Վարդան Ղուկասյանին ընտրողները քայլ կատարեցին բոլորի դեմ

Վարդան Ղուկասյանին ընտրողները քայլ կատարեցին բոլորի դեմ

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայաստանի եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը, ով հավաքել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների ընդամենը 1,11 տոկոս ձայնը: 

- Պարոն Խզմալյան, 2021-ի արտահերթ ընտրությունների համեմատ մի քիչ ավելի շատ ձայներ եք հավաքել: Արդյունքներից գո՞հ եք:

- Բնականաբար, գոհ չեմ, հույս ունեի, որ ավելի շատ ձայներ կստանանք երեւանցիների շրջանում: Սպասելիքներս չարդարացան: Սա նշանակում է, որ մենք մեր պայքարը պետք է շարունակենք:

- Ինչո՞ւ երեւանցիներն այսքան պասիվ գտնվեցին: Խոստանում էիք մայրաքաղաքում եվրոռեմոնտ իրականացնել: Ինչո՞ւ Ձեր առաջարկը երեւանցիներին չհետաքրքրեց:

- Խոշոր հաշվով, այս ընտրությունները 2021 թվականի ընտրությունների շարունակությունն էին: Գրեթե նույն արդյունքն էլ այն ժամանակ գրանցվեց: Ինչպես խորհրդարանում ուժերը բաժանվեցին ռուսամետների եւ ոչ ռուսամետների, քանզի ես նրանց արեւմտամետ չեմ կարող ասել: Այսօր նույն բանը տեղի ունեցավ: Տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը մարդկանց հիասթափեցրեց:

- Ի՞նչ քաղաքացիական պատերազմ:

- Փաստորեն, բողոքական տարբերակ ընտրեց երեւանցին` քվեարկելով բոլորի դեմ: 80 տոկոսից ավելին չի եկել ընտրության, եւ դա նշանակում է, որ երեւանցին այսօր բոլորին դեմ է: Վարդան Ղուկասյանին ընտրողները քայլ կատարեցին բոլորի դեմ:

- Ասում եք, որ այս ընտրությունների ու 2021-ի արտահերթ ընտրությունների պատկերը նույնն է, սակայն այսօր ընդդիմադիրների ձայներն ավելի շատ են, քան իշխանության ձայները: Մենք ժողովրդավար ուժերով կարող էինք ավելի լավ պատկեր գրանցել: Ո՞ւմ նկատի ունեք՝ ժողովրդավարական ուժ ասելով:

- Բոլոր նրանք, ովքեր ժողովրդավարական դաշտում են, մենք նրանց հետ բանակցում էինք: Արդյունքում մենք մենակ մնացինք:

- ՔՊ-ն է՞լ է ժողովրդավարական ուժ:

- Ամեն բան համեմատության մեջ է: Եթե նրանց համեմատենք նախկինների հետ, ապա` այո: Մենք այսօր կարողանում ենք խոսել ազատ, խոսում ենք ու ազատության մեջ մնում:

- Ո՞վ էր այն ժամանակ Ձեր ազատությունը սահմանափակում:

- Վստահ եմ, որ եթե նախկին ուժերի ժամանակ այսպես խոսեինք, ազատություններ կկորցնեինք, անգամ՝ անձնական ազատություններ: