Գոնե Արցախում կանաչ խոտը կքաղեին՝ ժենգյալով հաց կսարքեին, կուտեին

Գոնե Արցախում կանաչ խոտը կքաղեին՝ ժենգյալով հաց կսարքեին, կուտեին

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ արցախցիների մասնակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ Ի՞նչ հանրահավաքի մասին է խոսքը, ովքե՞ր են մասնակցելու, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնվելու։ Զրուցել ենք Արծվիկ Սարգսյանի հետ։

- Ովքե՞ր են մասնակցելու հանրահավաքին, ի՞նչ պահանջով։

- Հանրահավաքի մասին տեղեկացրել են Արցախի 32 հասարակական կազմակերպությունները, ես՝ ինքս, անձամբ չեմ իրականացնում, բայց անպայման մասնակցելու եմ։ Հանրահավաքի նպատակն է՝ բարձրաձայնել արցախցիների խնդիրները, որոնք բազմաթիվ են եւ լուծումներ չեն ստանում։ 

- Ի՞նչ խնդիրներ կարող են լինել, երբ ՀՀ կառավարությունը պարբերաբար հայտարարում է, թե կարճաժամկետ ծրագրերով արցախցիների առաջիկա սոցիալական խնդիրները լուծել է եւ պատրաստվում է երկարաժամկետ ծրագրեր իրականացնել։

- Այս պահին շատ մարդիկ դիմում են, որ դեռ 40 եւ 10 հազարական աջակցության գումարները չեն ստացել: Ոմանք 100 հազար դրամները ստացել են, բայց 40 եւ 10 հազարական աջակցության գումարները չեն ստացել։ Հիմա էլ, երբ որոշել են բնակարան ձեռք բերելու համար գումարներ հատկացնել, մեր կարծիքով, այդ գումարները շատ քիչ են՝ հնարավոր չէ Հայաստանում այդ գումարներով, թեկուզ գյուղերում, բնակարան ձեռք բերել։ Ապրիլից էլ դադարեցնում են 40 եւ 10 հազարական աջակցությունները եւ որոշել են աջակցել միայն կենսաթոշակային տարիքում գտնվողներին՝ 20 հազար դրամ հատկացնելով, եւ անչափահասներին` 50 հազար հատկացնելով։ Բայց մյուսներն ի՞նչ պետք է անեն, երբ հնարավոր չէ աշխատանք գտնել, եւ այլ եկամուտներ էլ չունեն։ Գոնե Արցախում կանաչ խոտ կքաղեին՝ ժենգյալով հաց կսարքեին եւ կուտեին, բայց այստեղ դա էլ չկա՝ չորուցամաք են մնացել։ 

- Հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս կարելի է գնահատել արցախցիների վիճակը։

- Շատ, շատ ահավոր։ Մարդիկ մտածում են դուրս գնալու մասին եւ այսօր շատ մարդիկ դուրս են եկել եւ շարունակելու են գնալ, երբ տեսնում են, որ այստեղ իրենց խնդիրները չեն լուծվում։ Գիտեք, թե ինչ է կատարվում այսօր այն արցախցիների նկատմամբ, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել, եւ այդ թիվը քիչ էլ չէ։ Դիմում են ինչ-որ աշխատանքային գործակալությունների, որտեղ հայտարարություն են տարածում, նրանցից գանձում են 5 հազար դրամ եւ ուղարկում են տուն, ասելով՝ կզանգենք, բայց չեն զանգում։ Արցախցիներն էլ աշխատանք ունենալու համար վճարում են այդ գումարները։  

- Արցախցիները կարողանո՞ւմ են բարձրաձայնել իրենց իրավունքների մասին, պետական որեւիցե կառույցի դիմել:

- Մարդիկ կան՝ ընդհանրապես չեն շփվում՝ հնարավորություն չունենալով, բայց շփվեն էլ, ի՞նչ է փոխվելու․ լրիվ խաբեություն է գնում։ «Հա-հա» են ասում, բայց ոչ մի խնդիր էլ չեն լուծում։ Մարդիկ կան, որ մինչեւ հիմա իրենց հասանելիք աջակցության գումարները չեն ստացել, մի քանի անգամ դիմել են։ Օրերս ինձ է դիմել Շուշի քաղաքի բնակիչներից մեկը՝ մի աղջիկ, ով ունի 5 անչափահաս երեխա, այդ 5 երեխաներն էլ ծնվել են Արցախում։ Աղջիկն այստեղից է հարս գնացել Շուշի եւ իր հայրական տանը գրանցված է որպես համասեփականատեր, որտեղ 20 քմ-ի նկատմամբ իրավունք ունի, բայց չի կարող իր 7 հոգանոց ընտանիքով ապրել հայրական տանը, քանի որ այդտեղ էլ ընտանիք է ապրում, եւ այնպես չէ, որ 20 քմ տարածքում նա կարող է ապրել։ Եվ այս աղջկան աջակցություններից զրկել են՝ պատճառաբանելով, որ դու այստեղ սեփականություն ունես։ Դիմել է ինձ, բայց ես ոչինչ չեմ կարողանում անել։ Իսկ երբ 2020-ին Շուշիի վերահսկողությունն անցավ Ադրբեջանին, ես այդ աղջկան՝ իր ընտանիքի հետ, կարողացել էի բնակարան գտնել Ստեփանակերտում, բայց այստեղ դրա հնարավորությունը չունեմ։
Ամսի 20-ի հանրահավաքի պահանջներից մեկը ՀՀ կառավարությանը պետք է լինի այն, որ վերջացրեք նմանատիպ արհեստական խոչընդոտները՝ մարդկանց մի պետական կառույցից մյուս կառույցը քշելը, փորձեք հեշտացված տարբերակներով լուծել այդ մարդկանց խնդիրները, թե չէ՝ տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը միտումնավոր է արվում՝ ընդդեմ արցախցիների։