Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականը մասնակցել է Անթալիայի Դիվանագիտական ֆորումին

Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականը մասնակցել է Անթալիայի Դիվանագիտական ֆորումին

Թուրքիայի Անթալիա նահանգում ընթանում է երեկ մեկնարկած Դիվանագիտական ֆորումը, որում քննարկվում են տարածաշրջանային ու համաշխարհային խնդիրներ:

Ֆորումը տևելու է մինչև հունիսի 20-ը ներառյալ։ Անթալիայի նահանգի Բելեք ծովափնյա քաղաքի «Նեսթ Կոնգրեսս» (Nest Congress) կենտրոնում։ Ֆորումի տեղեկատվական գործընկերն է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Միջոցառման մոդերտարոը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն է։
Այսօր հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող քննակումն է տեղի ունեցել՝  «Հարավային Կովկաս. նոր հնարավորություններ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության համար»։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտաքին քաղաքական և անվտանգային հարցերով նախկին խորհրդական (1991-1997), էնն-Արբորում Միչիգանի համալսարանի պատմագիտության պրոֆեսոր, դոկտոր Ժիրայր Լիպարիտյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, միջազգային փորձագետ Մեթյու Բրայզան, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության («Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը)` թյուրքական աշխարհի և միջազգային հարաբերությունների հարցերով փոխնախագահ, պրոֆեսոր Քամիլ Այդընը։
Ելույթ ունենալով՝ Ադրեբջանի ԱԳ նախարարը մասնակիցներին փոխանցել է իր դիրքորոշումը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Տարածաշրջանում նոր իրավիճակը ստեղծեց նոր հնարավորություններ և անվտանգության նոր հարացույց», - Բայրամովի խոսքերն է մեջբերել ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Նախարարը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունը խաչվում են միմյանց հետ, և առանց խաղաղության հնարավոր չէ համագործակցել։
Բայրամովը շեշտել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է կենտրոնացած լինի հենց հիմա։ «Ադրբեջանն ակտիվորեն մասնակցում է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին՝ հիմնված եռակողմ համաձայնագրի վրա, և գործում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի ղեկավարությամբ։ Մեր հեռանկարային տեսանկյունից, հաղորդակցությունների բացումը, նոր տարանցիկ միջանցքների ստեղծումը մեծ լրացուցիչ օգուտներ է բերում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի բոլոր մյուս երկրների համար։ Մենք հավատում ենք, որ պետք է կենտրոնանանք դրական քայլերի վրա՝ գործելով առաջին հերթին փոխադարձաբար: Հիշատակված իդեալական իրավիճակի հաստատման ճանապարհը կարելի է անցնել փոքր, բայց շատ կոնկրետ քայլերով», - ասել է ադրբեջանցի դիվանագետը։

«Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատումը նախատեսում է համատեղ տնտեսական նախագծերի իրականացում», - հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

Նա նշեց, որ տարածաշրջանային երկրները պետք է հարմարվեն միջավայրին, որը դինամիկորեն փոխվում է արտաքին անվտանգության մարտահրավերների առումով և պետք է արագորեն արձագանքեն դրան:

«Սա [Հարավային Կովկասը] շատ յուրահատուկ տարածաշրջան է և ունի մեծ հնարավորություններ աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար: Տարածաշրջանային համագործակցության բարելավումը Վրաստանի համար առաջնայնություն է, և ես հավատացած եմ, որ մեր հարևան երկրների համար էլ», - ասել է վրացական դիվանագիտության ղեկավարը
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է: 

Մենք նաև բարելավում ենք մեր պատմականորեն սերտ հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք ունենք համագործակցության ապշեցուցիչ համագործնական փորձ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Մենք միասին մասնակցում ենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս, Հարավային գազային միջանցք, ԹԱՆԱՓ [Անդրանատոլիական բնական գազի խողովակաշար], և TAP [Անդրադրիատիկ խողովակաշար] նախագծերին, և սա համագործակցության գործնական ցուցադրում է: Այդ է պատճառը, որ մենք ուղերձ ենք հղում տարածաշրջանում մյուսներին, հայ գործընկերներին, որ մենք պատրաստ ենք աշխատել Վրաստատնի, Ադրբեջանի և Հայաստանի հետ եռյակի ձևաչափով... Տարածաշրջանում առանց տնտեսապես կարևոր նախագծերի կայունություն չկա: Առանց կայունության զարգացում և բարեկեցություն չկա», - ընդգծել է Դավիդ Զալկալիանին։

Նշենք, որ Լիպարիտյանի ելույթից որևէ բան հնարավոր չի լինում գտնել համացանցում։