Պատգամավորին օգնականից տարբերել չի ստացվում

Պատգամավորին օգնականից տարբերել չի ստացվում

Արդեն 2 ամիս է անցել նոր ԱԺ-ի ձևավորումից, բայց լրագրողները, ԱԺ աշխատակազմն ու իրենք՝ պատգամավորները միմյանց ճանաչելու խնդիր ունեն։ Ոչ մի կերպ չի ստացվում զանազանել պատգամավորներին օգնականներից, քանզի երեկվա օգնականը այսօր պատգամավոր է, այսօրվա պատգամավորն էլ տեսքով, խելքով ու տարիքով չի տարբերվում իր օգնականից։ Միակ «բնութագրիչը», որ միջանցքով քայլողը պատգամավոր է, նրանց հագուստին ամրացված եռագույն կրծքանշանն է՝ «Ազգային ժողովի պատգամավոր» գրությամբ։

Հիմնական խնդիրը 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունում է, որի պատգամավորները դեռ իրար չեն ճանաչում, անգամ միմյանց անունները նորմալ չգիտեն, հեռախոսահամարները չունեն, իրար ճանաչում են միայն կողք կողքի նստողները։ Սրանից նեղվում են նաև իրենք՝ իմքայլականներն ու դժգոհում են, թե՝ ով ասես եկել դարձել է պատգամավոր։ Անգամ իրար վրա հումոր են անում, թե «միջանցքում տեսնում բարևում են, մտածում ենք՝ երևի օգնականն է, պարզվում է՝ պատգամավոր է»։

Մի դրական փոփոխություն կա՝ եթե նախկինում պատգամավորներից շատերը՝ հիմնականում օդիոզ ու գործարար թևը, առավոտյան գալիս էր նիստի, գրանցվում ու շուտ հեռանում շենքից, ապա նոր խորհրդարանի պատգամավորներն ամբողջ օրը շենքում են։ Ամեն դեպքում արդեն նկատելի է լարվածությունն իշխանական ֆրակցիայում։ ՀՀԿ կանանց ու երիտթևի նման՝ «Իմ քայլում» էլ արդեն թևեր են ձևավորվել՝ խմբեր, որոնք իրար հետ են միայն շփվում, իրար հետ են իջնում հաց ուտելու կամ բամբասելու և համապատասխան ատյաններում իրար դեմ «բոչկա» գլորելու։