Սա առնվազն խոսում է տեքստը գրող դատախազի անգրագիտության մասին
Դատախազությունը որոշել է, որ պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ 16/19 որոշումն «իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում»։ Արթուր Դավթյանը «պարզաբանել» է ՍԴ որոշումը, որով բավարարվեց «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի հարցով փաստաբան Արամ Վարդեւանյանի հայցը՝ որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո անձը չի կարող պահվել անազատության մեջ, քան ԱԺ-ի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: 3 պատգամավորներն էլ ազատ արձակվեցին։
Դատախազությունն իր պարտքն է համարել բարձրագույն դատարանի պորտը տեղը դնել։ Հասկանում ենք, որ գլխավոր դատախազը զգացմունքային տղա է, ինչը երեւաց նրա՝ դհոլ խփելու կադրերից։ Նրա տրամաբանությամբ, պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է նրանց, ովքեր քրեական հետապնդում սկսելու պահին արդեն պատգամավորի կարգավիճակ ունեն։ ՍԴ բացատրությունը, թե պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը, դատախազությունը համարում է հակասական, քանի որ նույն ՍԴ-ն գտել է, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու համար ՀՀ Ազգային ժողովի համաձայնություն չի պահանջվում։
«ՍԴ որոշումը խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս,- ասվում է դատախազության պարզաբանման մեջ,- ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան 10 տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ եւ ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից»։
Մինչդեռ պատգամավորն անձեռնմխելի է, որպեսզի իր գործունեության ընթացքում կաշկանդված չլինի դրանով պայմանավորված հետապնդման ենթարկվելու մտավախությամբ։
Արթուր Դավթյանն իր մտքերի երկարաշունչ ու գլխացավ առաջացնող շղթան բերում-հասցնում է եզրակացության, թե ՍԴ-ի մեկնաբանությունը վտանգավոր է, իսկ վտանգն այն է, որ ժողովրդավարական երկրներում անձեռնմխելիության ինստիտուտից հրաժարվելու միտում կա, մինչդեռ մեր ՍԴ-ն իր «վտանգավոր» մեկնաբանությամբ ուժեղացնում է այդ ինստիտուտը: Հասկանալի է, որ Արթուր Դավթյանը մտահոգ է ոչ թե «ինստիտուտի», այլ ընդդիմության ուժեղացմամբ, բայց ի՞նչ իրավական ուժ ունի «պարզաբանում» կոչվող այս սիրո խոստովանությունը ՔՊ-ին, ի՞նչ նպատակ, բացի քաղաքական մեծամասնության սիրտը շահելուց, ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, պատասխանելով մեր հարցերին, հիշեցնում է․ ոչ մի մարմին Հայաստանում իրավունք չունի ՍԴ որոշումներին մեկնաբանություններ տալ, նույնիսկ ՍԴ-ն իր կայացրած որոշումները մեկնաբանել չի կարող։ «Դրանք վերջնական են, բողոքարկման ենթակա չեն ու պարտադիր են կատարման։ Բոլոր իրավական մարմինները պետք է դրանք կատարեն։ ՍԴ որոշումը կարող է հիմք հանդիսանալ դատախազության գործունեությանն իրավական գնահատական տալու, ինչո՞ւ էին այդ մարդիկ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, զրկել մարդկանց իրենց պատգամավորական գործունեությունն իրականացնելու։ Նրանք դրանով իսկ ազդել են օրենսդիր գործունեության վրա, քանի որ, լինելով ազատության մեջ, այդ պատգամավորներն այնպիսի ելույթներ կարող էին ունենալ, որոնք, օրինակ, կազդեին քվեարկության արդյունքի վրա։ Իսկ սա նշանակում է, որ դատախազությունը խոչընդոտել է ԱԺ բնականոն գործունեությանը, ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասում է Ղազարյանը։
Դատախազությունը վտանգ է տեսնում, որ մարդասպանը կամ բռնաբարողը կարող է պատգամավոր դառնալ ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։ «Սա ծիծաղելի է։ Ընտրական օրենսգիրքն արգելում է նման մարդկանց՝ բռնաբարողների, մարդասպանների, պատգամավոր դառնալ։ Սա առնվազն փաստում է այդ տեքստը գրող դատախազի անգրագիտությունը»,- պատասխանեց Ղազարյանը։
Ինչպես արդեն հաղորդել ենք, ՍԴ-ն որոշումն ընդունել է դատավորներ Արման Դիլանյան, Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Արայիկ Թունյան, Աշոտ Խաչատրյան, Էդգար Շաթիրյան, Արթուր Վաղարշյան, Արեւիկ Պետրոսյան կազմով։ Հրայր Թովմասյանը, Արեւիկ Պետրոսյանը եւ Արթուր Վաղարշյանը հատուկ կարծիք են հայտնել, որը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին։ Առաջ ընկնելով՝ փորձեցինք ճշտել, թե ով ինչպես է քվեարկել, բայց դատավորները հակված չէին բացահայտել դա։ «Անձնապես կողմնակից եմ բոլոր դատավորների քվեարկության հրապարակայնացմանը, բայց սահմանադրական օրենքի պահանջն է, որ դա պետք է գաղտնի մնա»,- ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Կարծիքներ