Ինչում են մեղադրում Իշխան Սաղաթելյանի հորը

Ինչում են մեղադրում Իշխան Սաղաթելյանի հորը

«Հրապարակ»-ը երեկ գրել էր, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Ի. Սաղաթելյանը հաստատել էր էլ մեր լուրը՝  նշելով, որ սա հերթական կարված գործն է՝ զուտ քաղաքական հետապնդման նպատակով: Սակայն այլ մանրամասներ գործի վերաբերյալ չէր հայտնել։ 

Դատախազությունից այսօր մեզ ասացին, որ Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այս տարվա մարտի 22-ին՝ քրեական օրենսգրքի 315թ․-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութություն։

Հոդվածը մեկնաբանվում է՝  պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Վաչիկ Սաղաթելյանը եղել է Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գյուղապետը: