Նատալյա Սաց՝ խորհրդային մանկական թատրոնի հիմնադիրը
Խորհրդային պետությունն իր ձեւավորման առաջին իսկ շրջանից կարեւորել է մանուկների եւ պատանիների դաստիարակությունը, հատկապես այն գաղափարական հենքի վրա, որին դավանում էր խորհրդային երկիրը։ Այդ նպատակին էր ծառայում գրականությունը՝ խորհրդային մանկագրությունը եւ նաեւ այդ նպատակին ծառայել սկսեց խորհրդային թատրոնը, մասնավորապես՝ պատանի հանդիսատեսի եւ մանկական թատրոնները, որոնք ստեղծվեցին ԽՍՀՄ լուսժողկոմ Լունաչարսկու կողմից եւ մշտապես մնացին նրա ուշադրության կենտրոնում։ Այս թատրոններում հաջողությամբ բեմադրվում էին ժամանակի հայտնի մանկագիրներ Մարշակի, Շվարցի ինչպես նաեւ՝ Նատալյա Սացի (1903–1993) տիկնիկային ներկայացումները։
Այդ ժամանակ ստեղծվեց առաջին մանկական երաժշտական թատրոնը։ Նատալյա Սացին իրապես կարելի է համարել խորհրդային մանկապատանեկան թատրոնների ստեղծման եւ կայացման երախտավորներից մեկը։ Իր երկարատեւ գործունեության ընթացքում Սացը բազմաթիվ բեմադրություններ է իրականացրել, որոնք սիրվել են հանդիսատեսի կողմից, արժանացել եւ պետական, եւ արտասահմանյան բազմաթիվ մրցանակների։
Սացին Կատրյոնա Կելլին բնութագրել է որպես «չափազանց արդյունավետ արվեստի կառավարիչ», ով կարողացել է աճեցնել տաղանդավոր բազմաթիվ դրամատուրգների, որոնցից են Եվգենի Շվարցը, Ալեքսանդրա Բրուշտեյնը։ Նա նաեւ կարողացել է թատրոն բերել բազմաթիվ գրողների, նկարիչները, որոնք թեեւ մանկական թատրոնում, մանկական պատանեկան հանդիսատեսի համար աշխատելու փորձ չունեին, եւ այդ աշխատանքին լուրջ չէին վերաբերվում, սակայն կարողանում են ընտելանալ նոր աշխատանքին ու ստեղծել բարձրարժեք գործեր։ Իր անխոնջ աշխատանքի շնորհիվ Սացը խորհրդային մանկական եւ պատանեկան թատրոնը, չնայած իր գաղափարայնացվածությանը, կայացրեց ու բարձրացրեց պրոֆեսիոնալ մակարդակի։ Ի դեպ, նա 15 տարեկան է եղել, երբ կազմակերպել է առաջին մանկական երաժշտական թատրոնը, իսկ 1921 թվականից գլխավորել է Մոսկվայի մանկական թատրոնը։
Forbes-ի ռուսական խմբագրություն
Արամ Յանին
Կարծիքներ