Քաղաքապետարանը նոր մեքենաներ է ցանկանում ձեռք բերել, եթե արդեն ձեռք չի բերել

Քաղաքապետարանը նոր մեքենաներ է ցանկանում ձեռք բերել, եթե արդեն ձեռք չի բերել

Աղբահանության 2-րդ օպերատոր ներգրավելու ծրագրերը, կարծես թե, առկախված են մնում։ Բանն այն է, որ մեզ հասած լուրերի համաձայն Երևանի քաղաքապետարանը  աղբահանության մոտ 30 մեքենաներ է պատրաստվում գնել և այն վարձակալության հանձնել «Սանիթեք» ընկերությանը, որի հաշվեկշռում նմանատիպ ընդամենը 28 մեքենա կա, որն էլ և պատճառն է վերջին շրջանում ընկերության վատ աշխատանքի։ Ընդ որում՝ քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ մեքենաները ցանկանում են «ձևավորված խասյաթի»  համաձայն  գնել մեկ անձից՝ առանց մրցույթի։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով, մեքենաներն արդեն գնվել են, մինչդեռ թե՛ «Իմ քայլը» դաշինքի, թե՛ «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրով նախատասվում էր 2-րդ օպերատոր ներգրավել․

«Այդ մեքենաները ձեռք են բերվել, և իմ տեղեկություններով վարձով տրամադրվելու են «Սանիթեքին», որպեսզի իրականացնի աղբահանություն։ Անկեղծ ասած՝ դրա նպատակահարմարությունը այս պահին չենք տեսնում, որովհետև այդ մեքենաները ձեռք են բերվել քաղաքային բյուջեից, և դեռևս պարզ չէ, թե այդ մեքենաները քանի տարի է «Սանիթեքը» վարձակալելու, առհասարակ՝ դա ի՞նչ հարաբերություններ են «Սանիթեքի» հետ։ Ե՛վ «Իմ քայլը» դաշինքի ծրագրով, և՛ «Լույս» դաշինքի ծրագրով առաջարկվում էր 2-րդ օպերատոր ներգրավել, այսինքն՝ ըստ էության, խաչ ենք քաշում 2-րդ օպերատոր ներգարվելու վրա, ես սա այդպես եմ հասկանում։ Այո, ձեռք են բերվել մեքենաներ, այդ մեքենաների մրցույթի կարգը դեռևս ես չեմ գտել, թե որ մրցույթով են ձեռք բերվել։ Իրենք ասում են, որ ձեռք են բերվել, իրենք ասում են, որ ձնամաքրման մեքենաներ են ձեռք բերվել։ Շատ վատ նախադեպեր են քաղաքային գործող իշխանության կողմից, շատ վատ նախադեպեր են։ Արդեն ո՞րերորդ գնումն է առանց մրցույթի։ Տոնածառը մեկնաբանեցին, որ ժամանակ չկար մրցույթ հայտարարելու, երկար կտևեր և այլն, հիմա մեքենաներ են գնում,որոնք, կարծես թե, առանց մրցույթի են։ Մրցույթ հայտարարելու մշակույթը առհասարակ դուրս է գալի՞ս իրենց օրակարգից, թե՞ ոչ»։

Վարդանյանին հարցրինք, թե այդ որոշումը իրենց հետ քննարկվե՞լ է, կամ ավագանու նիստում եղե՞լ է այդ հարցը․

«Ոչ, մենք արդեն այն աստիճանի ենք հասել, որ եթե տրանսպորտի միջազգային խորհրդատուի հետ հանդիպումներին մենք մասնակցություն չենք ունենում, մեզ չեն հրավիրում, ինչպես նաև դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած նիստի ժամանակ պարոն Խաժակյանը և պարոն Մարությանը որոշակի լեզվակռվի մեջ մտան, մինչ այդ պարոն Խաժակյանը «Ելք» խմբակցության կողմից ներկայացված էր աշխատանքային խմբում, որը ղեկավարում էր պարոն Նիկոյանը։ Միջազգային խորհրդատուների հետ յուրաքանչյուր հանդիպման մասին տեղյակ էին պահում նաև մեզ։ Այս պահին մենք վերահսկելու որևէ լծակ չունենք, որովհետև, ի դժբախտություն նաև իրենց, մեզ չեն հրավիրում աշխատանքային խմբի քննարկումներին կամ միջազգային խորհրդատուների հետ հանդիպման»։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ նշեց, որ մեքենաներ ձեռք չեն բերվել, բայց նման քննարկումներ կան․

«Քաղաքապետարանը մեքենաներ ձեռք չի բերել, քննարկումներ կան այդ ուղղությամբ։ Քաղաքապետը հայտարարել էր, որ 2-րդ օպերատորի ներգրավման գործընթացում կարող են մասնակցել քաղաքը, համայնքը որպես 2-րդ օպերատոր։ Քաղաքը, ինչպես այլ որլորտներում պատվիրակում է իր լիազորություններն ու գործառույթները մասնավոր ընկերություններին, չի պատվիրակում, ինքը իր ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների միջոցով է իրականացնում, այնպես էլ կարող է փաստացի աղբահանության 2-րդ օպերատորը դառնալ մեր քաղքաը։ Հիմա այս ուղղությամբ քննարկումներ են գնում, և այդ քննարկումների շրջանակներում էլ նաև Ձեր նշած մեքենաներ ձեռք բերելու, վարձակալությամբ տրամադրելու կամ չտրամադրելու և դրանց պայմանների վերաբերյալ»։ 

Հարցրինք, թե քննարկումները ի՞նչ շրջանակներում են ծավալվում, ընդդիմադիր ֆրակցիաները ներգրավվա՞ծ են այդ քննարկումներին․

«Քաղաքապետը անցած շաբաթվա մեջ հանդիպում է ունեցել ավագանու բոլոր 3 խմբակցությունների ղեկավարների հետ և ներկայացրել է այդ քննարկումների հետ կապված իր մոտեցումները»։