«Բերան փակելու» հերթական գործի՞քն է ստեղծվում

«Բերան փակելու» հերթական գործի՞քն է ստեղծվում

Անցյալ տարեվերջին ՀՀ կառավարությունն առաջարկեց փոփոխություններ կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում, որով Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ են դառնալու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչերն ու գործողությունները։ Դատելով 2022 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հիմնավորումից, գործող օրենսդրությունը քրեական պատասխանատվություն է ենթադրում սահմանադրական կարգը տապալելու, այդ թվում նաեւ՝ Սահմանադրության 1-ին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու եւ դրան ուղղված բռնի կոչերի համար, մինչդեռ,, օրինակ, ինքնիշխանությունից բռնի հրաժարվելու կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։

Պետությունը տեսականորեն փորձում է ինքնիշխանության պաշտպանության քրեաիրավական քայլեր ձեռնարկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնիշխանությունը կամ սուվերենիտետն առավել ընդհանուր իրավաբանական հատկություններն արտացոլող հասկացություն է եւ անվիճարկելի ատրիբուտներից մեկը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, որ նախագծի ընդունմամբ որեւէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյություն չունենալու մասին եւ ընդհանրապես չի կարող ինքնիշխանությունը նսեմացնելու եւ դրան ուղղված գործողություններ կատարել։

Չխորանալով հարցի իրավական նրբությունների մեջ, անդրադառնանք մի հետաքրքիր նյուանսի, որը, կարծում ենք, պարունակում է Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Այն, որ ինքնիշխանությունը պետականության հիմնական եւ անսակարկելի ատրիբուտներից է, հասկանալի է ինքնին, եւ դա չի կարող որեւէ մեկի կողմից վիճարկվել։ Այն, որ մենք այժմ այնպիսի իրավիճակում ենք, որ մեզ անհրաժեշտ է պաշտպանել մեր պետականությունը, դա էլ կյանքի ամենօրյա ընթացքով ենք համոզվում։ Սակայն նմանատիպ փոփոխություններն ու օրենսդրական ամրագրումները բավական վտանգավոր են, որովհետեւ որքան էլ իրավաբանական սահմանումներն ու ձեւակերպումները լինեն բյուրեղացած ու հստակ, այնուհանդերձ, միշտ «սողանցքներ» կլինեն, որոնք կարող են հարկ եղած դեպքում նաեւ չարաշահվել։

Օրինակ, ի՞նչն է համարելու իշխանությունը, վարչապետ Փաշինյանի բառերով ասած՝ «ինքնիշխանության նսեմացման» կոչ կամ գործողություն։ Գաղտնիք չէ, որ որեւէ գլոբալ կամ ռեգիոնալ ինտեգրացիոն միավորի միանալիս պետությունները որոշ չափով զիջում են իրենց ինքնիշխանությունից։ Եվ, ուրեմն, օրինակ, եթե որեւէ մեկը վաղը կոչ անի, թե հարկ է, որ Հայաստանը միանա Եվրամիության գոտուն, արդյոք դա համարվելո՞ւ է ինքնիշխանության նսեմացման փորձ։ Հիշեցնենք, որ որքան հայտնի է, երբ պետությունը միանում է եվրագոտուն, տվյալ պետության կենտրոնական բանկը եվրոպական կենտրոնական բանկին է փոխանցում դրամավարկային քաղաքականության իրականացման, նույնիսկ՝ թղթադրամային քանակի տպագրության հետ կապված իրավունքներն ու որոշում կայացնելու լիազորությունները։ Կամ՝ եթե Հայաստանում կոչ հնչի, որ պետք է Հայաստանը միանա ՆԱՏՕ-ին կամ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, դա կարո՞ղ է համարվել ինքնիշխանության նսեմացման կոչ կամ գործողություն։ Ստացվում է, որ նման փոփոխությունը, որքան էլ տեսականորեն համարենք ազնիվ, հայրենասեր ու անշահախնդիր մղումներից բխած, գործնականում կարող է վերածվել «բերան փակելու», գրաքննելու եւ խոսքի համար մարդկանց պատժելու հերթական գործիքի։ Հատկապես, որ այդ հիմքով խոսքի ազատության սահմանափակումն իշխանությունները համարում են արդարացված եւ լեգիտիմ ու փորձում են նաեւ հիմնավորումներ գտնել եվրոպական իրավունքի բազայում։