Ինչպես իր քարոզիչները, Պուտինը պարզապես ստում է

Ինչպես իր քարոզիչները, Պուտինը պարզապես ստում է

«Ալիք մեդիայի» համահիմնադիր, գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ստի կայսրությունը

Օրեր առաջ Պուտինի հայտնի քարոզչուհի Մարգարիտա Սիմոնյանը «Своя правда» հաղորդման ընթացքում, իր նման մեկ այլ հայկական ազգանվամբ ստորաքարշի հետ հերթական անգամ Հայաստանի գործող իշխանություններին ու նաեւ ինձ էր հիշել: «Մեր ճշմարտությունը» հավակնոտ վերտառությամբ ստի ֆաբրիկա հիշեցնող այս հաղորդմանը Մարգոն ասում է, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում հանդիպման ընթացքում ես մոտեցել եմ իրեն եւ խնդրել, որ օգնի հայկական վարորդական իրավունքով մեր քաղաքացիներին Ռուսաստանում մեքենա վարել, իբր ինքն էլ ասել է, թե այ դուք ճանաչեք Ղրիմը, ես էլ ջանք չեմ խնայի որ դա իրականանա: 

Անհարգալից տոնայնությամբ բարբաջող Պուտինի Մարգոն գոնե մի մասով չի ստում: 2018-ի հունիսին Մոսկվայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած ճաշի ընթացքում ես իրոք խոսել եմ նրա հետ, սակայն ասել եմ բացարձակապես այլ բան: Նախ շնորհակալություն եմ հայտնել արագ արձագանքելու եւ Փաշինյանի հետ իր հեռուստաընկերության միջոցով հարցազրույց կազմակերպելու համար, ապա նաեւ խոսքի մեջ նշել, որ որոշում ունենք դեպի Սիրիա հայ սակրավորների եւ բժիշկների նոր կոնտինգենտ ուղարկել, ինչը լսելով Մարգոյի աչքերը բառիս բուն իմաստով պսպղացին եւ նա բառացիորեն ասաց. «Ой, Путину это охень понравится»: Վերջ, սա է եղել մեր առաջին եւ վերջին շփումը:

Այսօր արդեն Պուտինն ինքն է հերթական մտացածին հայտարարությունն արել: Արեւելյան տնտեսական համաժողովի ընթացքում ստի կայսրը հայտարարել է, թե իբր իրենք 10-ամյակներով առաջարկել են, որ ԼՂԻՄ-ի շրջակա 5 տարածքները վերադարձնենք Ադրբեջանին, իսկ Լաչինն ույ Քելբաջարը Ղարաբաղի հետ մեկտեղ պահենք, ինչին` Պուտինի պնդմամբ, հայկական կողմը չի համաձայնել, ասելով, թե տալու բան չունենք եւ պետք եղած դեպքում կկռվենք: Եթե` ըստ Պուտինի, իրենք 10-ամյակներով այսպիսի առաջարկ են արել, իսկ հայկական կողմը չի համաձայնել, ապա այստեղ ասելիք ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եթե ռիսկ չեն անում ուղիղ Պուտինին պատասխանել, ապա առնվազն Արցախի եւ Հայաստանի հանրությանը պիտի բացատրություն տան, այլապես կստացվի, որ Պուտինը ճիշտ է ասում եւ ուրեմն իրենք են արել ամեն բան, որ հասել ենք այն օրին որին հասել ենք: 

Ես առավել քան վստահ եմ, որ ինչպես իր քարոզիչները, Պուտինը պարզապես ստում է: Ստում է, որպեսզի կրկին անգամ տեղի ունեցածի ողջ մեղքը մեր` հայերիս վերագրի, իսկ ընթացքում Լավրովի խոսքերով իրենց «կառուցողական» գործընկերներ Ալիեւի եւ Էրդողանի հետ 100 տարի առաջվանը կրկնի, այն է` Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին ռուս-թուրքական հերթական գործարքն իրականացնի: 
Ստի կայսրությունն ինչ խոսք պայթելու է մի օր, մեզ խոհեմություն եւ ստերին չտրվելու իմաստնություն եմ մաղթում: