Ո՞ւմ է հաճոյանում գյումրեցի «Շանթը»

Ո՞ւմ է հաճոյանում գյումրեցի «Շանթը»
Շանթ հեռուստաընկերություն

«Շանթ» հեռուստաընկերության եթերի վազող տողում կարդում եմ․ «Ռուսաստանի Դաշնության Ղրիմ թերակղզու Սիմֆերոպոլ քաղաքում…»: Արտագնա աշխատանքի սովորական հայտարարություն է: Արտառոցը ձեւակերպումն է՝ «Ռուսաստանի Դաշնության Ղրիմ թերակղզու»:
Ղրիմն Ուկրանիային էր պատկանում, եւ 2014 թվականի մարտին Ռուսաստանն այն իրենով արեց: Մի երկու երկիր միայն չի դատապարտում Ռուսաստանին, աշխարհը դատապարտում է, տնտեսական պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ: Եվրոպան էլ է պատժում Ռուսաստանին, իսկ Հայաստանը մտադիր է Եվրոպա «դառնալ»:

Գյումրեցի «Շանթը» դեմ է աշխարհին ու Ղրիմը ճանաչում է որպես Ռուսաստանի մաս: Ես հասկանում եմ, որ վազող տողը սովորական գովազդ է, հեռուստաընկերությունը եթերով տարածում է այն, ինչի համար վճարում են: Բայց առանց նախապես նայել-կարդալո՞ւ: Իսկ եթե առաջարկեն եթեր հեռարձակել «Աշխարհին խաղաղություն եւ բարգավաճում բերող «Իսլամական պետություն» լուսավոր կազմակերպությունում աշխատանքի է հրավիրվում մահապարտ-ահաբեկիչ» կամ «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայ զավթիչներից ազատագրելու համար պահանջվում են դիվերսանտներ» կարգի հայտարարություններ, դարձյա՞լ առանց հապաղելու կտարածեն:

Ակնհայտ է, որ «Շանթի» եթերում «Ռուսաստանի Դաշնության Ղրիմ թերակղզի» ձեւակերպման պատվիրատուն Ղրիմում աշխատող մի հայ է, որը, ամենայն հավանականությամբ, սա արել է, որ հայերեն կարդացող ռուս ընկեր-գործընկերոջ մոտ թիթիզանա։ Բայց եթե նա չգիտի, «Շանթ»-ում հո գիտեն, որ 1994 թվականի հունիսի 21-ին միայն Շիրակի մարզում հեռարձակում սկսած հեռուստաալիքը 2008 թվականից հեռարձակվում է նաեւ արբանյակով՝ ողջ աշխարհում: Չեմ կարծում, թե Ռուսաստանի կամ Ուկրաինայի պատկան կառույցներն օրուգիշեր հետեւում են «Շանթի» եթերին: Բայց հավանական է, չէ՞, որ հայերենին տիրապետող մի ուկրաինացի «Շանթի» եթերում տեսնի հակաուկրաինական ու ռուսապաշտ հայտարարությունն ու մի երկու ընկերոջ հետ իր հարազատ քաղաքում մի քանի հայի հալածի: Կամ՝ հայտարարությունը պատահաբար տեսնի Ուկրաինայի մի պաշտոնյա, եւ օրեր անց Ուկրաինան պաշտոնական պարզաբանում պահանջի Հայաստանից:

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, երբ հայերի մասնակցությամբ կռվի արդյունքում ղազախ զոհվեց, հակահայկական ալիքի վերածելու փորձ եղավ: Փառք Տիրոջը՝ չհաջողվեց: Բայց նման փորձ անողներ եղել են, կան ու կլինեն բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում: Իսկ ռուսների ձեռքը «կրակն ընկած» Գյումրիի զավակը պետք է որ լավ իմանա՝ ռուսը հուսալի գործընկեր չէ, «քցող» է: Անթույլատրելի, դատապարտելի եւ զզվելի է մեկ ռուսի առաջ թիթիզանալու համար վտանգել այլ երկրներում ապրող հայերի խաղաղ կյանքը կամ Հայաստանի եւ այլ երկրի միջպետական հարաբերությունները: Գույները չեմ խտացնում: Հիշեք Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»:

Անդրանիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ