Ֆրանսիայում թուրքական «Գորշ գայլեր» շարժումը լուծարելու որոշումը չորեքշաբթի ուժի մեջ կմտնի

Ֆրանսիայում թուրքական «Գորշ գայլեր» շարժումը լուծարելու որոշումը չորեքշաբթի ուժի մեջ կմտնի

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը լուծարելու որոշման մասին։

Հաղորդում է ֆրանսիական «Լը Մոնդ» թերթի կայքը։

Որոշումը, որն ուժի մեջ է մտնելու չորեքշաբթի, ընդունվում է Ֆրանսիայում մուսուլմանների նկատմամբ վերաբերմունքի հարցում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև ուժեղ դիվանագիտական ​​լարվածության ֆոնին։

Որոշման մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ազգային ժողովի Իրավաբանական հանձնաժողովի հետ հանդիպմանը։ Կառավարությունը չորեքշաբթի օրը կհայտարարի «Գորշ գայլերի» թուրքական ծայրահեղական շարժման լուծարման մասին նախարարների խորհրդում։

«Սա, մեղմ ասած, փաստացի առանձնակի ագրեսիվ խմբավորում է», - ասել է Դարմանենը։

Ֆրանսիական կառավարությունը նույնպես արձանագրել է, որ «Գորշ գայլեր» խմբավորումն աչքի է ընկնում իր ագրեսիվ, ֆաշիստական կեցվածքով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Դեսին համայնքում «Գորշ գայլեր» խմբավորումը պղծել էր Հայկական հիշողության կենտրոնը և ցեղասպանության հուշարձանը՝ դրանց վրա կատարելով «LOUP GRIS» (ԳՈՐՇ ԳԱՅԼ) և «RTE» (ՌԹԷ, Ռեջեփ Թայիփ Էրդողան) գրառումները։

Այս դեպքի հետ կապված Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն ասել էր, որ կապի մեջ են Ֆրանսիայի կառավարության, Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի «արագորեն, մի քանի օրվա ընթացքում, այս շաբաթ որոշեն ցրել, լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը»։