Կփոխանակվե՞ն գերիները տարածքների հետ

Կփոխանակվե՞ն գերիները տարածքների հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի արդյունքում տեղի է ունեցել կենսաբանական անվտանգության հարցերի վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Խոսքն ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին է, որոնք տեղակայված են Հայաստանում (նաեւ կան Վրաստանում, Ուկրաինայում ու Ղազախստանում), եւ որոնց գոյությունը ՌԴ-ն դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

Ներկայացնելով ՌԴ-ի համար կարեւոր այդ ձեռքբերումը՝ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի «Բաքվում Երեւանի ցավը չի անցնում» հոդվածում խոսվում է նաեւ մեզ համար խիստ ցավալի՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայի մասին: Ասվում է, որ գերիներին որպես ահաբեկիչ ներկայացնող Իլհամը փորձում է նրանց վերադարձնելու դիմաց զիջումներ կորզել Հայաստանից: Իլհամը պահանջում է ռուս խաղաղապահների եւ մեր զինվորականների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Կարմիր Շուկա ճանապարհը զիջել Ադրբեջանին: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տամարը բռնած Իլհամը դա դեռեւս պաշտոնապես չի բարձրաձայնում: Երեւի վստահ է, որ կապիտուլյանտ վարչապետը ընտրություններին ընդառաջ, հանուն իր վարկանիշի բարձրացման, կկատարի այդ պահանջը: Կամ դա եղել է Իլհամի ու Նիկոլի միջեւ բանավոր պայմանավորվածությունների շարքում, եւ Իլհամն ուղղակի սպասում է դրա կատարմանը՝ թույլ տալով պահանջի արտահոսք:

Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Նիկոլին, հասկանում են, որ Նիկոլը կգնա դրան: Նա թքած ունի թե՛ այդ ճանապարհի եւ թե՛ Արցախի վրա ընդհանրապես: Եվ, դժբախտաբար, ինքն այդ հարցում միայնակ չէ: Նրան աջակցում է թե՛ Ազգային ժողովում «ուսապարկերի», թե՛ այդ կառույցից դուրս գտնվող իր աջակից զոմբիների բազմությունը եւ թե՛, բնականաբար, գերիների հարազատները:

Սակայն խնդիրն այն է, որ դա հարցի լուծում չէ: Եվ դա գիտակցում են բոլորը՝ բացառությամբ վերը նշված խմբերի: Որովհետեւ Իլհամը կարող է կազմակերպել սադրանք Արցախի եւ Հայաստանի հետ սահմանի ցանկացած հատվածում, գերեվարել քաղաքացիական թե զինվորական արցախցիների ու հայաստանցիների ու կրկին տարածքային պահանջներ դնել նրանց վերադարձնելու դիմաց: Եվ Նիկոլը, եթե նա, Աստված չանի, պահպանի իշխանությունը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կրկին կկատարի Իլհամի պահանջները: Ինչպես ասվում է՝ ախորժակն ուտելիս է բացվում: Վերհիշենք Չեխոսլովակիայի՝ գերմանացիներով բնակեցված Սուդետական մարզը բռնակցելու Ադոլֆ Հիտլերի պահանջի կատարման գործընթացը: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իտալիան 1938 թ.-ին բավարարեցին այդ պահանջը, իսկ մեկ տարի չանցած՝ Չեխոսլովակիա անկախ պետությունը դադարեց գոյություն ունենալուց:
Ի դեպ, երբ գերիների հարազատները կռիվ էին տալիս ՀՀ ՊՆ դարպասների մոտ՝ փորձելով հանդիպել նախարարի հետ, նրանք լրագրողներից պահանջում էին չխառնվել այդ գործընթացին:

Բացատրությունը տիպիկ հայաստանյան էր՝ «Մեր պայքարը քաղաքական չէ»: Իհարկե, եթե քո հարազատը գերի է ադրբեջանցիների ձեռքում, ու դու գիտես, թե դա ինչ է նշանակում, ապա մնացածը նշանակություն չունի քեզ համար: Եվ նույնիսկ այն, որ պետական պահպանվող տարածքի, այն էլ զինվորական զորամասի կարգավիճակ ունեցող գերատեսչության դարպաս ջարդելն արդեն թե՛ քաղաքական պահանջ է եւ թե՛ քրեական հանցանք: Սակայն նույնիսկ դա չէ կարեւորը. կարեւորն այն է, որ Իլհամի կողմից գերի վերադարձնելու պայմանն ավելի քան քաղաքական է՝ տարածքի զիջում: Իսկ դա նշանակում է, որ նման երեւույթից խուսափելու համար անհրաժեշտ էր ոչ թե նախարարի հետ հանդիպելու պահանջ դնել, որը, ի դեպ, ոչինչ անել չէր կարող ի սկզբանե, այլ պայքարել հանուն վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի հեռացման:

Դրա հաջողության դեպքում երկրում կկազմավորվեր այնպիսի մի իշխանություն, որն Իլհամին կհասկացներ, որ գերի պահելը ձեռնտու չէ, քանի որ որեւէ տարածք նրանց վերադարձի դիմաց ինքը չի ստանա: Եվ նոր իշխանության նման դիրքորոշումը թույլ կտար հարցի լուծման համար օգտագործել արեւմտյան երկրների պահանջը գերիների վերադարձի առումով: Այն, ինչը, ինչպես երեւում է, ի վիճակի չէ անել Նիկոլը: 

ՀԳ. Ի դեպ, գերիների վերադարձի թեման վերը նշված հոդվածում տեղակայված է «Սակարկությունները տեղին են» ենթավերնագրի ներքո, ինչը նշանակում է, որ «տարածքներ՝ գերիների դիմաց» փոխանակումը հոդվածագրի կողմից ընկալվում է որպես պարզ սակարկություն, եւ, որ ավելի կարեւոր է, այն գնահատվում է որպես հնարավոր տարբերակ: Այսինքն՝ հոդվածի հեղինակը (Վլադիմիր Սոլովյով) եւս կարծում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը հանգիստ կարող է գնալ այդ գործարքին: