Գիշերը կհանգստանանք, որպեսզի վաղը շարունակենք մեր երթը

Գիշերը կհանգստանանք, որպեսզի վաղը շարունակենք մեր երթը

Այսօր վաղ առավոտից մի շարք ընդդիմադիրներ նախաձեռնել են խաղաղ ակցիա և Իջևան քաղաքից քայլերթով գալիս են դեպի Երևան։ Hraparak.am-ը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել երթի մասնակիցներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։

«ժողովուրդը մեզ ընդունում է շատ լավ։ Հենց նոր ձայնային ազդանշանը երևի լսեցիք։ Մեքենաներն անցնում են և ողջունում մեզ պարտադիր։ Եթե բնակավայրերով անցնում ենք, բոլորն ընդունում են շատ ջերմ ու լավ։ Մթնոլորտը շատ տրամադրող է և հուշող, որ ժողովուրդը իրապես ուզում է վճռական փոփոխություն տեղի ունենա։  Ի սկզբանե չէի էլ պատկերացնում, որ մեզ մարդիկ կմիանան։ Ոմանք դիմանում են, ոմանք գալիս են և տեսնում ես, որ ֆիզիկական վիճակը լավ չի, փորձում ենք չթողնել։ Օրինակ, մեր հերոս տղերքից Արամի հայրն էր եկել, ուզում էր միանար, չթողեցինք, որովհետև ֆիզիկական վիճակը թույլ չէր տա այդքան քայլեր։ Ամեն հետաքրքրիր բան էլ  լինում է ճանապարհներին ։ Բայց ընդհանուր ջերմ աջակցությունը ժողովրդի զգում ենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Մեր այն հարցին, թե ճանապարհներին եղել են դեպքեր, որ մարդիկ վիրավորեն կամ դժգոհություններ արտահայտեն իրենց նախաձեռնության վերաբերյալ, Գեղամ Նազարյանն ասաց, որ՝ ոչ մի նման բան չի եղել, անգամ փորձ չի եղել խանգարելու։

«Օրինակ, Իջևանի խանութների կողքով, որ անցնում ենք, ամեն մի խանութ փորձում է ինչ-որ մի ձևով աջակցի։ Մեկը ջուր էր տալիս, մյուսը՝  հյութ կամ որևէ այլ բան։ Ու ոչ մի կշտամբանք, ոչ մի զրպարտանք, նույնիսկ վատ հայացք չկա։ Մեզ միացել են մարդիկ տարբեր գյուղերից։ Այս պահին հասել ենք Հովք գյուղ։ Ֆիզիկապես բավականին հոգնած ենք արդեն։ Առավոտվանից մի տեղ ենք ընդամենը նստել, այն էլ՝ 10-15 րոպեով։ Սնվեցինք և հիմա շարունակում ենք մեր ճանապարհը՝ մինչև մութն ընկնելը։ Գիշերը կհանգստանանք և առավոտից նորից կընկնենք ճանապարհ»,-ասաց Գեղամ Նազարյանը։