Խղճալի վիճակ

Խղճալի վիճակ

Ստացվեց այնպես, որ նույն օրը` անցած երեքշաբթի, մեր ֆուտբոլի երկու հավաքականներ (ազգային գլխավոր եւ 19 տարեկանների թիմերը) Իռլանդիայում եւ Գերմանիայում տարվա ավարտական խաղեր անցկացրին եվրոպական ստուգատեսի սահմաններում։ Հատկապես կարեւոր ու որոշիչ էր Դուբլինում կայացած մրցամարտը ե՛ւ դաշտի տերերի, ե՛ւ հյուրերի համար։
Մայրցամաքի ազգերի լիգայի առաջնության B դիվիզիոնում իր տեղը պահպանելու համար մեր գլխավոր թիմին անհրաժեշտ էր միմիայն հաղթանակ, իսկ դաշտի տերերին, նույն խնդիրը լուծելու համար, բավարարում էր նաեւ ոչ- ոքին…

Վճռորոշ տուրում նման բարդ առաջադրանքին դրական լուծում տալը, հասկանալի է, մեր թիմի համար չափազանց լուրջ պարտավորություն էր։ Սակայն ծանր կացության մեջ հայտնվելու մեղավորներն իրենք` ֆուտբոլիստներն էին՝ իրենց մարզչի հետ մեկտեղ։ Հաղթանակով սկսելով ընտրական մրցաշարը, ի դեպ, նույն իռլանդացիների նկատմամբ (1:0), մեր ընտրանին այնուհետեւ մի տեսակ լրիվ կերպարանափոխվեց՝ իրար ետեւից չորս անգամ անհաջողության մատնվելով 1:14 ընդհանուր հաշվով, իսկ օրերս էլ, ընդունելով Ուկրաինայի թիմին, ընդհանրապես խայտառակ պարտություն կրեց՝ 0:5 հաշվով, մի բան, որ Երեւանում դժվար էր պատկերացնել։

Սակայն եթե օբյեկտիվորեն մոտենանք դրան, պետք է խոստովանենք, որ մեր հավաքականն իր ներկայիս խաղային որակներով, ե՛ւ անհատական, ե՛ւ թիմային գործողությունների վարպետությամբ այլ ճակատագրի, ցավոք, արժանի էլ չէր։ Եկեք հիշենք անցյալ տարվա ելույթները, երբ մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում եթե թիմը մեկնարկային երեք հանդիպումները շահեց՝ մեծ հույսեր ներշնչելով բոլորիս, ապա հաջորդ հինգ խաղերում, դա դժվար է երեւակայել, կտրուկ նահանջ ապրեց՝ բավարարվելով ընդամենը երեք միավորով եւ գրանցելով 2:9 ընդհանուր հաշիվ։ Ինչի մասին է խոսքը, որ նույնիսկ Երեւանում մեր ընտրանին անկարող եղավ առավելության հասնել, փաստորեն, ընդամենը 30 հազար բնակիչ ունեցող իշխանապետության` Լիխտենշտեյնի նկատմամբ։

Դուբլինում էլ արդեն 18-րդ րոպեին իռլանդացիները բացեցին հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսը սկսելուն պես դաշտի տերերից Օբաֆեմիի` մոտ 20 մետրից կատարած հարվածը հասավ նպատակին, թեեւ դարպասապահ Յուրչենկոն կարող էր, պարտավոր էր չեզոքացնել վտանգը։ Իսկ ահա խաղավերջում, երբ թվում էր՝ ամեն ինչ վճռված է, այլեւս ոչինչ չունենալով կորցնելու, հայաստանցիները համարձակ գործողություններով, մրցակիցներին անակնկալի բերելով, ընդամենը երեք րոպեի սահմաններում հավասարեցրին հաշիվը։ Նախ, շեշտակի հարվածով մրցակցի դարպասը, թույլ տվեք ասել` գնդակահարեց Դաշյանը, ապա նուրբ տեխնիկայով փայլեց Սպերցյանը։ Մեր տղաները, ոգեւորված դրանով, կարծես թե պատրաստ էին շարունակել ակտիվ գործողությունները, սակայն, ավաղ, տեղի ունեցավ ամենաանսպասելին` դուբլինցիների սուր հակագրոհներից մեկը դրամատիկ ավարտ ունեցավ` իրադարձություններին միջամտեցին VAR կոչված դրսի մրցավարները՝ փաստելով ձեռքով խաղ։ Նշանակվեց 11 մետրանոց, ինչը մրցավարի հետ վիճաբանության պատճառ դարձավ, որ մեր թիմից հեռացվեցին Դաշյանն ու Համբարձումյանը։ Ի վերջո, 11  մետրանոցն իրացվեց, եւ գրանցվեց 2:3։ Իսկ սա նշանակում է, որ հաջորդ նման մրցաշարում Հայաստանի հավաքականը ստիպված է լինելու հանդես գալ ավելի ստորին` C դիվիզիոնում։

Այն էլ ասենք, որ իռլանդացիներից կրած պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ մեր թիմի ավագ մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։

«Սպորտում ո՞ւմ վստահել եւ ո՞ւմ մերժել» տարածված հարցերի հետ կապված՝ ցանկություն առաջացավ երկու փաստացի ու անսովոր զուգահեռ անցկացնել մեզ մոտ տարածված սովորության հետ։ ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում անցկացված առաջին իսկ խաղում հանդես գալով Զագրեբում, Լոնդոնի «Չելսին» անակնկալի մատնվեց՝ 0:1 հաշվով զիջելով տեղի «Դինամոյին»։ Սակայն սա էլ բավական էր, որպեսզի անգլիական թիմի մարզիչ Թոմաս Տուխելին հեռացնեն աշխատանքից։ Իսկ Ուկրաինայի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այն բանից հետո, երբ թիմը Եվրոպայի ազգերի լիգայի մրցումներում 0:3 հաշվով տանուլ տվեց շոտլանդացիներին, հաջորդ խաղը Հայաստանի թիմի հետ հանդիպելու համար, պարզվեց, Երեւան էր բերել, կարող եք չհավատալ, ամբողջովին թարմացած կազմով թիմ, բերեց ու չփոշմանեց։ Իսկ ահա մենք անցյալ տարվա կտրուկ նահանջից հետո էլ ուշքի չեկանք։ Այստեղ ակամա ցանկանում եմ կրկնել ԶԼՄ-ներում տարածված մեր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի ասուլիսից մի կտոր. «Երբ հրավիրում էինք Խոակին Կապառոսին, հստակ ձեւակերպել էինք խնդիրը` պայքարել հաղթանակի համար Ազգերի լիգայում, ներգրավել նոր ֆուտբոլիստներ աշխարհի առաջնության ընտրական փուլում, հետագայում էլ պայքարել Եվրո 2024-ի ուղեգրի համար…»։ Իրականում ի՛նչ ստացվեց` խղճուկ իրավիճակ։ 

Իսկ գործող ֆուտբոլիստներից էլ հիշեցի մեր փորձառու, առանցքային խաղացող Հենրիխ Մխիթարյանին, նրան, ով արժանի հեղինակություն էր վայելում՝ ելույթներ ունենալով ֆուտբոլային գերտերություններում` Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում։ Հիշեցի, ցավոք, այն պատճառով, որ ցանկացած մարզիկի համար մեծ երազանք է հանդես գալ ազգային հավաքականում, իսկ մեզ մոտ ստացվել է ճիշտ հակառակ ու տխուր պատմություն` ամենաբարձր գնահատականի արժանացած այդ գրոսմայստերը… հրաժարվեց հանդես գալ մեր երկրի գլխավոր թիմում, եւ այդ ամենի տխուր հետեւանքը մենք տեսնում ենք մեր ֆուտբոլում։

Տեղին է հիշեցնել, որ ամենասիրված խաղի վաղվա օրն էլ ներկայացնող ե՛ւ վերեւում նշված 19, ե՛ւ 21 տարեկանների եվրոպական ընտրական մրցաշարերի ամփոփիչ  աղյուսակներում Հայաստանը ներկայացնող այդ թիմերը հաստատապես ամրապնդվել են ամենաստորին աստիճաններին։ Սա էլ կարծես քիչ է անհանգստացնում իրավիճակի համար պատասխանատուներին։
Ինչ վերաբերում է Հենոյին, ապա նման արտասովոր վճիռը, որպես հետեւանք, ինչպես հաղորդում էին հրապարակված տարբեր աղբյուրներ, կայացվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հավաքական թիմի մարզչի հետ առաջացած անառողջ մթնոլորտի հետեւանքով։ Այո, ֆեդերացիայում տիրող գործելաոճը մեռելածին է, ուստի այստեղ էլ վերից վար թարմ շունչ հաղորդելու անհրաժեշտությունը, ելնելով մեր ֆուտբոլի շահերից, մեծ է։ Իսկ առանցքային երաշխիքը պրոֆեսիոնալիզմն է, ինչը, դժբախտաբար, կաղում է։

Միսակ Նազարյան