ԵՄ դիտորդները Հայաստանում «աստծուն հավասար» կարգավիճակ կստանան

ԵՄ դիտորդները Հայաստանում «աստծուն հավասար» կարգավիճակ կստանան

ՀՀ-ում իրենց առաքելությունն իրականացնող ԵՄ դիտորդները Հայաստանում քիչ-քիչ «ցարիբոգի» կարգավիճակ են ստանում, այսինքն՝ Հայաստանում նրանք բարձր են ամենքից եւ ամեն ինչից, անգամ՝ օրենքից։ ՀՀ հակառուս իշխանությունները եվրոպացիներին քծնում են նույնիսկ ՀՀ օրենսդրության հաշվին՝ երբեմն «ակնհայտ ապօրինի քծնանքով»։ Բանն այն է, որ ԱԺ-ի վավերացմանն է ներկայացվել տարեվերջին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որը կարգավորում է ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեությունը, թեեւ դիտորդները Հայաստան են եկել 2023 թվականի փետրվարի 20-ին, եւ ստացվում է, որ մինչ օրս Հայաստանում գործում են առանց որեւէ իրավական հիմքի՝ ի տարբերություն, օրինակ, ռուս սահմանապահների, որոնք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա են իրականացնում իրենց առաքելությունը։

Համաձայնագիրը, որը ՀՀ իշխանությունները պատրաստվում են վավերացնել, ԵՄ դիտորդների համար աներեւակայելի արտոնություններ է սահմանում, նրանց դարձնում անքննելի ու անձեռնմխելի, ինչը հակասում է ՀՀ մի շարք օրենքների։ Այդ համաձայնագրով ԵՄ դիտորդներին այնպիսի հարկային ու մաքսային արտոնություններ են վերապահվում, որոնք ընդհանրապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն։ Համաձայնագրի վերաբերյալ իր կարծիքում արդարադատության նախարարությունը մասնավորապես առանձնացրել է այդ հակասությունները․ համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ՀԵՄԱ-ն ընդունող պետության տարածքում ազատվում է մաքսային հսկողությունից, ինչը հակասում է «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն՝ պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույք ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում՝ սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության: Բացի այդ, անձնակազմի եւ վերջինիս պատկանող օբյեկտների նկատմամբ սահմանված են հարկային եւ մաքսային մի շարք արտոնություններ, մինչդեռ, ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով։ Այդպիսի արտոնություններից են, օրինակ, «Հայաստանն առանց հարկերի կամ վճարների, վավեր է ճանաչում ՀԵՄԱ-ի անձնակազմի վարորդական վկայականները կամ օդաչոփ վկայականները։ Պաշտոնական պարտականությունների իրականացման ընթացքում ճանապարհորդելիս ՀԵՄԱ-ի անձնակազմն իրավասու է օգտվել հանրային ճանապարհներից, կամուրջներից եւ օդանավակայաններից՝ առանց տուրքերի, վճարների, ճանապարհավճարների, հարկերի կամ այլ վճարումների»։

Կամ, օրինակ՝ հետեւյալ արտոնությունները․ «ՀԵՄԱ-ն իր նպատակների իրագործման համար ձեռք բերվող եւ ներմուծվող ապրանքների, մատուցվող ծառայությունների եւ օգտագործվող օբյեկտների մասով, ընդունող պետության օրենքներին եւ կարգավորումներին համապատասխան, ազատվում է բոլոր պետական, տեղական եւ համայնքային տուրքերից, հարկերից եւ վճարներից: ՀԵՄԱ-ն չի ազատվում տուրքերից, հարկերից կամ վճարներից իրեն մատուցված ծառայությունների համար: Ընդունող պետությունը, իր օրենքներին եւ կարգավորումներին համապատասխան, թույլատրում է ՀԵՄԱ-ի նպատակների իրագործման համար անհրաժեշտ ապրանքների մուտքը եւ այդ ապրանքներն ազատում է բոլոր մաքսատուրքերից, վճարներից, ճանապարհավճարներից, հարկերից եւ համանման վճարներից՝ բացառությամբ պահեստավորման, փոխադրման եւ պահանջվող ու մատուցվող այլ ծառայությունների մասով վճարների»։

Կարճ ասած՝ ԵՄ դիտորդները ՀՀ տարածքում ազատվում են ամեն տեսակ վերահսկողությունից, նրանց զբաղեցրած տարածքն անձեռնմխելի է, գույքը՝ եւս, նրանք մաքսային վերահսկողության չեն ենթարկվելու։
Սակայն ամենասարսափելին այն է, որ բուն դիտորդները եւս անձեռնմխելի են, նրանց այնպիսի անձեռնմխելիություն է տրված, որը Հայաստանում որեւէ մեկը չունի։ Ըստ այդ համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ՀԵՄԱ-ի անձնակազմը չի կարող որեւէ կերպ ձերբակալվել կամ կալանավորվել»։ Այսինքն՝ եթե վերջիններս Հայաստանում հանցագործություն կատարեն, օրինակ՝ մարդ սպանեն ու բռնաբարեն, գողություն կամ խարդախություն անեն, ապա Հայաստանի իրավապահները ոչինչ չեն ձեռնարկելու։ Քրեական իրավունքի մասնագետ, փաստաբան Ռուբեն Մելիքյանին հարցրինք՝ Հայաստանում որեւէ մեկը՝ վարչապետ, նախագահ, դատավորներ, պատգամավորներ, ունե՞ն այս աստիճան անձեռնմխելիություն՝ նկատի ունենալով, որ վերջիններիս դեպքում կա անձեռնմխելիության որոշակի աստիճան, բայց այդ անձեռնմխելիությունը չի վերաբերում այն դեպքերին, երբ բռնվել են հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։

«Նման իմունիտետ Հայաստանում ոչ ոք չունի։ Ինքնիշխանություն- ինքնիշխանություն են գոռում, բայց մենք հիշում ենք Պերմյակովի գործը, երբ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ պայմանագրի հիման վրա Հայաստանն ուներ իրավազորություն, որը Հայաստանն իրացրեց․ Հայաստանի դատարանը դատեց Պերմյակովին, որից հետո միայն փոխանցվեց Ռուսաստանին։ Այսինքն՝ այն կետը, որն այդտեղ գրված է, բնորոշ է ինքնիշխանության զրոյական մակարդակ ունեցող պետություններին, եւ զավեշտն այն է, որ այս մարդիկ խոսում են ինքնիշխանությունից։ Անգամ ռուսական զորակազմը երբեւէ նման մակարդակի իմունիտետ չի ունեցել»,- պատասխանեց Մելիքյանը։

Փաստաբանին հարցրինք՝ ի՞նչ տեղի կունենա, եթե ԵՄ դիտորդը, օրինակ, հանցանքի վայրում բռնվի, նրա պատասխանատվության հարցն ինչպե՞ս է լուծվելու։ «Ես կարծում եմ, որ սա ուղղակի եվրոպացիների պահանջն է եղել, որին չեն կարողացել չհամաձայնել։ Այնպես է ստացվում, փաստորեն, որ Հայաստանի իրավազորությունը չի գործում, եւ յուրաքանչյուր պետության իրավունքը նայելով կարող ենք հասկանալ, նրանք պատրաստ են․․․, սովորաբար քրեական օրենսգրքերում այդպիսի դրույթ է լինում՝ այլ պետության տարածքում կատարված արարքների մասով։ Բարի կամք դրսեւորելու պարագայում կարող են իրենց երկրում դատել, կարող են եւ չդատել։ Կրկնեմ․ սա զրոյական ինքնիշխանություն ունեցող երկրին է բնորոշ, այսպիսի դեպքեր լինում են Աֆրիկայի, Օվկիանիայի երկրներում»,- ասաց Մելիքյանը։ Այսինքն՝ ստացվում է, որ եթե Դանիայի քաղաքացի հանդիսացող ԵՄ դիտորդը Հայաստանում որեւէ հանցանք կատարի, ապա Դանիա՞ն է որոշելու՝ նա կպատժվի՞ Հայաստանում կատարած հանցանքի համար, թե ոչ։ Իսկ Հայաստանի իրավապահներն անզոր են լինելու` հանցագործին կալանավորելու, խափանման միջոց ընտրելու, նոր հանցանք կանխելու գործառույթներում: