է չհաղթահարել ցանկալի շեմն ու կրկին դժվարություններ ունենալ: Նորմալ իշխանությունն, իհարկե, հաշվի կնստեր բնակչության կարծիքի հետ, որը չնայած տոտալ ճնշումներին, մերժում է ՔՊ-ական թեկնածուին, եւ նոր թեկնածու կներկայացներ, բայց Նիկոլ Փաշինյանի` ժողովրդի ինադու քայլեր անելու վարքագիծը չի փոխվում: Կրկին Սափեյանն է իշխանությունների թեկնածուն եւ կրկին Թալինում կրքերը շիկացել են:

Ֆիրդուս Զաքարյանի խոսքով` Թալինում իրենց հիմնական մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիրն» է: Պատերազմական իրավիճակով պայմանավորված այս տարի քարոզարշավ տեղի չեն ունենում: Զաքարյանը նշեց, որ նախատեսված է եղել քարոզարշավի վերջին տասն օրերին հանդիպումներ կազմակերպել թալինցիների հետ, սակայն` մարդիկ սիրտ չունեն: «Պատերազմը կանխեց ամեն ինչ և մենք որոշեցինք հանդիպումներ չունենալ: Ինչ-որ առումով թողել ենք ընտրողների հայեցողությանը, պարկեշտ չենք համարում քարոզարշավ անելը, սակայն մարդիկ էլ մեծ հաշվով դրա սիրտը չունեն: Ով ինչ ցանել է, դա էլ հնձելու է, եթե քիչ ձայներ հավաքենք, նշանակում է, որ քիչ ենք ցանել», - ասում է նա:

Հարցին թե առանձին հանդիպումներ, քննարկումներ թալինցիների հետ չե՞ն եղել, մեր զրուցակիցն ասաց, որ նման հանդիպումներ ևս տեղի չեն ունեցել: «Շտաբը գուցե մինչև պատերազմը սկսվելն ինչ-որ հանդիպումներ կազմակերպել է, սակայն հիմա հանդիպում կազմակերպելը նպատակահարմար չենք գտնում: Անվտանգության խնդիրն այսօր ամենակարևորն է և միայն պետք է դրա մասին խոսվի: Ունենք զոհեր, վիրավորներ, մարդիկ թաղումների են մասնակցում, ավյուն չկա», - նշեց Զաքարյանը:

Մեր այն հարցին էլ, թե մարդիկ կմասակցե՞ն արդյոք ընտրություններին, կցուցաբերե՞ն ակտիվություն նման պայմաններում, Ֆիրդուս Զաքարյանն ասաց. «Կարծում եմ` այո կմասնակցեն, գուցե մեր ակնկալածի չափ չմասնակցեն, բայց կմասնակցեն, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ կա տեղական իշխանության խնդիր, որը շատ կարևոր է», - իր խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը: