Էդ արթնության պահն ա ֆիքսվում, որ քաղաքացու օրն ա

Էդ արթնության պահն ա ֆիքսվում, որ քաղաքացու օրն ա

Նոր իշխանությունները որոշել են ապրիլի 23-ը հռչակել Քաղաքացու օր՝ դա Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն է։ Այս տեղեկությունն իշխանականների մի մասը հերքում է, թե կեղծ օրակարգ է, մի մասը՝ հաստատում, մի մասն էլ քննարկում է ու կարծիք հայտնում։ Վարչապետի խոսնակը հաստատել էր, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հերքել։ «Իմ քայլի» պատգամավորները երեկ մեզ իրարամերժ տեսակետներ հայտնեցին։ Գայանե Աբրահամյանը, օրինակ, հայտարարեց, որ նման բան չկա, դա կեղծ օրակարգ է։ «Մենք չենք քննարկել։ Էն, որ մարդ ա մի բան բստրում ա․․․ կեղծ օրակարգը ստեղծում են, հետո սկսում են գեներացնել, հետո հարցեր տալ էդ կեղծ օրակարգերի շուրջ․․․»,- ասաց նա։ Նրան շարունակեց նույն խմբակցությունից Քրիստինե Պողոսյանը․ «Հենց կքննարկվի, դու կգաս, խոստանում եմ՝ դու կգաս, առաջինը ես կարծիք կարտահայտեմ․․․ մենք կեղծ օրակարգերին վաղուց չենք անդրադառնում»։


Ամեն դեպքում՝ փորձեցինք «կեղծ օրակարգը» անկեղծացնել մի քիչ՝ մեզ Քաղաքացու օր պե՞տք է, թե՞ ոչ, ՀՀ քաղաքացին իր համար առանձին օր պե՞տք է ունենա, ի վերջո։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն ունի պետություն, որտեղ ինքն իշխանություն ա ընտրում, ինքը խորհրդարան ա ընտրում։ 365 օրը քաղաքացու օր ա երկրում, ամեն օր քաղաքացու օր ա»,-շարունակեց թեման զարգացնել Քրիստինե Պողոսյանը։

- Հանրապետականներն է՞լ կարող են նշել այդ օրը։

- Ինչի հանրապետականները քաղաքացի չե՞ն։

- Հա, բայց իրենք նախորդ իշխանությունից էին, որի օրոք քաղաքացին այդքան մեծ արժեք չուներ։

- Տեսեք, Քաղաքացու օր ա, Հանրապետականն էլ, «Բարգավաճն» էլ, «Օրինացն» էլ գնում ա ընտրության ու կատարում ա իր ընտրությունը՝ դեմ կամ կողմ։

- Միայն ընտրությա՞մբ է որոշվում Քաղաքացու օրը։

- Ինչպե՞ս է իրականացվում ժողովրդի իշխանությունը՝ ուղիղ ընտրության միջոցով։ Եթե քաղաքացին ունի էսօր հնարավորություն ուղիղ ընտրության միջոցով ընտրել կամ չընտրել, եւ իր ձայնը չկեղծվի, բա ուրիշ էլ ի՞նչ տարբերակ կա։ Նշանակում ա՝ 365 օրն էլ քաղաքացու օր ա։ Իսկ եթե հատուկ օր որոշվի նշել, կքննարկենք՝ գուցեեւ հանրության պահանջով պետք լինի, որ ինչ-որ մի օր լինի քաղաքացու օր։

- Պարզապես արդեն հեգնում են, ծաղրում են, որ այլ օրեր էլ պետք է մտցնեն՝ Նիկոլի սելֆիի ձողիկի օր, Նիկոլի թրաշի օր, քայլելու օր եւ այլն․ սրան ինչպե՞ս եք վերաբերվում։

- Մարդիկ ազատ են, հումոր են անում, հումորը սահման չունի, հումորը ռասայական սահմաններ չունի, կուսակցական էլ չունի, հումոր ա, ի՞նչ ա եղել։

Նրա գործընկեր Արփի Դավոյանն էլ մեր հարցին, թե պե՞տք է Հայաստանն ունենա ՀՀ հպարտ քաղաքացու օր, նախ մի կերպ զսպեց ծիծաղը, ապա լրջացրեց թեման ու արտահայտեց իր կարծիքը, որ Քաղաքացու օրվա վերաբերյալ իր դիրքորոշումը բավականին դրական է, բայց պետք է հասկանալ, թե դա ինչ հիմնավորումներով է ընդունվում, ինչ է դրվում դրա տակ որպես գաղափար։ «Այսինքն՝ ոչ մի օր ինքնանպատակ չի ընդունվում»,-ասաց նա։

- Ենթադրաբար, դրա տակ դրվելու է այն գաղափարը, որ քաղաքացին իրականացրեց հեղափոխություն, եւ դա պետք է ինչ-որ կերպ ամրագրվի։

- Քաղաքացին, ըստ իմ պատկերացման, քնած ա եղել, ինքը ոնց որ արթնության․․․ այսինքն, երբ որ մարդիկ հասկացան, որ իրանք կարան ինչ-որ բան անեն, էդ արթնության պահն ա ֆիքսվում, որ Քաղաքացու օրն ա։ Տենց ինչ-որ մի բան, էլի, չգիտեմ։

- Պարզապես հիմա արդեն հեգնում են այդ գաղափարը, թե Նիկոլ Փաշինյանի օր պետք է լինի, սելֆիի ձողիկի օր եւ այլն․․․ մի տեսակ այդ գաղափարն արժեզրկվում է։

- Կակռազ՝ գաղափարը չի արժեզրկվում, կարժեզրկվեր էն դեպքում, երբ որ մենք քայլարշավի ժամանակ քայլում էինք ու ամեն օր մի հատ ծառ էինք տնկում, այդ ծառն ինչ-որ անունով էինք կոչում, կարժեզրկվի էն դեպքում, երբ որ օրումեջ էդ ցուցանակներից մեկի անունը վերցնենք ու էդ օրը հռչակենք։ 

- Քաղաքացու օրը որ սահմանվի, բոլոր քաղաքացիները կարո՞ղ են լիարժեք դա իրենց օրը համարել՝ ՀՀԿ-ականները, «ռոբերտասերժական» կլանի ներկայացուցիչները, մենք՝ «փիս» լրագրողներս․․․

- Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն էլ կարող են համարել դա իրենց օրը։

- Որոնք հեղափոխություն չեն արել ու նույնիսկ հակահեղափոխականներ են, մամուլի ներկայացուցիչները, որոնք ձեր մասին մեկ-մեկ վատ բաներ են գրում, նրա՞նք էլ։

- Ինչի մամուլի ներկայացուցիչներն այլ երկրի քաղաքացինե՞ր են։ Կամ հակահեղափոխականները ՀՀ քաղաքացինե՞ր չեն։

- Այսինքն՝ մոնոպոլիա, անհավասարություն չի լինելու այդ հարցում քայլածների ու չքայլածների միջեւ։

- Իսկ ինչի մինչեւ հիմա մոնոպոլիա՞ կա։

- Այս պահի՞ն։ Չգիտեմ, գուցե շաքարի ոլորտում դեռ պահպանվել է։

- Չէ, Դուք հարցը մի շեղեք, իմ հարցին պատասխանեք, կոնկրետ քաղաքացիների մոնոպոլիա կա՞։

- Մի քիչ, ինձ թվում է, հեղափոխություն արած քաղաքացիներն ավելի դոմինանտ դիրքերում են մյուսների նկատմամբ։

- ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներն արել են հեղափոխություն։