ԱԱՏՄ 4 ստորաբաժանումներից միայն մեկն է այսօր կատարում վերահսկողական իր գործառույթները

ԱԱՏՄ 4 ստորաբաժանումներից միայն մեկն է այսօր կատարում վերահսկողական իր գործառույթները

Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի 4 ստորաբաժանումներից միայն մեկն է այսօր կատարում վերահսկողական իր գործառույթները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ԱԱՏՄ ղեկավար Էմին Ավետիսյանը մարտի 31-ին ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Սա ԱԱՏՄ ղեկավար պաշտոններում 2-րդ պաշտոնանկությունն է վերջին 6-7 ամիսներին։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարար Արսեն Թորոսյանի հետ անհաղթահարելի տարաձայնություններ ունեցող ԱԱՏՄ պետ Էդգար Խուրշուդյանը պարտվեց․ Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի լոբբինգի արդյունքում նրան աշխատանքից ազատեց 2019-ի օգոստոսի 5-ին։ Իսկ սրված հարաբերությունների պատճառը, ինչպես հիշում ենք՝ այն էր, որ ԱԱՏՄ ղեկավարը համարձակվել էր Թորոսյանի «Գարդասիլի» պատվաստման դեմ արտահայտվել։ ԱՆ իրավաբանական վարչության նախկին պետ (Ալթունյանի ու Արսեն Թորոսյանի՝ օրոք՝ կարճ ժամանակահատված աշխատած) Էմին Ավետիսյանի անունը ևս շրջանառում էր որպես Խուրշուդյանի հնարավոր փոխարինող դեռ օգոստոսի 1-ի դրությամբ, երբ Խուրշուդյանը դեռ աշխատում էր, բայց Ավետիսյանն այս ժամանակահատվածում լինելով մարմնի փաստացի ղեկավարն ու ԺՊ-ն՝ ԱԱՏՄ ղեկավարի մրցույթին չմասնակցեց, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն 2 ամիս անց Ավետիսյանի նկատմամբ կիրառեց կարգապահական տույժ՝ «Ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար»։ 

Երեկ հայտնի դարձավ, որ Էմին Ավետիսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին ու իր աշխատակազմին՝ իր ազատման որոշումը բողոքարկելով դատարանում։ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալին հարցրեցինք, թե ինչի համար էր այդ կարգապահական տույժը։ Ասաց, որ հոկտեմբեր ամսին՝ իր անմիջական ղեկավարին՝ ԱԱՏՄ ղեկավարին վարչապետի կողմից տրվել է հանձնարարական՝ բացատրություն պահանջել իր տեղակալից՝ Էմին Ավետիսյանից այն մասին, թե ինչու է նա ԱԱՏՄ աշխատակիցներից մեկի նկատմամբ վարչական տույժ կիրառել օգոստոս ամսին՝ լինելով պետի ԺՊ։ Էմին Ավետիսյանի խոսքով՝ ինքը բացատրությունը ներկայացրել է, սակայն իր ղեկավար Հակոբ Ավագյանն այն ուշացրել է, ինչի պատճառով իր նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։ Այդ աշխատակցի անուն, ազգանունը և կուսակցական պատկանելությունը՝ արդոք ՔՊ-ակա՞ն է, ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը հրաժարվեց ասել։ Նույնը Էմին Ավետիսյանն ասաց իր ազատման պատճառի մասին։ Այն է՝ վարչապետին ներկայացվել է սխալ տեղեկատվություն։ Թե ինչ՝ չի կարող ասել, քանի որ վարչապետի որոշման մեջ որևէ հիմք նշված չէ։

«Իրավական ակտն ընդունելիս դրանում պետք է հիմք նշված լինի, իսկ կոնկրետ ինձ ազատելու որոշման մեջ որևէ իրավական հիմք նշված չէ, որը պարտադիր է յուրքանչյուր աշխատողին աշխատանքից ազատելիս»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Էմին Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ գրված է․ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից», իսկ Խուրշուդյանն էլ ազատվել էր նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ն մասով։ Հարցրեցինք՝ բա սա ի՞նչ է, հիմք չէ՞։ Էմին Ավետիսյանի մեկնաբանությամբ՝ դա նորմն է․«Տեսչական մարմինների մասին 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչապետը նշանակում կամ ազատում է տեսչական մարմնի ղեկավարին ու տեղակալներին»։ Բացի այդ, որևէ հրամանում կամ որոշումում, մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ պետք է նշված լինի հիմքը․ ազատում՝ գործատուի նախաձեռնությա՞մբ, թե՞ աշխատողի։ Եթե օրինակ՝ լիներ աշխատողի նախաձեռնությամբ, ապա պետք է լիներ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ սեփական դիմումի համաձայն։ Բայց ակնհայտ է, որ սա գործատուի նախաձեռնությամբ է ու այս դեպքում՝ ԱՕ-ն սահմանում է 15 կետ, որը հիմք է տալիս գործատունին աշխատանքից ազատել աշխատողին առանց նրա համաձայնության։ Բացի այդ, քանի ԱԱՏՄ ղեկավարի պաշտոնը համարվում է վարչական պաշտոն «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ նշվում է ևս երկու հիմք։ 

Մասնավորապես, անմիջական ղեկավարի փոփոխություն և քաղաքական ուժերի վերադասավորման դեպքում՝ մեկ ամսվա ընթացքում։ Իրականում՝ սրանք ըստ Ավետիսյանի՝ չկան։ Եվս մեկ հարց՝ իսկ հնարավո՞ր է, որ իր հեռացումը ևս, ինչպես Խուրշուդյանի պարագայում, պայմանավորված է Արսեն Թորոսյանի ինտրիգներով։ ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը կարծում է, որ ոչ, ոչ էլ կարծում է, որ Թորոսյանը կարող էր միջամտած լինել ԱԱՏՄ աշխատանքներին։ «ԱԱՏՄ -ն կառավարությանը ենթակա մարմին է, իսկ Առողջապահության նախարարը որևէ լիազորություն չունի՝ բացի նրանից, որ հանդիսանում է խորհրդի անդամ։ Արսեն Թորոսյանը որպես խորհրդի նախագահ միջամտել է էն ժամանակ, երբ քննարկվել է իմ նշանակման հարցը և կողմ է քվեարկել»,-ասաց Էմին Ավետիսյանը։ 

Եվս մեկ հարց՝ «բայց Ձեզ համարում էին իր մարդը»։ Էմին Ավետիսյանն ասում է, որ Արսեն Թորոսյանի օրոք նախարարությունում աշխատել է որպես իրավաբանական վարչության պետ, ինչով էլ պայմանավորված են այդ խոսակցությունները։ Իսկ ազատվելուց հետո խոսե՞լ է Թորոսյանի հետ։ Պարզվեց՝ ո՛չ Թորոսյանը, ո՛չ ինքն իր ազատումից հետո միմյանց հետ կապ չեն հաստատել․ «Պարոն Թորոսյանը եղել է իմ անմիջական ղեկավարը» և որ որևէ խնդիր նրա հետ չի ծագել։ Իսկ ի՞նչ հույսեր ունի՝ դատի տալով Նիկոլ Փաշինյանին՝ ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալն ասաց, որ մի փոքր թյուրըմբռնում կա՝ ինքը դատի չի տվել Նիկոլ Փաշինյանին ու իր աշխատակազմին, այլ հայց է ներկայացրել վարչապետի կողմից ընդունված որոշման դեմ։ Հավատո՞ւմ է, որ Հայաստանում կարող է դատարանի միջոցով հաղթել վարչապետին, Էմին Ավետիսյանը դրական պատասխան տվեց՝ ասելով․ «Եթե չհավատայի, հայց չէի ներկայացնի ու չէի դիմի դատարան։ Ես հուսով եմ, որ շատ բան է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ապրում ենք իրավական երկրում, իսկ իրավական երկրում պետք է գործեն օրենքները, ոչ թե կոնկրետ անձանց սրբությունները։ Ես հավատում եմ»։ Դտական նիստի մասին ծանուցում դեռ չի ստացել։ 

Հ․Գ․ Հարցին, էլ թե կորոնավիրուսի պայմաններում ԱԱՏՄ-ն ինչո՞վ էր զբաղված, Ավետիսյանն ասաց․«Հիմնական գործառույթներն իրականացնողը պետք է լիներ տեսչական մարմինը՝ ԱԱՏՄ-ն։ Մասնավորապես, վերահսկողություն պետք է իրականացներ բոլոր միջոցառումների նկատմամբ, մեթոդական ղեկավարում պետք է իրականացներ բոլոր վերահսկողական աշխատանքների նկատմամբ։ Ինչը, իրականում, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով՝ չի իրականացվել ու մինչ այժմ չի իրականացվում»։ Ինչո՞ւ։ Էմին Ավետիսյանն ասաց, որ օբյեկտիվը կարող է լինել մարդկային ռեսուրսների պակասը (հարցն առաջարկեց ուղղել ԱԱՏՄ գործող ղեկավարին), իսկ սուբյեկտիվի մասին՝ լռեց։ Միայն ասաց, որ տեսչական մարմինն ունի մասնագիտական ստորաբաժանում, որոնցից միայն մեկ բլոկն է այսօր իրականացնում վերահսկողություն։ Մասնավորապես, աշխատողների առողջության ու անվտանգության վերահսկողության վարչությունը՝ սուպերմարկետներում։ Մնացած այլ վայրերում, որտեղ այդ վերահսկողությունը պետք է իրականացվեր, նրա խոսքով՝ չի իրականացվում։