Ինչ է կատարվում Գյումրիում․ ինչ է ՔՊ-ն նախատեսել

Ինչ է կատարվում Գյումրիում․ ինչ է ՔՊ-ն նախատեսել

Hraparak.am-ն առաջինն էր, որ այսօր տեղեկացրեց «Բալասանյան դաշինքի» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև 2021 թ-ին կնքված հուշագիրը խզելու մասին։ Ինչպես նաև տեղեկացրել էինք, որ ՔՊ-ական ավագանու անդամները վայր են դնում մանդատները։ Բանն այն է, որ այդ հուշագրի կնքումից հետո ՔՊ-ի եւ Բալասանյան դաշինքի ջրերը նույն առվով չհոսեցին, քաղաքապետարանի մեր աղբյուրների պնդմամբ, ՔՊ-ն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դրածո Վարդգես Սամսոնյանի քաղաքապետ ընտրվելու փաստի հետ երբեք էլ չի համակերպվել եւ յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործել է նրան պաշտոնաթող անելու։ Հատկապես վերջին շրջանում մենք նույնպես բազմիցս անդրադաձել ենք Սամսոնյանի եւ ՔՊ-ական փոխքաղաքապետերի լարված հարաբերություններին, որի կուլմինացիոն կետը երեկ է եղել։ Նշենք,որ փոխքաղաքապետերից մեկը Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է՝ Վահագն Մկրտչյանը, մյուսը՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին՝ Արթուր Պապիկյանը։

Ողջ օրը փորձեցինք կապվել երկու կողմի ավագանու անդամների, փոխքաղաքապետերի հետ, սակայն ապարդյուն։ Մեր հրապարակումից ժամեր անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածում՝ տեղեկացնելով, որ միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ դեռ երկու տարի առաջ ստորագրված համագործակցության մասին հուշագիրը, եւ երկու ՔՊ-ական փոխքաղաքապետերը ազատման դիմում են ներկայացրել։ 

«Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,-ասվում է հայտարարությունում եւ ի հավելումն տեղեկացնում են, թե ստեղծված իրավիճակի հետ կապված հանդես կգան մամուլի ասուլիսով:

Նկատենք, որ գրեթե բոլոր խոշոր համայնքներում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտություններ էր կրել, սակայն շատ քիչ տեղերում թույլ տվեց, որ ընտրված իշխանությունները պաշտոնավարեն եւ տեղական իշխանություն ձեւավորեն` այնտեղ, որտեղ կարողացան խլեցին իշխանությունը, այդ թվում` Գյումրիում, որտեղ Բալասանյանների ընտանիքի հետ գործարքի գնացին` զիջեցին միայն քաղաքապետի պաշտոնը, բայց վերցրին մնացածը եւ դրա դիմաց Սամվել Բալասանյանի որդին դեսպան նշանակվեց Իրաքում:

Մեզ հետ զրույցում էլ ՀՀԿ Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանն ասաց․ «Ամբողջ երկրով մեկ իշխանությունները փորձում են ապակայունացնել իրավիճակը, հերթական անգամ գնում են ոչ թե քաղաքական դաշտը կայունացնելու, այլ այլասերելու ճանապարհով։ Ասածիս վառ օրինակը Վանաձոր, Ալավերդիի և այլ համայնքներում տիրող իրավիճակն է։ Ինչ վերաբերում է Գյումրիին, մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, կատարում ենք ուսումնասիրություններ, հարկ եղած դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»։ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Մալխասյանն էլ հրաժարվեց որևէ մեկնաբանություն անելուց՝ ասելով, թե այս պահին կխուսափի խոսել, քանի որ ինքն էլ ճշտելու ու հասկանալու բան ունի։

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, սակայն, այլ բան է կանխատեսնում, ըստ նրա՝ Գյումրիում Ալավերդու սցենարը չէ, որ նախատեսվում է․ «Եթե Բալասանյան Սամվելի որդին` Միսակ Բալասանյանը, չհրաժարվի Իրաքում դեսպանի պաշտոնից, ապա այս հուշագրի չեղարկումը և քայլիստների կողմից Գյումրու քաղաքապետի պաշտոնի «զավթումը» երկուստեք ծրագրված քայլ է` «դու ինձ քաղաքապետի պաշտոնը, ես քեզ դեսպանի պաշտոնն Իրաքում» սկզբունքով, և այն պետք չէ համեմատել երեկ Ալավերդիում քայլիստների կատարած խուլիգանության հետ… Եթե «Բալասանյան դաշինքը» խաղերի մեջ չէ քայլիստների հետ, ապա կմիանա ՀՀԿ֊ին ու ԱԵ֊ին ու ունենալով 16 մանդատ՝ կձևավորի կոալիցիա։ Այլ տարբերակներ էլ կան…»։

Նշենք, որ այս պահին ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնն ունենալու համար կարիք է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների քվեները ստանալ։ Մեր տեղեկություններով նման գործարքի է պատրաստվում նաև «Բալասանյան դաշինքը»՝ ցանկություն չունենալով զիջել քաղաքապետի աթոռը։ Ի դեպ, բացի ՔՊ-ական փոխքաղաքապետերից պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել նաև բոլոր ՔՊ-ական բաժնի պետերը։

Գյումրիում արդեն իսկ տարատեսակ խոսակցություններ են պտտվում․ ըստ լուրերի՝ առաջիկայում սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ, որն իր հետ նոր անակնկալներ է բերելու։ Խոսակցությունների համաձայն՝ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո 5 մարզպետ փոխած Շիրակի մարզում չի բացառվում նորից մարզպետի փոփոխություն լինի։ Շիրակի ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանի և ՔՊ-ականների միջև որոշակի տարաձայնություններ կան, եւ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը հավակնում է մարզպետի պաշտոնին։ Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ականները մարզում ֆունդամենտալ փոփոխության են նախապատրաստվում՝ վերջնական նպատակով զավթել Գյումրին, իսկ քաղաքապետի պաշտոնում տեսնում են փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանին՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդուն։ Որքան էլ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել թե երկու փոխքաղաքապետերից, թե մարզպետից, չհաջողվեց, զանգերին չպատասխանեցին։