Դուք գոնե հասկանո՞ւմ եք ինչ եք ասում

Դուք գոնե հասկանո՞ւմ եք ինչ եք ասում

Երեկվանից իրենց «քաղաքագետ» համարող ինչ որ անձինք իրենց պատառոտում են, թե գերեվարված անձի` Վագիֆ Խաչատրյանի մասին գրված լուրը վնասելու է նրան և հարձակում են գործել այդ հրապարակումն արած լրատվամիջոցների վրա: Իրականում այս կեղծ «վերլուծաբաններն» են վնասում մեր երկրին և կոնկրետ այդ անձին: Ինչու: Որովհետև, նախ չի կարելի մտնել ադրբեջանական տրամաբանության մեջ և համարել, որ Արցախում կարող են հանցագործներ լինել` լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան ու զավթողական քաղաքականությունը: Երկրորդ, որովհետև Արցախի բնակչության մեծ մասը կռվել է, աշխատել է բանակում և բանակի համար: Եվ եթե բանակում վարորդ աշխատած մարդը «հանցագործ» է, ապա «հանցագործ» են բոլորը, որովհետև մեկը հաց է թխել բանակի համար, մյուսը համազգեստ է կարել, երրորդը կարտոֆիլ է վաճառել:

Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին, նա ոչ մի մարտական գործողության չի մասնակցել, մեզ ասացին, որ ոչ թե բանակի, այլ իրենց գյուղի վարորդն է եղել: Եվ նրան տանելու պատճառը ոչ թե իր անցյալն է, իր արարքները, այլ սրանով Ադրբեջանը փորձում է աշխարհին հասկացնել, որ անգամ Կարմիր խաչի հումանիտար գործունեությունն է արգելելու, առանց վախենալու միևազգային սանկցիաներից: Այս քայլով Ադրբեջանը վախեցնում է հայերին և վերջին թելն է կտրում Հայաստանի հետ, որ այլ ելք չմնա, քան ինտեգրումը: