Լարված է իրավիճակը կրթության ինստիտուտում

Լարված է իրավիճակը կրթության ինստիտուտում

Հայտնի է, որ ԿԳ նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտը լուծարելու և նրա փոխարեն նոր կրթական կառույց ստեղծելու մտադրություն ունի: Գաղափարը նոր չէ, այն շրջանառվում էր արդեն 2016 թվականից: Սակայն, եթե նախորդ իշխանությունները ենթադրում էին փոխել հին կառույցը, պահպանելով ԿԱԻ կոլեկտիվի կորիզը, ապա նոր նախարարությունը ավելի արմատական մոտեցում է դրսևորում: ԿԳ նախարարության  փետրվարի 14-ի տեղեկատվության համաձայն 

Առաջիկայում նախատեսվում է  «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի  փոխարեն ստեղծել կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց, որտեղ մրցութային հիմունքներով կարող են ընդգրկվել նաև Կրթության ազգային ինստիտուտում աշխատող   մասնագետները¦:

 Նաև ԿԱԻ-ում աշխատող մասնագետները...: Այսինքն՝ նախարարությունը այսօր գործող կառույցի բոլոր հետքերը ուզում է վերացնել: Ոչնչացնել մի հիմնարկ, որը տարիներ շարունակ իրականացրել է կրթական որակյալ գործունեություն՝ ուսուցիչների վերապատ­րաստում, Կրթակարգի, կրթական չափորոշիչ­նե­րի, դասագրքերի ու ամենաբազմազան ուսումնական ձեռնարկների մշակում, փորձաքննա­կան ամենօրյա աշխատանք: 

Կրթության ազգային ինստիտուտը ներկայումս կրթական ամենաբարձր հեղինակու­թյուն ունեցող կառույցն է: Եվ ահա այն լուծարվում է Մարտի 31-ով: Թե ինչ կառույց է ստեղծվելու նրա փոխարեն ոչ ոք հստակ պատկերացում չունի: Կա մեկ տարի առաջ եվրոպական փորձագետների մշակած մի պլան, որով էլ հավանաբար առաջնորդվում է ներկայիս  նախարարությունը: Սակայն, մի տարրական ճշմարտություն, ՀՀՇ-ական ժամանակներից մեզ մնացած մի տխուր փորձ, կարծես թե պիտի ԿԳ նոր նախարարին և նախարարությանը հուշեր, որ քանդելուց առաջ հարկավոր է նորը ստեղծել, գոնե հիմնական գծերով: Իսկ ստեղծվելիք նոր կառույցի մասին ինչպես նախարարությունը, այնպես էլ ԿԱԻ աշխատակիցները միայն մակերեսային, մշուշոտ պատկերացում ունեն: Սա նշանակում է, որ հիմնարկի լուծարումից հետո բավական երկար ժամանակ կպահանջվի նոր կառույցը ձևավորելու համար:

Ակնհայտ է, որ եթե վերջինս ստեղծվելու է մի քանի ամիս հետո, այդ ընթացքում ԿԱԻ բոլոր, քիչ թե շատ պրոֆեսիոնալ, մասնագետները այլ աշխատանք կփնտրեն և նոր կառույցի դռները լայնորեն կբացվեն  դիլետանտների առաջ: Գուցե հենց սա էլ ԿԳ նախարարության թաքուն նպատա±կն է:  Գուցե որոշ ակտիվիստներ կամ անգլերեն իմացողներ անպաշտոն ու անաշխատա±նք են մնացել: Այլապես ինչպե±ս հասկանալ իրեն ոչնչով չարատավորած այս  հիմնարար կառույցի հանդեպ նման անպատասխանատու վերաբերմունքը: 

ԿԱԻ-ում տագնապի մեջ են, վրդովմունքն աճում է: Կոլեկտիվն համախմբվում է և մինչև վերջ պայքարելու պատրաստակամություն հայտնում: Երեկ, փետրվարի 26-ին կազմակերպվեց ընդհանուր ժողով, որին մասնակցեց նաև ԿԱԻ տնօրեն Ն. Ղուկասյանը: Բարձրացվեցին մի շարք հարցեր կապված ինստիտուտը լուծարելու օրինականության, իրավական տեսակետից արդարացվածության հետ: Բանն այն է, որ կառավարությունը  ԿԱԻ հիմնարկը լուծարելու որոշում առայժմ չունի, բայց դա չի խանգարել ԿԳ նախարարությանը հայտարարել նրա լուծարման մասին:

 Կասկածի տեղիք է տալիս նաև ինստիտուտի լուծարմանն ուղղված նախարարության կատարած քայլերի իրավաբանական արդարացվածությունը: Այսպես, մեկ ամիս առաջ ինստիտուտի բոլոր աշխատակիցները ծանուցվել են այն մասին, որ ինստիտուտում հնարավոր են որոշ կրճատումներ՝ պայմանավորված գործառույթների սահմանափակմամբ: Սակայն հիմա Նախարարության հաղորդագրության համաձայն, վերջինս մարտի 31-ից որոշել է պարզապես լուծարել  հիմնարկը: 
Եվս մի հետաքրքիր, իրավական գնահատման կարոտ, հարց կա. Կրթության ազգային ինստիտուտի 2019 թվականի բյուջեն չի հաստատվել և աշխատակիցները աշխատավարձ են ստանում նախկինում կատարված  կուտակումներից: Ինստիտուտը նոր ֆինանսավորում չի ստացել, սակայն ԿԳ նախարարությունը շարունակում է նրան հանձնարարականներ տալ:   Հնչեցին նաև բողոքներ, որ ԿԳ նախարարու­թյունը բնավ չի մտահոգված ԿԱԻ կադրերի գործազրկությամբ և այս, առանց այդ էլ, ծանր ժամանակներում մեծացնում է նոր իշխանությունների հանդեպ անվստահությունը: 
Որոշվեց բարձրացված հարցերի պատասխանն ստանալու ակնկալիքով ԿԱԻ հրավիրել ԿԳ նախարար Ա. Հարությունյանին: 

Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ