Բալասանյանի հատկացրած նստարանի համար քաղաքացուն բերման են ենթարկել

Բալասանյանի հատկացրած նստարանի համար քաղաքացուն բերման են ենթարկել

Գյումրի քաղաքի բնակիչ Հասմիկ Վիրաբյանը քիչ առաջ մեզ տեղեկացրեց, որ ոստիկանները եղբորը բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան եւ բերման ենթարկել Կումայրի բաժին։ Միայն ոստիկանության բաժանմունքում է տեղեկացել, որ եղբորը բերման ենթարկելու պատճառը բակում տեղադրված նստարանն ու աղբարկղն  են ։ «Դեռ մեկ տարի առաջ դիմում էի գրել Գյումրու քաղաքապետարան, խնդրել՝ որպես մեծ տարածքի սեփականատեր, տրամադրել նստարան եւ աղբարկղ։ Օրինական փաստաթղթերով, դիմումիս համաձայն ինձ տրամադրվել է նստարան եւ աղբարկղ՝ բակում տեղադրելու համար։ Չգիտես ինչու՝ մեկ տարի անց ոստիկանությունում սա համարում են օրենքի խախտում, ավելին՝ ինձ հարցնում են, թե ինչ օրինական հիմքերով է համայնքային իշխանությունը ինձ տրամադրում նստարան, էլ ինչ նվերներ եմ ստացել քաղաքային իշխանությունից,հարցնում են, թե ինչ կապ ունեմ «Բալասանյան դաշինք»-ի հետ, այլ բան չի մնում մտածելու, քան այն, որ քաղաքական ճնշումներ են իրականացնում իմ հանդեպ եսիմ ինչի՝ հետընտրական «ալիշ-վելիշների» անվան տակ ․․․»,-ասաց Հասմիկ Վիրաբյանը։

Նշենք, որ երեկվանից քաղաքում լուրեր են պտտվում, թե «Բալասանյան դաշինք»-ը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ կոալիցիա կազմելու եւ քաղաքային իշխանությունն իրենց հանձնելու առաջարկը։ Մեր զրուցակցի խոսքերով, իշխող ուժը փորձում է շանտաժի ենթարկել ներկայիս քաղաքային իշխանությանը՝ թերացումներ եւ անօրինական գործարքներ փնտրելով։

Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի փոխտնօրեն Արման Շաբոյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց․«Բոլոր օրինական փաստաթղթերը կան, թե ինչի հիման վրա ենք քաղաքացուն գույք տրամադրել, սպասում եմ ոստիկանության գրավոր դիմումին, որպեսզի օրինական փաստաթղթերը ներկայացնեմ, դեռ չեն կապվել մեզ հետ։ Սպասում եմ, տեսնեմ՝ էլ  որտեղ են նման դեպքեր գրանցվել » ։

Հարցին՝ քաղաքական հետապնդում չե՞ք համարում, պատասխանեց․«Չեմ ուզում կապել, չեմ ուզում մտածել, որ այդպես է» ։

Իսկ ահա Կումայրի ոստիկանական բաժանմունքից մեզ  պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ պատճառաբանությամբ, թե այս պահին որևէ մեկը իրավասու չէ բացատրություն տալու։