ՀՌԱՀ-ը ցանկանում է TV5-ին զրկե՞լ լիցենզիայից (տեսանյութ)

ՀՌԱՀ-ը ցանկանում է TV5-ին զրկե՞լ լիցենզիայից (տեսանյութ)

«Մեդիապաշտպան նախաձեռնության» ղեկավար Աղասի Ենոքյանն ահազանգում  է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստաընկերություններին պատժելու քաղաքականություն ունի։

«Հայելի» մամուլի ակումբում Քոչարյանի պաշտպանական խմբի մամուլի ասուլիսից հետո ՀՌԱՀ-ը 5 հեռուստաընկերությունների տուգանել է՝ պատճառաբանելով, թե նրանք խախտել են «Գովազդի մասին» ՀՀ օրենքը։ Բանն այն է, որ բանախոսների ետևում փակցված պաստառի վրա տեղադրված է եղել «Սիգարոն» ծխախոտների գովազդը․

««Հայելի» մամուլի ակումբում Ռուբերտ Քոչարյանի պաշտպանների մամուլի ասուլիսի ժամանակ պաստառի վրա եղել է «Սիգարոնի» գովազդը, և դրա համար հեռուստաընկերություններին պատժել են, որ խախտում են գովազդի մասին օրենքը։ Սա լրիվ նորություն է, որովհետև այդ ակումբում 10 տարի շարունակ եղել են ասուլիսներ, տարիներ շարունակ այդ լոգոն եղել է, ոչ մի նման պատժամիջոց չի եղել։ Ֆորմալ գուցե իրավաբանական առումով բռնվելու ինչ-որ տեղ կա, որ կարելի է նրանց նկատմամբ պատժամիջոց կիրառել։ Բայց իրականում սա լրատվամիջոցի խմբագրական քաղաքականության մեջ խառնվել է՝ ասելով, որ մի գնացեք «Հայելիում» ասուլիս լուսաբանեք։

Պատժել են եղած հեռուստաընկերություններից 5-ին, բայց հիմնական խնդիրը վերաբերում է «5-րդ ալիքին» և «Հայկական 2-րդ հեռուստաալիքին», որովհետև TV5-ի դեպքում արդեն 2-րդ պատիժն է, 3-րդի դեպքում այն կարող է լիցենզիայից զրկվել, իսկ Հ2-ի դեպքում դրանից հետո նոր վարույթ են հարուցել, որի արդյունքները դեռ հայտնի չեն, բայց այն նույնպես կլինի 2-րդ պատիժը։ ՀՌԱՀ-ը նաև տուգանել է «Շանթին» և Հանրային հեռուստաընկերությանը»,- ասաց Ենոքյանը։

Ենոքյանի խոսքով՝ ՀՌԱՀ-ն ունի նման իրավունք, սակայն այլ խնդիր է, թե հանձնաժողովը երբ է կիրառում այդ իրավունքը․

«Ես կասեմ, որ բավականին մտացածին պատճառներով են տրվել այդ տուգանքները, այս լրատվամիջոցները դատական գործընթացների մեջ են։ Ես խոսել եմ պատասխանատուների հետ՝ հանձնաժողովի, նրանք ասում են, որ իրենք իրավունք ունեն այդ պատժամիջոցները կիրառել։ Բայց պետք է հասկանանք, թե այդ իրավունքը երբ են կիրառում․ սա հենց քաղաքականությունն է։ Երբ դու ունես իրավունք և տեսնում ես, որ դա փոքր զանցանք է, և թողնում ես, որ նրանք աշխատեն, դա նշանակում է, որ դու թողնում ես, որ հեռուստաընկերություններն իրենց կյանքով ապրեն, եթե դու ունես իրավունք և կոշտ կիրառում ես այդ իրավունքը, դա նշանակում է, որ դու ուզում ես նրանց պատժել։   

Մանրամասն՝ տեսանյութում։