Ո՞ւմ շահերն է պաշտպանում Վատիկանը՝ թույլերի եւ քրիստոնյաների՞, թե՞ մահմեդական ագրեսիվ մեծամասնության

Ո՞ւմ շահերն է պաշտպանում Վատիկանը՝ թույլերի եւ քրիստոնյաների՞, թե՞ մահմեդական ագրեսիվ մեծամասնության

Հայաստանում է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինը։ Պարզաբանենք, որ խոսքը Սուրբ Աթոռի, այսպես ասած՝ արտաքին գործերի նախարարի մասին է։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ չեն, բացատրենք, որ Սուրբ Աթոռի պետական քարտուղարությունը Վատիկանի վարչական համակարգի հնագույն մարմիններից է, որն իրականացնում է Սուրբ Աթոռի արտաքին քաղաքականությունը։ Հետեւաբար, կարդինալ Պյետրո Պարոլինը Սուրբ Աթոռի ծանրակշիռ դեմքերից է, իսկ, առհասարակ, եթե համաեվրոպական հարթությունում նայենք՝ եվրոպական դիվանագիտության «ծանր հրետանավորներից» մեկը։

Այցը, ինչպես կարդինալ Պարոլինն է նշել, «հումանիտար բնույթ ունի եւ նպատակ է հետապնդում՝ նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարդինալ Պյետրո Պարոլինը նկատել է, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ, եւ այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել»։

Եթե ճիշտ ենք հասկանում դիվանագիտական բառապաշարի «տողարանքները», ապա Վատիկանի կուրիայի բարձրաստիճան ներկայացուցիչը Հայաստանում է, որպեսզի ծանոթանա ընդհանուր տրամադրություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի որոշ դրվագների մասին «առաջին ձեռքից» տեղեկություններ ստանա եւ փոխանցի Հռոմի հովվապետին։ Այն, որ հանդիպում է եղել թե՛ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վկայում է այն մասին, որ այցը, որքան էլ հումանիտար, սակայն զուտ կրոնաեկեղեցական չէ, այլ ունի քաղաքական բաղադրիչ, եւ դա Վատիկանը չի էլ թաքցնում։ Առհասարակ այս այցը, անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղեկատվություն կհրապարակվի հանրային լայն շրջանակների համար հասանելի հարթակներում, բավականին հետաքրքիր է, ու կարելի է ասել, որ Սուրբ Աթոռի խաղաղասիրական ընդհանուր նախաձեռնությունների շարքում է պետք դիտարկել։

Չմոռանանք, որ վերջերս էլ Սուրբ Աթոռի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ այցելել էր Ուկրաինա եւ Մոսկվա՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում խաղաղության եզրերի որոնման համար։ Դրանից էլ առաջ խոսվում էր, որ Սուրբ Աթոռը ներգրավված է ռուս-ուկրաինական գաղտնի խաղաղարարական բանակցային գործընթացի մեջ։ Շատերի համար գուցե այս այցը թվա հերթական ու անկարեւոր, սակայն նրանք, ովքեր գոնե մի փոքր տեղյակ են «որոշ հանգամանքներից», վստահաբար կկիսեն մեր կարծիքը, որ այցը պատահական չէ, եւ եվրոպական ամենահին դիվանագիտական ծառայություններից մեկի ղեկավարի՝ նման «հումանիտար» կամ նույնիսկ «քաղաքավարի» այցերի հետեւում չափազանց կարեւոր բովանդակություն կա, որը, որպես կանոն, մնում է «վարագույրի հետեւում», որովհետեւ՝ ինչ-ինչ, սակայն Վատիկանում կոնֆիդենցիալությունը պահելով դիվանագիտություն իրականացնելու արվեստին տիրապետում են փայլուն։

Ի դեպ, Վատիկանն Ադրբեջանի հետ ունի բավականին լավ հարաբերություններ, կրոնաեկեղեցական առումով ներկայացված է Ադրբեջանում, նույնիսկ արդեն կա ձեռնադրված ազգությամբ ադրբեջանցի հռոմեա-կաթոլիկ հոգեւորական։ Վատիկանը նաեւ որոշակի հետաքրքրություններ ունի Ադրբեջանի քրիստոնեական ժառանգության հանդեպ, ու սա դեռ ամբողջական ցանկը չէ։

Եվ միայն այն փաստը, որ Երեւանից առաջ կարդինալ Պյետրո Պարոլինն այցելել է նաեւ Բաքու, բարձր կարգի հանդիպումներ ունեցել Ադրբեջանի դիվանագիտական-քաղաքական ղեկավարության հետ, արդեն խոսում է այն մասին, որ նպատակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։

Մայր Աթոռից ստացված հաղորդագրության մեջ այս մասին հստակ շեշտադրում էլ կա․ «Անդրադառնալով տարածաշրջան իր այցին՝ պետքարտուղարը նշեց, որ այն կրում է հումանիտար բնույթ եւ նպատակ է հետապնդում նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարդինալ Պյետրո Պարոլինը նշեց, որ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը բարդ է, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ, եւ այս առումով սպասված արդյունքներ դեռ չեն արձանագրվել»։

Մնում է պարզել, թե Վատիկանը եւ ինքը՝ Հռոմի պապը, ինչպես են պատկերացնում այդ կարգավորումը, այնպես, ինչպես արեւմտյան որոշ երկրնե՞ր՝ «հանձնեք Արցախը եւ համաձայնեք Ադրբեջանի բոլոր պայմաններին, որ տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատվի․ ոչինչ, որ Արցախը կհայաթափվի, եւ Հայաստանի ապագան էլ ավելի անորոշ կդառնա»։ Թե՞ մտահոգ են նաեւ քրիստոնյա հայերի ապագայով եւ փորձելու են զսպել մեր մահմեդական հարեւանների ախորժակը ու հարցի լուծման հասնել՝ արդարության պահպանմամբ։