«Մենք պինդ ենք»․ Ֆրանսիայում մեծ ցույց է նախապատրաստվում հայերի կողմից

«Մենք պինդ ենք»․ Ֆրանսիայում մեծ ցույց է նախապատրաստվում հայերի կողմից

Ֆրանսիայում այս գիշեր հայկական համայնքի կողմից խոշորամասշտաբ բողոքի ցույցեր կկազմակերպվեն Ադրբեջանի դեսպանատների առջև։ Դրանք կընթանան բոլոր մեծ քաղաքներում։ ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայում բնակվող Մուրադ Փափազյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայի հայ համայնքը մոբիլիզացվել է, այս նախաձեռնության միացել են բոլոր հայկական կազմակերպությունները, եկեղեցին, բոլորը․

«Երբ կիրակի օրը պատերազմական առաջին քայլերը սկսան, մենք ուղղակի կապի մեջ մտանք Ֆրանսիայի նախագահության հետ և տարբեր պատգամավորներու հետ, որպեսզի մեր զորակցությունը հայտնենք Հայաստանին և Արցախին, և գործի լծվինք, որովհետև այդ տպավորությունը ունինք, որ կռնար տևել։ Ուրեմն մենք հավաքեցինք մեզ բարեկամ բոլոր պատգամավորները և այս գիշեր ցույց կկազմակերպենք Ադրբեջանի դեսպանատան առջև՝ Փարիզին մեջ։ Երեկ նախագահ Մակրոնի թիմի հետ էինք նախագահական պալատում, նաև ֆրանսիական մամուլի մոտ, հեռուստաընկերությունների մոտ, մեր աշխատանքը կտանենք, որպեսզի հնչի պռոհայկական ձայնը Ֆրանսիայի մեջ։ Արդեն մենք գիտենք, որ Ֆրանսիայի կառավարությունը և քաղաքական դասակարգը պռոհայկական է, ասիգա հստակ է, բայց Թուրքիան և Ադրբեջանը միասին իրենց լոբինգը կշարունակեն։ Այսօր ցույցը շատ կարևոր է, որովհետև խաղաղության համար ցույց մըն է։ Մենք կպահանջենք, որ միջազգային ընտանիքը դատապարտե Ադրբեջանի պատերազմական նախաձեռնությունները, որ հիմա նաև Հայաստանի Հանրապետության դեմ են, ինչպես որ հուլիսին եղած էին մեր Տավուշի դեմ, և ուրեմն շատ ավելի կարևոր է, անշուշտ, քանի որ դա միջազգային իրավունքի լուրջ խախտում է։ Մենք պինդ ենք, մենք հռչակած ենք ազգային միասնականություն , համահայկական աշխատանք և գործակցություն՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի,  ի նպաստ հայ ժողովրդի ընդհանրապես»,- ասաց Փափազյանը։

- Ո՞ր կազմակերպություններն ու կուսակցություններն են մասնակցելու։

- Ուրեմն ֆրանսահայության կազմակերպությունները  համակարգող խորհուրդն է, որ կկազմակերպե՝ CCAF -ը, ես ՀՅԴ բյուրոյի անդամ եմ, բայց CCAF- ի համանախագահ եմ։ CCAF-ը կհամակարգե բոլոր կուսակցություններն ու կազմակերպությունները, եկեղեցիները, միասնական կառույց մն է։

- Բացի բողոքի ակցիաներից այլ միջոցառումներ պլանավորվո՞ւմ են, և ի՞նչ մասշտաբներ եք կանխատեսում։

- Ասիգա առաջին հանգրվանն է, որ մենք կուզենք մեր ձայնը լսելի դարձնել, ուրեմն կենտրոնացուցինք մեր ջանքերը բողոքի աշխատանքներուն, որպեսզի դատապարտվի Ադրբեջանը և քաջալերեցինք որպեսզի Ֆրանսիան նաև միջազգային գետնի վրա իր ձայնը լսելի դարձնե։ Ասիգա առաջինն է։ Երկրորդ՝ ուրեմն կան կազմակերպություններ, որ կուզեն ուղղակի դաշտի վրա իրենց զորակցությունը հայտնել բանակին, կա Հայ կապույտ խաչը, որ աշխատանքներ կտանե, կան երիտասարդական կազմակերպություններ, որ աշխուժացան և ի նպաստ բանակի զորակցական աշխատանքներ կտանեն։ Միայն Ֆրանսիայում չէ, ինչպես ամբողջ աշխհարին մեջ, ամենքը շատ-շատ մեծ աշխատանք կտանեն, ամենքը բանակի կողքին են, Հայաստանի և Արցախի կողքին են։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ, այդ մասին Հայաստանում պաշտոնապես հայտարարվեց, սակայն Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում ոչինչ չկա այդ մասին։ Ինչպե՞ս սա կարող եք մեկնաբանել։

- Մենք երբ իր մոտ էինք, նախագահը խոսեցավ այդ մասին։ Տեսանք, որ նախագահ Մակրոնը խոսակցություն ունեցավ Հայաստանի վարչապետի հետ և նաև Ադրբեջանի նախագահին հետ։ Հայաստանի ղեկավարությանը հայտնեց Ֆրանսիայի զորակցությունը և Ադրբեջանի նախագահից պահանջեց, որ վերջ դնե իր պատերազմական քայլերուն։

- Այսինքն՝ Ֆրանսիան հայամե՞տ դիրքորոշում ունի։

- Շատ հայամեդ, բայց որովհետև Ֆրանսիան Մինսկի խմբակի համանախագահ է, պետք է, որ նաև կշիռ պահե Արցախի հիմնահարցի լուծման շուրջ։ Այսօր կեսօրեն ետ կա ՄԱԿ-ի ժողով՝ Արցախի հարցով, Ֆրանսիան պռոհայկական կեցվածք մը պիտի ունենա։ Կամ հինգշաբթի կա Եվրոպական խորհուրդի ժողով մը, Եվրոպական միության բոլոր երկրները ժողով պիտի գումարեն, և Ֆրանսիան համոզե Գերմանիային, որ Թուրքիո նկատմամաբ շատ խիստ քաղաքականություն վարվի։ Տարներ ի վեր մենք մեր գործը կընենք Ֆրանսիայի տարբեր կառավարություններուն մոտ, տարբեր նախագահներուն մոտ, և տարբեր խմբակցություններուն մոտ։ Մենք մեր լոբբինգի աշխատանքը կտանենք իբրև ֆրանսիացի, իրբև ֆրանսիացի ավելի շատ կշիռք ունի։ Մենք տարեկան ընթրիք մը ունինք CCAF-ի, որ միշտ նախագահները կուգան, նախարարներ, պատգամավորներ։ Իրենք կհասկանան, թե ինչ է մեր բնույթը, որ մենք 100 տոկոսով ֆրանսիացի ենք և 100 տոկոսով հայ ենք։ Մենք ֆրանսիացի ենք, բայց մենք, անշուշտ դարդը մը ունինք, երկիր մը ունինք պաշտպանելիք, Արցախը կա։ Թուրքերը Ֆրանսիայի մեջ թուրք կմնան, այդ է տարբերությունը, և ասիգա ֆրանսիացիները հասկցան։

- Հայաստանի կառավարությունը կոչ է արել սփյուռքի մեր հայրենակիցներին վերադառնալ, աջակցել հայոց բանակին։ Սփյուռքում մոբիլիզացիա տեղի ունենո՞ւմ է, Հայաստան գալ ցանկացողներ կա՞ն։

- Այո, կան, այստեղ շարժման կենթարկվին։ Կան, որ կվերադառնան Հայաստան, կերթան ծառայելու համար, անշուշտ։