Վերպետական օրենսդրության մեջ ես հավատում եմ զենքի ուժին

Վերպետական օրենսդրության մեջ ես հավատում եմ զենքի ուժին

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն էր արել այն մասին, որ եթե մի խումբ դիվանագետների երեք ամիս ժամանակ տան, ու Նիկոլ Փաշինյանը լռի, արցախյան հարցում կարելի է բեկում մտցնել։ Իրավագետ Վահե Գրիգորյանին հարցրինք՝ միջազգային իրավական ատյանների միջոցով հնարավո՞ր է որեւէ նպաստավոր լուծում ստանալ Արցախի համար։ Նա ասաց, որ եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, ապա կարելի է դիմել ՄԱԿ-ին։

«Սովետական Միությունը հանդիսացել է ՄԱԿ անդամ, դրանով պայմանավորված՝ նրա տարածքային միավորները եւ մասերը հավասարապես ընդունված եւ, այսպես ասած, ճանաչված են եղել ՄԱԿ-ի կողմից։ Դրանով պայմանավորված՝ ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ճանաչման տեսանկյունից, որպես իրավական գործիք, ի թիվս այլոց, կարող է հանդիսանալ նաեւ ՄԱԿ-ը։ Բայց, ամեն դեպքում, պայմանավորված իրավական հանգամանքներով, այստեղ դերակատարում պետք է ունենա նաեւ Մինսկի խումբը, որը ստեղծված է եղել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային լուծման համար, որը խախտվել է Ալիեւի կողմից, ով որոշել է, որ Արցախի հարցն ունի ռազմական լուծում»,- ասաց Գրիգորյանը։

Իսկ ռազմական լուծումների դեպքում բանակցային գործընթացները կարող են դառնալ պոստ ֆակտում առկա իրավիճակի արձանագրումներ։ Կա՞ արդյոք որեւէ այլ միջազգային ատյան, որին կարելի է դիմել՝ Ադրբեջանին պատժելու կամ այլ նախադեպային որոշում ստանալու համար, չէ՞ որ, օրինակ, Հաագայի դատարանի վճիռն արհամարհվեց Ադրբեջանի կողմից։

«Հաագայի երկու դատարաններն էլ տվյալ դեպքում, ցավոք սրտի, ծառայում են որպես բարոյական հաղթանակի գործիքներ։ Մենք ունենք միջազգային դատական ատյանի որոշում, որն Ադրբեջանը չի կատարում։ Քանի որ վրա չեն հասնում սանկցիաները՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով եւ Ադրբեջանի՝ Եվրոպային էներգակիրներ մատակարարելով, միջազգային դատական ատյանները զուտ հանդիսանալու են բարոյական հաղթանակներ տոնելու տեղ։ Բայց իրավական տեսանկյունից, իհարկե, ցանկալի է նաեւ դրանց առկայությունը։ Նույն Ալիեւը հղում է կատարում ՄԱԿ-ի բանաձեւերի վրա եւ ասում, որ, այո, կային ՄԱԿ-ի բանաձեւեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, դրանով պայմանավորված՝ ես զենքի ուժով հասա դրանց ի կատար ածմանը։ Բայց նույն ՄԱԿ-ի բանաձեւերը, որոնց հղում է անում Ալիեւը, խախտվել են հենց Ադրբեջանի կողմից, եւ հայկական կողմը բանակցային գործընթացի ողջ ընթացքում բազմիցս բարձրաձայնել է, որ պատրաստ է կատարել այդ բանաձեւերը, եթե ադրբեջանական կողմը դրանք ի կատար ածի»,- նշում է իրավագետը։

Նույն Լաչինի միջանցքի հետ կապված, հաշվի առնելով միջազգային դատարանի կայացրած որոշումը, հայկական կողմը, իհարկե, կարող է որոշակի միջոցներ ձեռնարկել եւ դրանց իրավականությունը, օրինականությունը հիմնավորել դատական ատյանի որոշմամբ։ Սակայն նույն դատարանը վերջերս հայկական կողմի ներկայացրած դիմումը մերժեց, որը կապված էր ադրբեջանական կողմի՝ անցագրային կետ տեղադրելու հետ։

«Վերջապես այդ նույն միջազգային դատարանները հաճախ կայացնում են քաղաքական ու վիճահարույց որոշումներ։ Իզուր չէ, որ, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որպես վերպետական ատյան, իր վճիռներում եւ որոշումներում բազմիցս ընդգծել է, որ իրավունքը զարգացող է, ստատիկ չէ, այսինքն՝ որոշումները կարող են փոփոխվել։ Հետեւաբար, հույսը դնել բացառապես դատական ակտերի, թեկուզեւ միջազգային դատական ատյանների ակտերի վրա, կներեք, դա ինքնասպանության կամ ինքնաոչնչացման գնացող քայլ է։ Աստված մի արասցե, պատկերացրեք՝ նոր պատերազմ լինի, մենք հո չե՞նք կարող հանել միջազգային դատարանի որոշումը կամ վճիռն ու ասել՝ գիտե՞ք ինչ կա, դուք իրավունք չունեք մեզ վրա հարձակվել, որովհետեւ մենք ունենք միջազգային դատական ակտ, որով դա համարվում է հանցագործություն»,- շեշտում է մեր զրուցակիցը։

Վահե Գրիգորյանը հիշեցնում է, որ նույնը վերաբերում է ՀՀ կառավարությանը, երբ վերջիններս հոխորտում են, որ Հռոմի ստատուտին միանալու միջոցով կկարողանան Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։ Իրավագետը դրան չի հավատում։ «Որովհետեւ երբ մենք ունենք միջազգային մեկ այլ դատարանի չկատարված որոշում, եւ որեւիցե միջոց չի ձեռնարկվում դրա կատարման համար, ապա ինձ համար պարզ է դառնում, որ այդ դատական ակտերը դառնալու են Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը։ Վերջապես, Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ամբողջ աշխարհում հայտնի է նրանով, որ հարյուրավոր գործերով՝ օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներով որեւիցե սանկցիա չի կիրառվում Ադրբեջանի նկատմամբ»։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ պետք է քաղաքականապես ուժեղ լինենք, որպեսզի մեր մասով կայացվող իրավական որոշումներն իրագործվեն, Գրիգորյանն ասաց, որ ներպետական օրենսդրության մեջ ինքը հավատում է իրավունքի ուժին․ «Վերպետական օրենսդրության մեջ ես հավատում եմ զենքի ուժին։ Ոչ ոք չի օգնելու նրան, ով որ թույլ է՝ միջազգային իրավական դաշտում առնվազն»։

Ի վերջո, Ալիեւը, անցնելով Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի համատեղ կառույցի վրայով, խոսքը Մինսկի խմբի համանախագահության մասին է, փորձում է իր նախընտրած ձեւաչափով լուծել Արցախի հարցը։ Կան հարյուրավոր բանաձեւեր, որ չի կարելի ռազմական ճանապարհով լուծել հարցերը։ Դա վերաբերում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, սակայն Ադրբեջանը դրա համար որեւէ պատասխանատվության չի ենթարկվել։

«Որովհետեւ, երբ հարցն իրավական դաշտից հասնում է իրագործման մակարդակի, վերածվում է քաղաքական հարցի, իսկ քաղաքական հարցեր լուծելու համար պետք է համապատասխան երկրների հետ ունենալ դաշնակցային հարաբերություններ, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոնից հայտարարել, որ, օրինակ, Իրանն ավտորիտար երկիր է, վրացական կողմին տարբեր հարցերով ձեռք առնել, այլ պետությունների հետ հարաբերությունները փչացնել։ Վերջերս մենք Մակրոնի հայտարարությանն ենք ականատես եղել, Լեռնային Ղարաբաղի առնչությամբ նրա գործադրած ջանքերին։ Ես չեմ կարող ասել, որ Մակրոնը հայասեր է կամ ամեն ինչ անում է հայության սիրուն աչքերի համար։ Ոչ, նա դա անում է քաղաքական շահերից ելնելով, փորձում է Ֆրանսիայի դիրքն ամրապնդել Հարավային Կովկասում եւ Հայկական լեռնաշխարհում։ Արդեն հարյուրավոր տարիներ է, ինչ եվրոպական պետություններն այդ նույն փորձերը կատարել են, բայց եթե մենք դրանից կարող ենք որոշակի օգուտ քաղել, ապա այդ օգուտը պետք է քաղել, ոչ թե նեղացնել բոլորին եւ վերջում բողոքել, որ, այ, ամբողջ աշխարհը մեզ չի օգնում։ Մենք մեզ պետք է օգնենք եւ ոչ թե հույսը դնենք ինչ-որ միջազգային դատական ակտերի թղթերի վրա»,- եզրափակեց Վահե Գրիգորյանը։