Նիկոլ, լռիր, գոնե լռիր
Փաշինյանի գործերն ավելի վատ են, քան մենք ենք պատկերացնում: Նա, ինչպես տեսնում ենք, չի պատրաստվում լռել՝ որպես եւ ասել էր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ափսոս, որովհետեւ Վարդան Օսկանյանի առաջարկը՝ Փաշինյանի չխոսելու պայմանով գլխիվայր շրջել այս խայտառակ բանակցային գործընթացը, վատը չէր: Վատը չէր հենց Փաշինյանի համար, որ թավալգլոր իջնում է անդունդ: ԱԽՔ-ն ամերիկաներում է բլբուլ կտրել, ինքը՝ կառավարության նիստին: Էլ բան չունի ասելու: Թե բա՝ Եվրոպական դատարանի որոշումը՝ բացել Լաչինի միջանցքը, շատ կարեւոր որոշում է: Բայց ինչի՞ դիմաց են բացում Լաչինի միջանցքը, եթե բացեն, իհարկե: Արցախը փաստաթղթով ճանաչում ես Ադրբեջանի մաս, անկլավները տալիս ես, Զանգեզուրի միջանցքը տալիս ես: Ու դեռ նստել՝ ինքնագոհ ճռվողում ես կառավարության նիստին:
Մեկ էլ որ չի ասո՞ւմ՝ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ… Արցախը տվել է, Հայաստանը բզիկ-բզիկ արել ու հիմա պարծենում է, թե սանտիմետրի ճշտությամբ սահման ենք գծում: Լավ, էլի, լռիր, գոնե լռիր ու ոտատակ մի ընկիր: Քշվիր մի կողմ 3 ամսով, քեզնից դա է պահանջվում, թող նորմալ մարդիկ զբաղվեն այս հարցով ու տեղը գցեն գծերից ընկած բանակցային գործընթացը: Մարդը պարզ ասել է՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ դա փաստվում է թե՛ ԽՍՀՄ օրենքներով եւ թե՛ Արցախի ու Ադրբեջանի անկախացման փաստաթղթերով: Այս իմաստով Արցախի դիրքերն անխոցելի են: Դա ընդունել են վերջին 30 տարիների բոլոր բանակցողները՝ թե՛ հակամարտող կողմերը եւ թե՛ միջնորդները:
Դու եկար, ու հանկարծ պարզվեց, որ հենց հայկական կողմն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Լավ, էս բոյի սուտը ո՞նց է տեղավորվում քո փորում: Լավ, հայկական կողմից քո փայ բանակցողը որքա՞ն ապուշ պետք է լինի, որպեսզի, երբ Ռուսաստանը մի քանի անգամ շեշտում է, որ Արցախի հարցը լուծված չէ, որ դա նուրբ հարց է, դու վեր կենաս ու Արցախը ճանաչես Ադրբեջանի կազմում: Այ տղա, սա նույնիսկ խնդալու չի: Թե բա՝ խաղաղություն: Քեզ ո՞վ է խաղաղություն տալու, կարո՞ղ ես ասել: Արեւմո՞ւտքը: Արդեն մեկուկես տարի է՝ Արեւմուտքը չի կարողանում խաղաղություն հաստատել Ուկրաինայում: Ես չեմ կարող ասել՝ ուզում է՝ չի՞ կարողանում, թե՞ չի ուզում, որովհետեւ նրա դարդն Ուկրաինան չէ: Ինչո՞ւ պետք է Արեւմուտքը խաղաղություն հաստատի այս ռեգիոնում, որտեղ նրա դիրքերն ավելի ամուր են՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի: Քեզ ո՞վ է խաղաղություն տալու․ Թուրքիա՞ն, որ քո ամենաոխերիմ հակառակորդն ու թշնամին է՝ Ադրբեջանից հետո: Իսկ գուցե հենց քո կիրթ ու կառուցողական գործընկերոջի՞ց ես ակնկալում խաղաղություն: Համոզված եղիր, որ նրանք քո տակից կտանեն Հայաստանը, ու քեզ համար հայկական հողի վրա մեկ ոտքով կանգնելու տեղ էլ չի մնա:
Մի առիթով, Նիկոլ, ասել ես, որ չես էլ պատկերացնում, թե ինչ կկատարվի մեր տարածաշրջանում, եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում: Ես վստահ եմ, որ դա հենց քո ուզածն է եւ մեր արեւմտամետ թափթփուկի: Իբր թե աղոթում ես, որ Ռուսաստանը հանկարծ չպարտվի, այո՞: Բա նման բան չուզողը, մեր բուն խնդիրը թողած, վաշինգտոններում ու բրյուսելներում կվազվզի՞: Ե՞րբ ես վերջին անգամ Մոսկվայում բանակցել… Արդեն չենք էլ հիշում: Հավանաբար, արդեն չես էլ գնա Մոսկվա, որովհետեւ դու վաղուց հետաքրքիր չես Մոսկվայի համար: Ահավասիկ, Էրդողանը խոսում է Արցախից ռուսական ուժերը 1.5 տարի հետո դուրս բերելու մասին, ԱԽՔ-դ Վաշինգտոնում «մտորում» է ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելու մասին: Ո՞վ ես դու այսքանից հետո Մոսկվայի համար, որ մի բան էլ մուննաթ գաս ռուսների վրա, թե Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը չեք ապահովում: Այս շրջափակումը, որ դու ես կազմակերպել՝ քո արեւմտյան տերերի եւ թուրք եղբայրների հետ, հեշտ չի լինելու վերացնել: Մենք քո երեսից հայտնվել ենք մի անդունդում, որից դուրս գալն ուղղակի հրաշք կարող է լինել:
Հուսամ, Նիկոլ Փաշինյան, ծանոթ ես «Հայաքվե» նախաձեռնությանն ու նրա հիմնական պահանջին՝ 10-15 տարի բանտարկություն ՀՀ այն ղեկավարին, որ Արցախը կճանաչի Ադրբեջանի կամ այլ պետության կազմում: Անկախ այն բանից՝ կհաջողվի՞ անցկացնել այդ սահմանադրական փոփոխությունը, թե ոչ, միեւնույն է, դու ես լինելու ՀՀ առաջին ղեկավարը, որ կանի այդ հակահայ քայլը եւ անեծքով կհիշվի ժողովրդի մեջ: Քեզ արդեն ներել են մեր 5 հազար զոհերի, հսկայական տարածքային կորուստների, տարբեր ոլորտներում այս հնգամյա ավերածությունների համար, բայց դա՝ Արցախը փաստաթղթով ճանաչել Ադրբեջանի մաս, քեզ ոչ ոք չի ների: Քեզ կոչնչացնեն, Նիկոլ, առաջին իսկ պատեհ առիթով: Ուրիշ բան էլ չմտածես, ես սա առայժմ բարեկամաբար եմ ասում:
ՀԳ. Պարոն Օսկանյան, Ա-ն ասելուց հետո ասեք նաեւ Բ-ն: Հայտարարեք, խնդրեմ, մեր այն դիվանագետների անունները, որոնց հետ Դուք, ինչպես ասում եք, կարող եք գլխիվայր շրջել կապիտուլյանտների այս խայտառակ ընթացքը:
Կարծիքներ