Կարեն Գիլոյանն անօրինականություննե՞ր է արել․ ֆեդերացիայի անդամները դիմել են դատախազություն

Կարեն Գիլոյանն անօրինականություննե՞ր է արել․ ֆեդերացիայի անդամները դիմել են դատախազություն

ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայում անօրինականություններ են տեղի ունեցել։ Ֆեդերացիայի նախագահության անդամ, փաստաբան Վրեժ Խաչիկյանը մեզ պատմեց «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա»» հասարակական կազմակերպության նախկին ղեկավար անձանց և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող մի շարք աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ անօրինականությունների վերաբերյալ։

Ըստ մեր զրուցակցի՝ նախարարությունը անօրինական կերպով 21 միլիոն դրամ է հատկացրել ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Վարդան Ղահրամանյանին, որն օրեր առաջ ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում․ «Ցանկացած ֆեդերացիա՝ որպես հասարակական կազմակերպություն, գործում է ՀԿ-ի մասին օրենքով եւ իր կանոնադրությամբ, վերջինս չպետք է հակասի ՀՀ օրենսդրությանը։ Պետության լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ-ն, իրավասու է միայն միջամտել պետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցները վերահսկելու, այսինքն՝ դա արդյունավետ է ծախսվում, թե ոչ, այլ իրավասություն չունի միջամտելու, բայց մենք փաստորեն ականատես եղանք հետեւյալ իրականությանը․ մի խումբ մարզիչներ, այդ թվում՝ նաեւ ես, դիմել էինք ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, քանի որ ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը օրենքով իրավասու չէ ներկայացնել ֆեդերացիան, չունի լիազորագիր, ընդամենը կնիքը գտնվում է իր մոտ, սակայն իր հետ կնքվել է պայմանագիր։

Մինչդեռ 2017 թվականի հուլիսի 17֊ի նախարարի որոշում կա, ըստ որի պետք է պայմանագիր կնքվի ռեգիստրում գրանցված նախագահի հետ կամ նրա կողմից լիազորված անձի հետ, իսկ մենք տեղյակ ենք, որ Վարդան Ղահրամանյանը լիազորված անձ չէ։ Մենք հիմա ասում ենք՝ հարգելի, նախարարություն, մեզ տվեք այն փաստաթղթերի պատճենները, որոնք ձեզ համար հիմք են հանդիսացել, որպեսզի դուք պայմանագիր կնքեք Ղահրամանյանի հետ եւ տրամադրեք 21 միլիոն դրամ։ Սակայն այն չի տրամադրվում»։ Խաչիկյանը եւ մի քանի անձ դիմել են գլխավոր դատախազություն, քանի որ նախարարությունը ոչ լիազոր անձին գումար է տրամադրել։ «Հանդիպում կազմակերպվեց պարոն Գիլոյանի հետ, որ պետք է տրամադրի տարածք նախարարության շենքում, ինքն էլ ներկա գտնվի, որպեսզի մենք՝ նախագահության անդամներս, կազմակերպենք համաժողով, որտեղ պետության տրամադրած գումարը հատկացվի այն իրավասու անձին, ով իրավունք ունի ներկայացնել ֆեդերացիան։

Ընտրության օրից մի քանի օր առաջ ես ստացա հաղորդագրություն ԿԳՄՍ աշխատակցից՝ համաժոովի օրվա եւ ժամի վերաբերյալ։ Մենք մեր մարզիչների տվյալներն ուղարկեցինք, եւ անցած ուրբաթ օրը գնացինք նախարարության շենք, որպեսզի հասկանանք համաժողով ենք անելու, թե քննարկում՝ համաժողով անելու հարցի վերաբերյալ։ Ի զարմանս ինձ, պարզվեց, որ այնտեղ ցուցակ կա դրված, որը ստորագրել եւ վավերացրել է Կարեն Գիլոյանը։ Սակայն իմ ներկայացրած 8 մարզչից 2-ի անունն էր ցուցակում, ես բարձրացա 9-րդ հարկ, բաժնի պետ Արթուր Սեդրակյանին՝ չնշված անձանց վերաբերյալ հարց տվեցի, ինձ ասացին, որ Վարդան Ղահրամանյանն ինչպիսի ցանկ ներկայացրել է, իրենք միայն նրանց են ցուցակագրել։ Ես ասացի, որ Ղահրամանյանը իրավասու չէ, նա մինչեւ հիմա անօրինական գործունեություն է ծավալում։ Համաժողովը ուզում էր սկսել վարչության պետ Նարինե Շահբազյանը, եւ ես խոսք խնդրեցի ու ասացի, որ անօրինական ոչ մի քայլ չձեռնարկեն, որովհետեւ, եթե առկա չէ ֆեդերացիայի նախագահության խորհրդի որոշման արձանագրություն, որ այսինչ օրը պետք է համաժողով նշանակել, այսքան թվով մարդով, ուրեմն համաժողովը, որն ուզում են սկսեն, պետք է լինի օրենքի տառին համապատասխան։ Եվ Նարինե Շահբազյանը, հասկանալով, որ լուրջ խնդիր է առկա, ասաց, որ պարոն Գիլոյանն այստեղ չէ, դուրս եկեք բոլորդ։

Մենք դուրս եկանք, հետո իմացանք, որ, երբ Կարեն Գիլյոյանը հետ է եկել, Վարդան Ղահրամանյանը, նրա աջակիցները, Գիլոյանի կազմակերպմամբ համաժողով են հրավիրել, որի ժամանակ Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Ղահրամանյանը, իսկ պատվավոր նախագահ` Կարեն Գիլոյանը»,-պատմեց Վրեժ Խաչիկյանը։

Բացի գլխավոր դատախազությունից, նրանք դիմել են նաեւ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետին «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից անցած ուրբաթ օրը գումարած ժողովի գրանցումը մերժելու մասին, քանի որ ժողովը գումարվել է «Հասարակական Կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և Ֆեդերացիայի կանոնադրության կոպիտ խախտմամբ: