Ինչո՞ւ են կտրուկ աճում կորոնավիրուսի թվերը

Ինչո՞ւ են կտրուկ աճում կորոնավիրուսի թվերը

Մինչեւ հոկտեմբերի 14-ը ներառյալ պետք է աշխատող բնակչությունը գործատուներին ներկայացներ պատվաստումների կամ թեստավորման արդյունքների վերաբերյալ արձանագրված տեղեկատվությունը: Առողջապահության նախարարի հայտնի հրամանի ժամկետներում տեղավորվելու եւ այդ տեղեկանքները ներկայացնելու համար բժշկական հաստատություններում եւ հիմնարկ-ձեռնարկություններում գոյացան քովիդի դեմ պատվաստումների եւ թեստերի հանձնման աներեւակայելի հերթեր, որոնց ընթացքում չէին պահպանվում վարակից խուսափելու ամենատարրական պահանջները: 

Բացարձակապես չէր պահպանվում սոցիալական հեռավորությունը՝ մարդիկ հերթում համարյա լցված էին իրար վրա, ուղղակիորեն կպած, ինչպես նաեւ նրանց մեծ մասը դիմակ չէր կրում: Մի քանի օր շարունակ ունեցանք բազմամարդ հերթեր, սակայն ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում: Չկար ոչ մի վերահսկողություն վարակից խուսափելու կանոնների պահպանման առումով, բոլորի մոտ կար միայն ժամկետներից ուշանալու վախ, որի պատճառով բոլոր կարեւոր հարցերը ստվերում մնացին: Փաստորեն, եթե ուշադիր հետեւենք այդ հերթերի ժամանակահատվածում կորոնավիրուսի թվային պատկերին եւ այդ թվերը համեմատենք նշված հերթերից մի քանի օր առաջ գրանցված թվերին, ապա միանշանակ կարող ենք արձանագրել հետեւյալը. հերթերի ժամանակ արձանագրված վարակվածների թվերը համամասնորեն՝ մոտ երկու անգամ գերազանցում են հերթերից առաջ արձանագրված թվերին, ինչը շատ բնական է, եւ գնալով այդ պատկերը դեռ շարունակվելու է: 

Այլ խոսքով, փոխանակ քայլեր ձեռնարկելու, որոնք աստիճանաբար կնվազեցնեն վարակվողների քանակը, ընդհակառակը, հիվանդության կանխարգելման համար ընտրվել է այնպիսի սխալ ճանապարհ, որ արդյունքում  հիվանդացողների քանակը նվազելու փոխարեն օրական մոտ երկու անգամ ավելանում է, եւ անգամ այս պարզ վիճակագրության վրա ուշադրություն դարձնող չկա: Սա ճիշտ եւ ճիշտ նման է ժողովրդական ասացվածքին՝ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ ենք հանում: 

Հարգելիներ, մի՞թե պարզից էլ պարզ չէ` եթե ընտրվում է որեւէ հիվանդության բուժման կամ որեւէ վարակի դեմ պայքարի սխեմա, ապա անպայմանորեն պարտադիր է, որ այն ընտրվի ճիշտ կամ վատագույն դեպքում: Եթե չի հաջողվում ճիշտ սխեմա ընտրել, ապա մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ դեպքում գերադասելի է ոչ մի քայլ էլ չձեռնարկել, որպեսզի ավելի չվատացնես եղած իրավիճակը, քան թե ընտրել չհիմնավորված սխեմա, որի հետեւանքները շատ ավելի վատ արդյունքի են հանգեցնելու, ինչպիսին, փաստորեն, եղավ այս դեպքում:

Չխորանալով ընտրված սխեմայի վտանգավոր հետեւանքների մեջ, ընտրելով դրա գործարկման ամենավատ, ամենաանթույլատրելի ճանապարհը՝ կարճ ժամանակում էապես ավելացրինք ե՛ւ վարակվածների, ե՛ւ վարակակիրների թիվը, որը ցավալիորեն մինչ այսօր շարունակվում է: Ասեմ, որ այդ կարեւոր հանգամանքը հասկանալն ինքնին մեծ բարդություն չի պարունակում, քանզի դրանով ընդամենը բացահայտորեն խախտվում է վիրուսի կանխարգելման հիմնական երկու պայման՝ սոցիալական հեռավորության պահպանում եւ դիմակների կրում, իսկ դրանց վերաբերյալ իրազեկումներն արդեն մեկուկես տարուց ավելի է, ինչ օրը մի քանի անգամ պաշտոնապես հեռարձակվում են զանգվածային լրատվության բոլոր միջոցներով: 

Փաստորեն, պետությունը մի կողմից մշտապես ահազանգում է այդ մասին՝ սոցիալական հեռավորության պահպանման եւ դիմակներ կրելու գերկարեւորության վերաբերյալ, մյուս կողմից մարդկանց մղում է այնպիսի միջոցառումների իրականացման, որոնց ընթացքում առաջին հերթին խախտվում են հենց այդ երկու պայմանները, քանզի դրանց պահպանման առումով որեւէ վերահսկողություն չի իրականացվում: Քովիդի հետ կապված տեղեկանքներ ստանալու հերթերը շատ ավելի նմանվում էին շաքարավազի կամ այլ ապրանքների գնման հերթերին, որոնց ընթացքում հերթ պահպանելու առանձնակի կանոններ չկան, բացի հերթականությունը չխախտելուց: Ավելին, այդ պարագայում՝ գոնե հերթ կանգնածների կողմից իրականացվում է որոշակի վերահսկողություն՝ հերթը չխախտելու համար:

Չափազանց շատ խոսվեց եւ քննարկվեց այն հարցը, թե պատվաստումներն ու թեստավորումները պետք է լինեն կամավո՞ր, թե՞ պարտադիր: Սույն նյութի ասելիքը եւս մեկ անգամ հաստատում է, որ մարդու առողջության հետ կապված որեւէ հարց չի կարող լինել պարտադիր, այն պետք է լինի միայն ու միայն կամավոր…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ