Ի՞նչ խնդիրներ է առաջացրել դպրոցի տնօրենների ընտրության նոր կարգը

Ի՞նչ խնդիրներ է առաջացրել դպրոցի տնօրենների ընտրության նոր կարգը

Դպրոցների կառավարման նոր համակարգով՝ պլանավորվում է դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ։ Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում են հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Սակայն կարգի կիրարկման ընթացքում պարզվել է, որ կան դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, եւ երբեմն բացակայում է ինքնուրույն աշխատանքը։ Այս խնդիրների կարգավորման նպատակով նոր կարգով առաջարկվել է մի քանի մեխանիզմ: Առաջինն արտագրության փաստի հայտնաբերման մեխանիզմն է, որը գործարկվելու է 2024 թ. հունվարի 1-ից:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում նկատել էր, որ սրանով շատ բարդ խնդիր ենք դնում տնօրենների հավակնորդների առաջ։ «Այս մարդկանցից պահանջում ենք գրել մի ռազմավարական ծրագիր, որը շատ բարդ է, ընդ որում` պահանջում ենք նաեւ ֆինանսական տվյալներ, այն դեպքում, երբ մենք արդեն տարանջատել ենք դպրոցի տնօրենին համակարգողից: Օրինակ, մեր կրթության զարգացման պետական ծրագիրը 40-50 էջ է, բայց դպրոցի տնօրենի զարգացման ծրագիրը` 150-160 էջ, ո՞նց է դա հնարավոր»,- մասնավորապես նշել էր նա։

Վերոնիկա Բաբաջանյանը, ով կրթական համակարգում է 1997-ից, այժմ թիվ 20 հիմնական դպրոցի փոխտնօրենն է, իսկ շաբաթներ առաջ մասնակցել է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին եւ ներկայացրել իր զարգացման ծրագիրը։ Այն զարգացման ծրագրերը գնահատող մի կազմակերպության կողմից գնահատվել է 17.3 միավոր, իսկ մյուսի կողմից՝ 13.3։ 

«Մրցույթը եղավ, զարգացման ծրագիրը գրեցի, նույնիսկ պատրաստ էի բացասական պատասխանի, քանի որ համատարած բոլորն ասում էին՝ կտրում են։ Բայց 18 անցողիկ միավորից ստացա 17.3, ծանոթացա նկատառումներին, թե որ բաժինը քանի միավոր են գնահատել, ի վերջո, նորից աշխատեցի իմ ծրագրի վրա՝ հաշվի առնելով իրենց նկատառումները։ Բարելավելուց հետո մտածում էի, որ գոնե նվազագույն անցողիկ շեմը պետք է հաղթահարեմ, ի դեպ, քաղաքապետարանի կայքում մեր զարգացման ծրագրերը տեղադրվում են, եւ բոլոր նրանք, ովքեր ծանոթացել էին իմ ծրագրին, բարձր էին գնահատել այն, բայց եթե դա էլ մի կողմ դնենք, ապա բարելավելուց հետո առնվազն 17.4-17.5 պետք է դնեին, բայց երբ եկավ 13.3, ես ուղղակի ապշեցի։ Մի կազմակերպությունը, որ ծրագրի տվյալ բաժինը գնահատել է 2, մյուս կազմակերպությունը դրել է 0, «շենք-շինություն» բաժնի համար մի կազմակերպությունը դրել է 3, այն դեպքում, որ իրենք ինձնից լավ չեն կարող իմանալ իմ դպրոցի շենքային պայմանների թույլ եւ ուժեղ կողմերը ու հաստատ իրենք չեն եկել ու չեն ստուգել մեր դպրոցի՝ իմ կողմից մատնանշված թույլ կամ ուժեղ կողմերը, արդյունքում մյուս կազմակերպությունը 3 միավորը դարձրել էր 2։ Երեւի ինչ-որ բան դուրները չի եկել, բայց թե ինչը դուր չի եկել, չգիտեմ․․․ այստեղ ես մի բան հասկացա, որ իրենք չունեն հստակ չափանիշ, ստացվում է՝ մեկն այսպես է տեսնում, մյուսը՝ այլ կերպ։ Դա նույնն է, որ թելադրությունը մի ուսուցիչը ստուգի եւ դնի 8, մյուսը ստուգի, դնի 5։ Մինչդեռ կան հստակ չափանիշներ․ ստորակետի համար ինչքան միավոր է պահվում, ուղղագրական սխալի համար՝ ինչքան, նույնը՝ նաեւ զարգացման ծրագրի դեպքում։ Սա նշանակում է, որ կա՛մ չափանիշը հստակ չէ, կա՛մ էլ կազմակերպություններն առաջնորդվում են իրենց հայեցողությամբ, գուցե նաեւ՝ որեւէ հրահանգավորմամբ, որովհետեւ չի կարող մի կազմակերպությունը դնել 17.3, մյուսը՝ 13.3»,- ընդգծում է զրուցակիցս։

Տնօրենի հավակնորդ Վ․ Բաբաջանյանն այս առիթով նամակ է գրել ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել, եւ որպեսզի կազմակերպությունները հիմնավորեն կամ բացատրեն, թե ինչու են այդպես գնահատել․ «Հետո ինձ ուղղորդեցին նամակ գրել տիկին Սվաջյանի՝ փոխնախարարի անունով, գրեցի, մեկուկես ամիս սպասեցի բողոքարկմանը, եկավ բողոքարկման պատասխանը՝ նույնը, ինչ իր վերլուծությունը տվել էր «Մասնակցային դպրոցը», հո չէի՞ն ասի՝ մենք սխալ ենք գնահատել, ստացվում է՝ ես էլի չստացա իմ հարցի պատասխանը, թե որն է պատճառը, որ բարելավելուց հետո իմ ծրագիրն ավելի ցածր է գնահատվել»։   

Տնօրենի նշանակման գործող կարգով՝ հավակնորդների ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից։ Ընտրված կազմակերպությունները 2-ն են՝ Վահրամ Սողոմոնյանի «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը եւ Վահրամ Թոքմաջյանի «Կրթություն եւ համերաշխություն» արհմիությունը։

«Ծրագրերն ուղարկելիս անունը փակում են եւ ուղարկում են կազմակերպությանը, առաջին անգամ ուղարկել են «Կրթություն եւ համերաշխություն» կազմակերպությանը, երկրորդ անգամ՝ «Մասնակցային դպրոցին»։ Մինչդեռ ճիշտ կլիներ, որ 2 անգամ էլ նույն կազմակերպությունը նայեր, որպեսզի տեսնեին, որ իրենց դիտարկումներն ընդունվել են, մարդն աշխատել է ու իր սխալն ուղղել է, բայց 2-րդ անգամ ուղարկում են մյուս կազմակերպությանը, ինչը միտումնավոր է արվում, որովհետեւ ԿԳՄՍՆ-ն ուղարկում է ում ուզում է, բայց եթե ԿԳՄՍՆ-ն գիտի, որ այս մարդը 2-րդ անգամ է զարգացման ծրագիրը ներկայացնում, կարող է այնպես անել, որ շտկումները նայի այն կազմակերպությունը, որն արել է դիտարկումները»։

Տնօրենի ծրագրին եզրակացություն տվող հանձնաժողովներում ներգրավված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, աշխատակիցներ ԿԶՆԱԿ-ից եւ ՀՄԿ-ից (Հանրապետական մանկավարժական կենտրոնից), որոնց թիվը 7-ն է։ Իսկ թե կոնկրետ ովքեր են քննում զարգացման ծրագրերը, դժվարանում է ասել, իր տեղեկություններով, կազմակերպությունն ամեն բաժինը վստահում է մի փորձագետի, ինչը, ըստ նրա, էլի սխալ է․ «Ես լսել եմ, որ յուրաքանչյուր բաժին նայում է որեւէ անձ իրենց կազմակերպությունից, բայց չէ՞ որ այդ ծրագիրը մի ամբողջականություն է եւ մեկը մյուսի շարունակությունը, չի կարող մի բաժինը նստի նայի մեկը, մյուս բաժինը՝ մեկը։ Սա էլ է թերություն»։

Տնօրենի հավակնորդը նկատում է, որ, ի տարբերություն այլ թեկնածուների, իր զարգացման ծրագիրը մոտ 190 էջ է, բայց․ «Ես տեսել եմ ծրագրեր՝ 30-35 էջանոց, որ գնահատվել են դրական, որին մոտիկ անգամ չէի գնա, որովհետեւ այնտեղ ծրագիր չկա։ Ու ես զարմանում եմ, որ այդ ծրագրերն անցել են, բայց այդքան հանգամանորեն գրված, ուսումնասիրված ծրագիրը չի անցել։ Ինձ թվում է, ու ակնհայտ է, որ կան տողատակեր, պատճառներ»։    
Ի դեպ, դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողից ոչ մի զարգացման ծրագիր չի պահանջվում։ Նոր օրենքով իրենց դպրոցում վարչատնտեսական մասի համակարգողն արդեն ընտրվել է, այս մասով Վ․ Բաբաջանյանը եւս նկատառումներ ունի․ «Վարչատնտեսական մասի համակարգողից ոչ մի զարգացման ծրագիր չի պահանջվում, պետք է միայն 3 տարվա վարչատնտեսական ստաժ»։ Ինչքանո՞վ է արդարացված ուսումնադաստիարակչական մասի տնօրենից պահանջել նաեւ վարչատնտեսական մասին վերաբերող գիտելիքներ։ «Իրականում ես դրա հետ գործ չպետք է ունենամ, բայց քանի որ մենք պետք է համագործակցենք, ես պետք է իմանամ շենքի թույլ եւ ուժեղ կողմերը, ռեսուրսային կառույցները, ինչպես դրանք պետք է օգտագործենք ի շահ դպրոցի, կրթության։ Այսինքն՝ այս առումով ես պետք է իմանամ, որ նաեւ իմ կարծիքը հայտնեմ»։

Ինչպես նկատում է զրուցակիցս, տնօրենի թափուր պաշտոնի համար հիմա դարձյալ մրցույթ է հայտարարվել։ «Այստեղ էլի տողատակեր եմ տեսնում, որովհետեւ քննությունը չտված՝  նորից հրատապ քննություն են հայտարարել, երեւի իրենց պետք է, որ իրենց մարդկանցից մի քանի հոգի անցնեն, 2-րդ փուլը մեկնարկում է 18, 19, 21-ին։ Տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգում մի կետ կար, որ մրցույթը չի կայացել, կամ ոչ մեկը չի ընտրվել, բայց 3-րդ կետը չկար, որ զարգացման ծրագիրը չի եղել, ստացվում է՝ մեկուկես ամիս սպասեցին այդ հրահանգին, նոյեմբերի 23-ին ընդունվեց այդ որոշումը, եւ հետաձգվեց մրցույթը մինչեւ ամսի 7-ը, ինչին 10 դպրոց սպասում էր»,- ընդգծում է Վ․ Բաբաջանյանն ու հավելում, որ նորից է դիմելու տնօրենի մրցույթի համար։  

Առաջիկայում կներկայացնենք նաեւ մրցույթով ընտրված կազմակերպությունների խոսքը տնօրենների հավակնորդ թեկնածուների զարգացման ծրագրերի շուրջ եւ ոչ միայն։