Հայաստանում ցեց կա ընկած, օտար երկրի գործակալները մխրճվել են մեր պետության մեջ. Մխիթար Հարությունյան

Հայաստանում ցեց կա ընկած, օտար երկրի գործակալները մխրճվել են մեր պետության մեջ. Մխիթար Հարությունյան

«Հրապարակի» զրուցակիցն է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Մխիթար Հարությունյանը:

- Պարո՛ն Հարությունյան, այս օրերին զորավարժություններ են սկսվել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Որքանո՞վ է հավանական նոր պատերազմի վերսկսման վտանգը: 

- Հայ-թուրքական պատերազմը սկսվել է հազար տարուց ավելի, եւ կարծում եմ այդքան էլ կգնա: Այդ ընթացքում ունեցել ենք ե՛ւ հաղթանակներ, ե՛ւ պարտություն: Ով կմտածի, որ հայ-թուրքական պատերազմը ավարտվել է, թող էդպես մտածի, բայց հասարակությանը չխաբի: Հասարակությունը պետք է իմանա, որ պատերազմը մի կողմի ամբողջական պարտությունով կլինի: Կարծում եմ,  մենք երբեւիցէ ամբողջական պարտություն չենք կրի, բայց ունենք հնարավորություն պարտադրելու խաղաղություն, իսկ այդ հնարավորությունը՝ ուժեղ լինելն է: Թուրքիան տարածաշրջանի ազգերին կոտորելով, պետություն ոչնչացնելով, իրենց ագրեսիվ զավթողական քաղաքականությամբ, բոլոր հարեւան երկրների հետ խնդիրներ ունի: Եթե կարողանան բոլորը միասին հակաթուրքական կոալիցիա ձեւավորել, ապա կկարողանան մասնատել Թուրքիային: Կարծում եմ հիմա կստացվի: Մինչեւ այժմ չի ստացվել գերտերությունների հակամարտությունների, սառը պատերազմի, թուրքական դիվանագիտության մանեւրելու ունակության հաշվին: Այսինքն՝ թուրքերի հետ խաղում է ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Ամերիկան: Բայց կարծում եմ, որ կարող ենք մենք վերագտնել եւ ճիշտ դիվանագիտական հարաբերություններով   մասը կազմենք հակաթուրքական կոալիցիայի: 

- Հայաստանում տիրող իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում:

- Հեղափոխության մեջ ոչ մի փոփոխություն չունեցանք, բացի անձերի փոփոխությունից: Հեղափոխությունը միավորեց մարդկանց, իսկ ամենասարսափելին այդ ընթացքում այն հնչող կարծիքն էր, որ աստված չանի հանկարծ հիասթափվի մեր հասարակությունը այս միավորվելուց հետո: Եվ դա տեղի ունեցավ: Երբ որ մի տեղ որթ է ընկնում, որդը  իր անցնող տեղը կարող է փչացնել, բայց որ մի տեղ ցեց է ընկնում, ամբողջական փոշիացնում է ամեն ինչ: Հայաստանում ցեց կա ընկած, օտար երկրի գործակալները մխրճվել են մեր պետության մեջ, եւ քայքայում են Հայաստանը: 

Այս պահին մեզ  համախմբվել է պետք, բանակը ուժեղացնել է պետք, բայց եթե մենք բանակը  ու պետությունը  հզորացնենք, բայց ունենանք նույն գործակալները, պատկերը նույն է լինելու: Կործանման եզրին ենք կանգնած: Ժողովրդավարություն, որ ասում են, շատ լավ բան ա ժողովրդավարությունը: Մենք երբեմն ժողովրդավարությունը այն աստիճանի ենք շահարկել, որ այս պահին չգտենք, ժողովրդավարությունը մեր գլխին որպես սուր է կախված, թե մեր փրկությունն է: Հատկապես պատերազմից առաջ մեր ղեկավարները հույսները դրել էին ժողովրդավարության տրամաբանության վրա, հաշվի առնելով, որ մենք ի տարբերություն Ադրբեջանի՝ ավելի ժողովրդավար ենք եւ միջազգային հանրությունը մեզ կպաշտպանի: Տեսաք ի՞նչ եղավ:

- Առաջիկայում արտահերթ ընտրություններ են լինելու, դո՞ւք  մասնակցություն կունենաք ընտրական գործընթացին: 

- Ընտրությունների մասին ես մի բան կասեմ, բոլորը բոլորին կասկածում են, ում ձեռն եղավ հնարավորությունը կեղծելու՝ նա կեղծելու է: Դրա համար ոչ մեկ չի ուզում, ոչ մեկի մոտ թողել այդ հնարավորությունը: Ոչ մի ձեւի երաշխիք չկա, որ չի կեղծելու նա, ով ունեցավ կեղծելու հնարավորություն: Ո՛չ երդում, ո՛չ խոստում, ո՛չ էլ օրենքով երաշխիք չկա: Դա պայմանավորված է նրանով, որ 95 թվականից մեր պետության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրությունները կեղծվել են: Հայաստանում չկա կամարտահայտություն, կա կամայականության հնարավորություն: 
Ես կարծում եմ, որ բոլոր ազնիվ մարդիկ պետք է քաղաքական գործընթացներին խառնվեն: Նախկինում ստոր քաղաքական գործիչները չպետք է խառնվեն քաղաքական գործընթացներին: Քաղաքական դաշտը պետք ա դառնա մարդության մտքի,գաղափար վարվելակերպի գործողությունների հարթակ: Հիմա քաղաքական դաշտում ցենզուրա գոյություն չունի, ով ինչ ձեւով հնարավոր է դիմացինին վարկաբեկում է, վիրավորում է, անգամ թուրք են ասում: Քաղաքական դաշտը պետք է կեղծիքից, քծնանքից, սրիկայությունից ձերբազատվի, որպեսզի լինի փրկություն:

Մանրամասն՝ տեսանյութում