Մահացությունները նվազեցնենք վաղաժամ ախտորոշման եւ բուժման, հիվանդությունները կանխարգելենք առողջ ապրելակերպի միջոցով

Մահացությունները նվազեցնենք վաղաժամ ախտորոշման եւ բուժման, հիվանդությունները կանխարգելենք առողջ ապրելակերպի միջոցով

Էնդոկրին հիվանդությունները մեծ տարածում ունեն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս հիվանդությունների շարքին են դասվում ներզատական գեղձերի եւ հորմոնների հիվանդությունները, ինչպիսիք են շաքարային դիաբետը, վահանաձեւ ու էնդոկրին գեղձերի խանգարումները եւ այլն։ Զրուցել ենք Հրազդանի բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Արմինե Բեգլարյանի հետ:

- Որո՞նք են Հայաստանում ամենատարածված էնդոկրին հիվանդությունները։

- Էնդոկրին համակարգում երկրորդ տարածված հիվանդությունը վահանաձեւ գեղձի հիվանդությունն է՝ շաքարային դիաբետից հետո: Խնդիրն այն է, որ երբեմն հիվանդությունն ուղեկցվում է առանց ախտանշանների, հիվանդը չի ունենում այնպիսի գանգատներ, որոնք տիպիկ են էնդոկրին կաբինետին, դրա համար հիվանդները դիմում են տարբեր մասնագետների, որոնք էլ ուղղորդում են էնդոկրինոլոգի մոտ: Վահանաձեւ գեղձը, չնայած իր 20 գրամ քաշին, օրգանիզմում բազմաթիվ գործունեություն է կատարում, հանդիսանում է մեր օրգանիզմի էներգիայի աղբյուրը: Վերջին տարիներին մեր բնակչության մոտ լայն տարածում են գտել վահանաձեւ գեղձի տարբեր հիվանդությունները՝ վահանաձեւ գեղձի հանգույցները, կիստաները, բորբոքային հիվանդությունները: Քանի որ վահանաձեւ գեղձը մասնակցում է մեր մյուս օրգանների համակարգերի գործունեությանը, հետեւաբար՝ առաջացող ախտանիշները կարող են տարբեր դիմակներ կրել: Ամենաառաջին գանգատը, որով հիվանդը դիմում է էնդոկրինոլոգին, խրոնիկ հոգնածությունն է: Հիվանդն արթնանում է՝ աշխատունակություն չունի, ցանկություն չունի վեր կենալու, մշտական հոգնած է, լինում է նաեւ անքնություն: Հիվանդների մոտ նկատվում է մաշկի չորություն, թեփոտում արմունկների շրջանում: Վահանաձեւ գեղձն ազդում է նաեւ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այն կանանց մոտ կարող է բերել անպտղության, տղամարդկանց մոտ՝ լիբիդոյի իջեցման: Ուստի ես դիմում եմ ազգաբնակչությանը, որ տարվա մեջ մեկ կամ երկու անգամ դիմեն էնդոկրինոլոգի: Մեզ մոտ շաքարային դիաբետով հիվանդների դիմելիությունը եւս բարձր է: Շաքարային դիաբետն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ունի արագ զարգացող եւ երիտասարդացող տեմպ: Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդ է 439 մլն մարդ, Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդ է 110 հազար մարդ: Իսկ Հրազդանի դիսպանսերում հսկվում են շաքարային դիաբետով շուրջ 2 հազար հիվանդներ:

- Ինչպե՞ս կարելի է նվազեցնել էնդոկրին հիվանդությունների առաջացման ռիսկը։

- Հիվանդությունները կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, իսկ մահացության ցուցանիշները հնարավոր է նվազեցնել վաղաժամ ախտորոշման եւ բուժման շնորհիվ: Անհրաժեշտ է խուսափել ավելորդ քաշից՝ նվազեցնելով հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը, հատկապես շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը. շաքարի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել թարմ մրգեր (գերազանցապես՝ խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ): Շատ կարեւոր է ֆիզիկական ակտիվ կենսակերպը՝ քայլել, հեծանիվ վարել կամ ռիթմիկ կրկնվող աէրոբիկ վարժություններ կատարել, որը 50 %-ով նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկը: Ինչպես նաեւ անհրաժեշտ է հրաժարվել ծխախոտից եւ ալկոհոլից. ծխելը եւ ոգելից խմիչքների չարաշահումը մեծացնում են դիաբետի առաջացման հավանականությունը։ Քանի որ վերջին տարիներին ավելացել է ճարպակալվող երեխաների թիվը, հետեւաբար՝ նրանց մոտ ավելացել է շաքարային դիաբետի տիպ 2 հիվանդացությունը, ուստի խորհուրդ եմ տալիս՝ երեխաներին չխրախուսել քացրավենիքով եւ գազավորված ըմպելիքով:

Նելլի Կարապետյան