Մանավանդ Հադրութի թեմայով հիմքեր կան դիմելու ՄԻԵԴ․ Ա․ Ղազարյան

Մանավանդ Հադրութի թեմայով հիմքեր կան դիմելու ՄԻԵԴ․ Ա․ Ղազարյան

Փետրվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդագրություն էր տարածել, որ ստացել է «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործերով ամբողջական դիմումները, որոնք առընչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին։

Դատարանը նաև նշել է, որ «Ադրբեջանը լրացուցիչ պնդում է, որ Հայաստանը պատասխանատու է 1992 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում Կոնվենցիայի խախտումների համար, ներառյալ՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիներին իրենց տներից ու գույքից տևական տեղահանման համար; առանց պատշաճ հետաքննության Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի և անհետացման համար; ու մշակութային ու կրոնական գույքի ոչնչացման համար»:

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմի այս հավելյալ դիմումը, որը կապված է ԼՂ 1990-ականների պատերազմի հետ, չի ընդունվի, կմերժվի։

«Ընդունելիության չափանիշներից մեկն այն է, որ պետք է 6 ամսվա ընթացքում ներկայացվի խախտումը։ Իսկ Կոնվենցիան Ադրբեջանի կողմից վավերացվել է 2002-ին, այսինքն՝ 2002-ից սկսած 6 ամսվա ընթացքում պետք է ներկայացներ։ Նման գործ 2005-ին ներկայացրեցին։ Այն ժամանակ դատարանում բանավեճ առաջացավ, թե «ինչու են 3 տարի սպասել, նոր ներկայացրել փախստականների թեմայով դիմում»։ Այն ժամանակ իրենք [Ադրբեջանի ներկայացուցիչները] ասացին , որ «Մինսկի խումբ կար, մենք կարծում էինք, որ Մինսկի խումբը գործընթացը [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը] կհասցնի խաղության պայմանագրի։ Հույսով սպասում էինք, և մեր հույսերը հօդս ցնդեցին։ Եվ մենք որոշեցինք 2005-ին բերել»։ Հիմա պատկերացրեք, 15 տարի հետո գանգատը բերում են, պարզ է, որ ՄԻԵԴ-ը դա մերժելու է»,- պարզաբանեց նա։

Ճշգրտող հարցին՝ «այսինքն՝ ադրբեջանցիները 2005-ին էլ էին բողոք ներկայացրել «տեղահանվածների վերաբերյալ» և մերժո՞ւմ էին ստացել, պատասխանեց, որ այո, դա հայտնի գործն է։ «Չիրագովի գործն է [«Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի»]։ Շատ հայտնի դատական ակտ է։ Դրա հակապատկերն է «Սարգսյանի գործն ընդդեմ Ադրբեջանի»։ Այս գործերով Մեծ պալատը որոշում էր կայացրել։ Ուզում եմ ասել, որ հատուկ տերմին կա դրա համար՝ «actio populiaris»։ Այսինքն՝ դա ավելի շատ տպավորություն ստեղծելու համար է բերվում՝ որոշելով ինչ-որ հակակշիռ ստեղծել մեր իսկապես անհետ կորածների վերաբերյալ մեր պնդումներին։ Մի խոսքով, այդ հիմքով մերժվելու է, 1991-94 թվականների դեպքերի հիմքով մերժվելու է։ Դրան կարելի է ուշադրություն չդարձնել»,- ընդգծեց Արա Ղազարյանը։

Միջազգային իրավունքի մասնագետը նաև հավելեց․ «Դուք միշտ մի բան հիշեք։ Սա Մարդու իրավունքների դատարան է։ Դատարանը չի զբաղվելու Ղարաբաղի անկախության հարցերով, քաղաքական տարբեր վիճահարույց խնդիրներով, բացառությամբ՝ մարդը դիտարկվում է մարդու իրավունքների տեսանկյունից»։

- Դուք նշեցիք, որ Կոնվենցիայի վավերացումից հետո Ադրբեջանը 6 ամսվա ընթացքում պետք է դիմած լիներ գույքից, տներից տեղահանման թեմայով։ Հիմա ուզում եմ հասկանալ, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարածքներից եղան հայ փախստականներ, գույքը մնաց ադրբեջանական վերահսկողության տակ։ Եթե նմանատիպ հիմքերով՝ տներից ու գույքից տեղահանություն, հայկական կողմը բողոք ներկայացնի, հաջության հասնելու հնարավորություններ կա՞ն։

- Այո, կա, ընդհանուր հիմք կա։ Ուղղակի պետք է որոշ անհատական մոտեցումներ լինեն։

- Հաշվի առնելով, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ՝ արդյունք կտա՞։

- Բավականին բարդ իրավական հարցեր կան։ Ես չեմ կարող մեկ հարցազրույցով, ոտքի վրա ներկայացնել։ Բայց ընդհանուր առմամբ հիմք կա։ Ուղղակի որոշ գործեր կարող են այդ ֆիլտրով անցնել, որոշները՝ ոչ։ Որոշ գործեր կարող են ինչ-ինչ չափանիշների չհամապատասխանել։ Բայց ընդհանուր առմամբ, մանավանդ Հադրութի թեմայով, մանավանդ Ղարաբաղի տարածքի թեմայով հիմքեր կան դիմելու, ոչ թե օրինակ՝ մյուս տարածքների [ոչ ԼՂԻՄ տարաքների]։

- ԼՂԻՄ-ը նկատի ունե՞ք։

- Այո, այստեղ շատ հիմնավոր հայցեր կան գույքային իրավունքի իմաստով։ Հիմնականում հետևյալ ձևակերպմամբ՝ «գույքից անարգել օգտվելու իմաստով»։ Այսինքն՝ օրինակ մարդը ուզում է գնալ աշխատացնել իր գործարանը, օրինակ՝ «Կատարոն» [գինեգործարանը Հադրութի շրջանի Տող գյուղում է, որը պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ], չի կարող, որովհետև Ադրբեջանի զինվորականները թույլ չեն տա։ Ստացվում է, որ ինքը չի կարողանում իր գույքից օգտվել։ Դա մի բան։ Մյուսն օրինակ՝ Քելբաջարի շրջանի մարդիկ, ովքեր իրենց տներն այրել-գնացել են, այստեղ արդեն մի քիչ բարդ իրավիճակ է, որովհետև Ադրբեջանը հաստատ կասի․ «Ո՞վ իրենց ասեց թողնեն-գնան, թող չգնային, թող մնային, մեզ հետ ապրեին»։ Ինչպես հիմա Ալիևն է ասում։ Այստեղ արդեն պետք է ամբողջ ենթատեսքստը բացատրել, որ «Ինչպե՞ս մնան, ձեզ հետ ապրեն, երբ որ դուք տարիներ շարունակ հայատյաց քաղաքականություն եք ներկայացնում»։ Սա արդեն վիճելի հարց է, բայց այնտեղ, որտեղ բլոկպոստ կա, օրինակ՝ Շուշին բլոկպոստ է։ Հիմա Շուշիի բնակիչը, պարզ է, չէ՞, չի կարող գնալ Շուշի, և օգտվել իր տնից, ապրել իր տանը։ Ուզում եմ ասել, որ այստեղ հստակ բարդության խնդիր կա։ Մի տեղ՝ զինվորը թույլ չի տա։ Մի տեղ էլ արդեն վիճելի հարց կա, որովհետև մարդն իր կամքով ելել-գնացել է, բայց պարզ է, որ նա չէր կարող մնալ, որովհետև համակեցության պայմաններն Ադրբեջանը չի ապահովելու, որովհետև էթնիկ զտում է իրականացրել 3 տասնամյակ շարունակ։ Այդտեղ արդեն խնդիրը մի քիչ բարդանում է։

2002 թվականի ապրիլի 15-ին ի պահ տրված վավերացման [Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վավերացման] փաստաթղթում Ադրբեջանի անունից հատուկ հայտարարություն նշված․ «Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ ի վիճակի չէ երաշխավորել Կոնվենցիայի դրույթների կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից օկուպացված տարածքներում [Ադրբեջանը նկատի է ունեցել ԼՂԻՄ և հարակից շրջանների նկատմամբ հայկական վերահսկողությունը 1990-ականների պատերազմի հետևանքով], մինչև այս տարածքները չազատվեն այդ օկուպացիայից»։

Իսկ թե ինչ է նշանակում սա, Ղազարյանն ասաց, որ դա դեկլարացիա է, որի իրավունքը պետություններն ունեն․ ««Հայաստանի կողմից օկուպացված» տարածքներն իրեն հասանելի չէին [2002-ի դրությամբ]։ Հետևաբար ինքը չի կարող ապահովել Կոնվենցիայով սահմանված իրավունքների իրականացումը»։

- «Կատարոյի» դեպքը նշեցիք, այլ դեպքեր նաև, որ Ալիևն ասում է․ «Կարող են գալ, ապրել»։ Այսինքն՝ Ադրբեջանի այս դեկլարացիան նշանակո՞ւմ է նաև, որ, օրինակ՝ դիմում ենք, հաղթում ենք դատարանում, ՄԻԵԴ-ը պահանջ ներկայացնի «Կատարոյի» հետ կապված, այս դեպքում Ադրբեջանը կարո՞ղ է չկատարել։

- Ոչ դրանք նոր դեպքերն։ Ադրբեջանն ասում է 1991 թվականի դրությամբ, 2002 թվականի դրությամբ [Կոնվենցիայի կիրառելիության հնարավորությունը 2002 թվականի դրությամբ], որ մատչելի չեն [այդ տարածքները]։ Բայց արդեն, ենթադրենք, 2020 թվականի հոկտեմբերի կեսից, երբ որ Ադրբեջանը սկսեց վերահսկել Հադրութի շրջանը, իր վերահսկողության տակ է այդ տարածքը։ Ինքը պարտավոր է թույլ տալ, որ սեփականատերը վերադառնա և օգտագործի իր գույքը, բայց ինքը թույլ չի տալիս։