Ինչ սցենար են մշակել Ախուրյանում, ինչու ավագանու նիստը չկայացավ

Ինչ սցենար են մշակել Ախուրյանում, ինչու ավագանու նիստը չկայացավ

Ախուրյանի ավագանու անդամները հրաժարվում են մեկնաբանել, թե ինչու անցյալ շաբաթ չկայացավ նիստը, որն աննախադեպ էր լինելու, քանի որ դրվելու էր համայնքապետ Արծրուն Իգիթյանի անվստահության հարցը։Ուշագրավ է, որ նախաձեռնության հեղինակները հենց համայնքապետի թիմակիցներն էին՝ «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքների ավագանու անդամները, որոնք մեկ շաբաթ առաջ ստորագրահավաք էին կազմակերպել եւ մտադիր էին առաջիկա նիստին ՀՅԴ-ական համայնքապետին անվստահություն հայտնել՝ համայնքապետի պաշտոնում առաջադրելով  մեկ այլ ՀՅԴ-ականի՝ փոխհամայնքապետ Կարեն Արշակյանի թեկնածությունը: Ըստ տեղեկությունների՝ Իգիթյանի թիմակիցները սցենար են մշակել նրան անձեռնմխելի դարձնելու համար:  

Ըստ սցենարի՝ շարժվելու են ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն: Իգիթյանին անվստահություն հայտնելուց հետո դեմ են քվեարկում Կարեն Արշակյանին, որից հետո Իգիթյանը կշարունակի հանգիստ  պաշտոնավարել  ևս մեկ տարի։Մեր  հարցին՝ ինչու հենց այդ սցենարը, մեր աղբյուրն ասաց․ «Գաղտնիք չէ, որ ՔՊ-ականներն  առաջին իսկ  օրվանից ամեն ինչի գնում են նրան  հեռացնելու համար, մարզում իրենց միակ նպատակը Ախուրյանի հարցը լուծելն է, դե, Մարալիկինը լուծեցին, մնաց էդ: Իրենց առջև խնդիր են դրել ատամներով պահել իշխանությունը: Իսկ համայնքապետին երկու ամիսը մեկ անվստահություն չեն հայտնում, եթե հաջողի սցենարը , Իգիթյանը մեկ տարի գոնե հանգիստ կաշխատի, մինչև տեսնենք՝ ինչ է լինում երկրի վիճակը»։

Մեր զրուցակիցը հավաստիացրեց նաև, թե նիստը վաղ, թե ուշ կայանալու է,իսկ Իգիթյանի թիմը  նիստին չի մասնակցել, ոչ թե օրակարգը տապալելու, այլ , ըստ իր տեղեկություններով, մի քանի հարցեր դեռևս հստակեցման կարիք ունեն, որոնց մասին նպատակահարմար չեն գտնում բարձրաձայնել ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքը ստացել էր 3854, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 6195 ձայն: Օրենքի սահմաններում, երկու ընդդիմադիր դաշինքները միավորվել եւ իրենց վստահված 6664 ձայներով ստանձնել են Ախուրյանի կառավարումը:

Ոչ մի կերպ չհաշտվելով պարտության հետ՝ ՔՊ ավագանու անդամները մշտապես արհեստական խոչընդոտներ են ստեղծում համայնքապետարանի աշխատակազմի լիարժեք աշխատանքներին ու համայնքի բնականոն զարգացմանը:
Ամիսներ առաջ hraparak.am-ը անդրադարձել էր ավագանու հերթական նիստերից մեկին, որը կայացել էր մեծ դժվարությամբ: Նիստից առաջ ոստիկան էր ժամանել համայնքապետարանի շենք եւ փնտրել «Ախուրյան» դաշինքով ավագանի ընտրված անդամներից մեկին՝ պնդելով, թե ոստիկանություն հարցաքննության է հրավիրված: Ավագանու անդամներին կասկածելի էր  թվացել հենց նիստի ընթացքում ոստիկանի հայտնվելը, անմիջապես կռահել են, որ իրենց անդամներից մեկին մեկուսացնելու դեպքում նիստը չի կայանա, քանի որ քվորում չի ապահովվի: Բանն այն է, որ նիստին համայնքապետը բյուջեի հաշվետվությունն է ներկայացրել եւ հաստատվել Է 2022թ․ համայնքի բյուջեն: Բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքապետի հրաժարականի կամ անվստահություն հայտնելու հարց էր առաջանալու, ինչին ՔՊ-ականները փորձում են հասնել առաջին իսկ օրվանից: