Մեկ վերելակի համար պահանջվում է 25-30 հազար դոլար, այլես հիմնանորոգելու տեղ չկա

Մեկ վերելակի համար պահանջվում է 25-30 հազար դոլար, այլես հիմնանորոգելու տեղ չկա

Օրերս մամուլում հրապարակում եղավ, որ բազմաբնակարան շենքերից մեկի վերելակը վթարվել է, որտեղ եղել է չորս անձ: Ավելի ուշ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Աջափնյակում՝ 16-րդ թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը երկրորդ հարկից սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չեն ստացել։

Երեկ էլ Հայկ Մարությանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերելակների խնդրին, ասել էր, որ իրենց գործը լինելու է վերելակները փոխելը, իսկ բնակիչները տարիների ընթացքում պետք է վճարեն այդ գումարը:

«Վերելակմոնտաժ ՍՊԸ» հիմնադիր Միքայել Կիրիմյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերելակները մաքսիմալ շահագործման իրավունք ունեն 20-25 տարի․ «Երեւանի 90 տոկոսը տեղադրվել են մինչեւ 90-ականները, անցել է տարին, եւ յուրաքանչյուր վերելակ տեղադրվելուց հինգ-յոթ տարին մեկ հիմնանորոգման կարիք ունի, վերջին հիմնանորոգման աշխատանքներն էլ 2008-2009 թվականներին են ավարտվել: Վերելակային տնտեսությունը Երեւանում շատ վատ վիճակում է, բայց երեկվա ընկած վերելակի մասին մի փոքր իմացել եմ: Այդպիսի բան հնարավոր չի, որ մի ճոպանը պոկվել է, ինքն ընկել է առաջին հարկ, դա ինչ-որ ուրիշ մի բան է եղել»:
Դիտարկմանը, թե Մարությանի խոսնակն է նման հայտարարություն արել, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Քաղաքապետարանի խոսնակը հասկանո՞ւմ է ճոպաններից: Եթե մեկը կտրվի, չի կարող ընկնել, եթե երեքն էլ կտրվեին, էդ դեպքում կարող էր ընկնել, այդ ժամանակ պետք է գործեն վթարային արգելակները, ինչը հնարավոր է չգործի: Յուրաքանչյուր շենքի համար 25-30 հազար դոլար է պահանջվում, որովհետեւ էլ հիմնանորոգման տեղ չկա»:

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ Մարությանի հայտարարության վերաբերյալ նշեց․ «Պետք է քաղաքապետարանն իր պատկերացրած մոդելը հրապարակի, որպեսզի հասկանանք՝ բնակիչների վրա ի՞նչ  բեռի մասին է խոսքը: Մի քանի ամիս է անցել, մենք վերելակային տնտեսության արդիականացման մասին լսել ենք դեռեւս միայն գեղեցիկ բառակույտ»: