Պուտին՝ հավերժ նախագահ․ միթե Սերժի մերժումը դաս չեղավ

Պուտին՝ հավերժ նախագահ․ միթե Սերժի մերժումը դաս չեղավ

Եվ այսպես, «Միասնական Ռուսաստանի» պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկում է Սահմանադրության մեջ մտցնել նախագահական ժամկետների զրոյացման մասին լրացում։ Դրա շնորհիվ Վլադիմիր Պուտինը կարող է մնալ Ռուսաստանի հավերժ նախագահ։ Տերեշկովայի կուսակից ընկերներն արդեն հայտնել են, որ պատրաստ են աջակցել տիեզերագնացուհուն։

Պուտինը` ինքը, Պետդումայում հայտարարեց, որ կկարողանա առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում, պայմանով, եթե իրեն աջակցեն ՌԴ քաղաքացիներն ու Սահմանադրական դատարանը։

Այսպիսի բաներ։ Եվ, ուրեմն, հետխորհրդային տարածքում տեղի ունեցած փոփոխությունները, ռազմավարական գործընկեր Հայաստանում  2018 թ․ ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ավելի կոնկրետ՝ Սերժին մերժումը դաս չեղա՞ն։ «Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն ասաց` ոչ։ Չէր էլ կարող լինել, քանի որ, նրա գնահատմամբ, ՌԴ-ում ու Հայաստանում 180 աստիճանով տարբեր իրավիճակներ են, նման համեմատություններն անտեղի են։

«Ընդհանրապես նույնական չեն, իսկ դա նշանակում է, որ այդ իրավիճակներից բխող հետևանքները նույնպես նույնական չեն»։

Արմեն Բադալյանը հարցին, թե ինչով նույնական չեն, պատասխանեց․ «Ամեն ինչով։ 2018 թ․ ապրիլյան իրադարձություններին դեռևս շատ հարցեր կան, որ չեն պարզաբանվել։ Մասնավորապես, թե այդ ինչպես եղավ, որ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը, որ չէր ցանկանում վարչապետ առաջադրվել` որպես երրորդ ժամկետ, հետո փոշմանեց ու դրեց իր թեկնածությունը, թե էդ ինչպես եղավ, որ չկանխվեցին այն ժամանակվա ընդդիմադիր գործիչ, ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, հատկապես, երբ գրավվեց Ռադիոտունը, և բազմաթիվ այլ հարցեր։ Եվ, առհասարակ, որքանով էին ինքնաբուխ Հայաստանում տեղի ունեցած գործողությունները։ Սա` մեկ, և երկրորդ՝ Ռուսաստանի հետ կապված իրավիճակը նույնական չէ ամեն ինչով։ Եվ՛ իշխող քաղաքական ուժի, և՛ վարկանիշի, և առաջին դեմքի վարկանիշի, և՛ տարածքի, և՛ լրատվամիջոցների աջակցության, և՛ քաղաքական համակարգի։ Երկրները բոլոր հարցերում տարբեր են»։

Արմեն Բադալյանը ճշգրտող հարցին, թե, այսինքն, մեզ մոտ կայի՞ն բոլոր նախադրյալները, որ «Սերժը մերժվեր», պատասխանեց․«Պուտինին մերժողներ չկան, որովհետև, ի տարբերություն Հայաստանի, որը տասը տարի շարունակ ղեկավարեց նախագահ Սերժ Սարգսյանը և որևիցե բնագավառում հաջողություն չունեցավ, ՌԴ -ում ղեկը 20 տարի շարունակ իր ձեռքը պահող Վլադիմիր Պուտինը տարբեր հարցերում ունի շատ մեծ հաջողություններ։ Իհարկե, դա չի նշանակում, որ ճիշտ է, որ նա 2024 թվականից հետո նորից պետք է ղեկավարի Ռուսաստանը»։

Եվս մեկ հարց քաղաքագետին։ Ինչու՞ Սերժ Սարգսյանը չգնաց այն ճանապարհով, որով գնաց Վլադիմիր Պուտինը 2007-2008 թթ․, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կատարեց աթոռների փոխատեղում՝ վարչապետ-նախագահ։

Արմեն Բադալյանն ասում է՝ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնությունում գտավ մեկ մարդու՝ Դմիտրի Մեդվեդևին, ում 100 տոկոսով վստահում էր և գիտեր, որ 4 տարի հետո վերջինս հաստատ իրեն է վերադարձնելու նախագահի աթոռը։ Իսկ, քաղաքագետի հայացքով, Հայաստանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եթե չփոխեր Սահմանադրությունը և ինչ-որ մեկին դներ նախագահ, ապա նա 100 տոկոսով չէր վերադարձնելու պաշտոնը։