Բաց նամակ

Բաց նամակ

ՀՀ ոստիկանապետ 
Վ. Օսիպյանին
ՀՀ գլխավոր դատախազ 
Ա. Դավթյանին
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ

Ս. Խաչատրյանին
                
Ես՝ Արմինե Հրանտի Բաղմանյանս, ցանկանում եմ հայտնել Ձեզ 2019 թ. հունիսի 18-ին, ժամը 3-ի սահմաններում ոստիկանության կողմից Իջեւան քաղաքի Բլբուլյան 56 հասցեում գտնվող իմ տանը կատարված ապօրինի գործողությունների մասին: Ոստիկանության ութ աշխատակիցներ՝ դիմակավորված, ներխուժել են իմ տուն՝ վայրենի ձեւով, անհարգալից վերաբերմունքով եւ առանց ներկայանալու, հայհոյելով ու բռնություն գործադրելով իմ տանը գտնվող հյուրերի եւ ընտանիքիս անդամների վրա, առանց հագնվելու հնարավորություն տալու՝ ոտաբոբիկ եւ ներքնազգեստով բերման են ենթարկել տղայիս եւ ամուսնուս: Անգամ հաշվի չեն առնվել քրոջս իրազեկումը եւ խնդրանք-պահանջներն այն մասին, որ տանը մանկահասակ եւ հաշմանդամություն ունեցող երեխաներ կան:

Առանց թույլտվության ննջասենյակ մտնելուց եւ ամուսնուս ձեռնաշղթայելուց հետո վերոնշյալանձինք քաշքշում էին քսանամյա որդուս, ով ունի առաջին կարգի հաշմանդամություն եւ տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Նրանք նույնիսկ ուշադրություն չէին դարձնում բղավոցներիս եւ բազմաթիվ ջանքերիս, որով ես փորձում էի նրանց հասկացնել, որ տղաս ունի հաշմանդամություն: Ի պատասխան գործադրածս ջանքերին՝ նրանք պատասխանել են «ձենդ կտրի» արտահայտությամբ եւ միայն մեծ որդուս հայտնվելուց հետո նրանք բաց թողեցին փոքր տղայիս: Բարձր ձայների եւ լարված մթնոլորտի պատճառով երկամյա թոռնուհիս վախից դողում էր եւ ցնցումների մեջ էր ընկել:

Քույրս, որ ժամանել էր ԱՄՆ-ից եւ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ շաքարային դիաբետ, սուր նեւրոզ, բարձր զարկերակային ճնշում, բարձր շոկային եւ անմարդկային միջավայրի պատճառով կորցրեց գիտակցությունը եւ ընկավ ցնցումների մեջ: Դիմակավորված անձանցից մեկը գրկեց նրան եւ տեղափոխեց բազմոցի վրա: Զարմուհիս փորձեց շտապօգնություն զանգահարել, սակայն ոստիկանության աշխատակիցներից մեկը վերցրեց բջջայինը նրա ձեռքից եւ թույլ չտվեց զանգել: Վերադարձրեց միայն բազում խնդրանք-աղաչանքներից հետո:
Բոլորս ցնցված, տարակուսած եւ խորը հիասթափված ենք օրենքի ներկայացուցիչների նման վերաբերմունքից: Ես եւ հարազատներս դիմում եւ խնդրում ենք հետեւողական լինել դիմումիս, գտնել եւ պատժել բոլոր մեղավորներին:

Արմինե ԲԱՂՄԱՆՅԱՆ
Կարոլինա Մարիամ ԱՍԱՏՐՅԱՆ