Եվս մի նախկին համայնքապետի նկատմամբ են ճնշումներ գործադրվում

Եվս մի նախկին համայնքապետի նկատմամբ են ճնշումներ գործադրվում

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ «Թալին համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է»։ Խոսքը Թալինի նախկին քաղաքապետ Սարգիս Արամյանի մասին է։ 

Ինչում է մեղադրվում Արամյանը։ Ըստ քննչական կոմիտեի․ 

«Համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. օգոստոսից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել՝ համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետև կազմակերպել և իրականացրել է դրանց օտարումը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թեև Թալին համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ նշվել է, որ հողամասերը վաճառվելու են համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, սակայն համայնքի ղեկավարը, խախտելով վերոգրյալ իրավական ակտերի և ավագանու նշված որոշման պահանջները, 2018թ. փետրվարին և 2020թ. հունվարին կազմել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի վերաբերյալ կեղծ որոշումներ՝ նշելով, որ խնդրո առարկա հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված  սահմանափակումների ցանկում:

Այնուհետև իրականում օտարման համար ոչ ենթակա, ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0532 և 0,0201հա հողամասերը օտարվել են, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նշված տարածքներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թալին համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»։

Նկատենք, որ համայնքապետերին առաջադրված մեղադրանքները կարծես մի շաբլոնից գրված լինեն՝ բոլորը վերաբերում են հողերի նշանակությունը փոխելուն եւ աճուրդ անելուն, որոնց մեջ անօրինականություն հայտնաբերելը շատ բարդ է։