5+2 ֆորմուլան ժամանակին առաջարկել է հենց Սերժ Սարգսյանը. Հրանտ Միքայելյան

5+2 ֆորմուլան ժամանակին առաջարկել է հենց Սերժ Սարգսյանը. Հրանտ Միքայելյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում Արցախի հակամարտության վերաբերյալ այսօր հայտարարել է․ «Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարը (Քարվաճառ-խմբ․) ու Լաչինը (Բերձոր - խմբ․), մնան փաստացի Հայաստանի և ամբողջ Ղարաբաղի իրավասության ներքո։ Բայց Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց սրա հետ, թեև մենք տասնամյակներ շարունակ փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Տարբեր տարբերակներ կային, բայց ի վերջո ամեն ինչ հասավ նրան, ինչ կա: Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ «մարտնչելու ենք»։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»։

Պուտինը շեշտում է, որ փաստացի ստեղծված իրավիճակը ոչ միայն Փաշինյանի, այլև վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ իշխանությունների մեղքն է, քանի որ նրանք չէին համաձայնում լուծման այդ տարբերակին։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցին, արդյոք` «Նիկոլը դավաճան չի» նախկին թեզի մե՞ջ է տեղավորվում Պուտինի այս հայտարարությունը, ինչին վերջինս պատասխանեց՝ այո։

«Իմաստը հետևյալն է, քանի որ հիմա առավել հեշտ է հայկական կողմի հաշվին հարցերը լուծել, մեղավորությունը բարդվում է հայկական կողմի վրա։ Իրականում այս 5+2 ֆորմուլան առաջարկել է հենց Սերժ Սարգսյանը ժամանակին, ինքն էր գնում այդ բանակցություններին և այդ բանակցությունները մերժում էր Ադրբեջանը։ Բայց դե հիմա Պուտինը չի ցանկանում Ադրբեջանին քննադատել և ավելի հեշտ է Սերժ Սարգսյանին քննադատել, քան թե Ադրբեջանին»,-ասաց Միքայելյանը։

Փաստացի սա հայտարարություն էր, որն ուղղված էր մարդկանց կամ գործիչների այն շերտին, ովքեր Ռուսաստանին մեղադրում են որպես տարածաշրջանում գերիշխող խաղացող, որը չի կարողացել խաղաղություն ապահովել, ինքն էլ մեղավոր է փնտրում։
«Հայաստանը պարտվել է՝ ինքն էլ մեղքը Հայաստանի վրա է գցում՝ այդքան բան»,- նկատեց քաղաքագետը։ Ռուսաստանի հետ գործընկերային կամ դաշնակցային հարաբերությունները վերջին հինգ տարվա ընթացքում միայն հետընթաց են ապրել։

«Խոսել են ռազմավարական գործընկերության մասին, հիմա դա էլ չի ասվում։ Այս իշխանությունները կարողացել են այդ հարաբերությունների մակարդակը նվազեցնել, Ռուսաստանն էլ դրան ադեկվատ արձագանք չգտավ և տրվեց այդ տրամաբանությանը»,-ասաց վերջինս։

Ինչ վերաբերում է Պեսկովի այն հայտարարությանը, որ իրենք Հայաստանի Հանրապետության հետ միշտ լավ գործընկերային հարաբերություններ են ունենալու, դա պրոտոկոլային բնույթի հայտարարություն էր և նաև ուղերձ էր այն մասին, որ ՌԴ-ն չնայած իր քաղաքական ավանդույթներին, ինչ-որ չափով տարանջատում է ՀՀ իշխանություններին Հայաստանի Հանրապետությունից։

Ակնայի ճանապարհով ռուսական առաջին բեռնատարն այսօր Ստեփանակերտ հասավ: Քաղաքագետի կարծիքով, իրականում սա փաստ էր այն բանի, որ ռուսները չկարողանալով իրենց դերը կատարել, իսկ խաղաղապահ առաքելության աշխարհում  միայն մեկ հաջողված փորձ կա՝ Արևելյան Տիմուրն է, ինչ-որ զիջումներով ու պայմանավորվածություններով` փորձում են դա մեղմացնել։

Արցախի դե՞մ է դա խաղալու, թե՞ երկուստեք ձեռնտու գործարք տեղի ունեցավ...«ձեռքբերումն» այն է, որ շատ թեթևակի, մասնակիորեն թեթևացվելու է շրջափակումը, որոշակի մատակարարումները և մարդկանց փոխանակումները ռուս խաղաղապահների և «Կարմիր Խաչի» միջոցով տեղի են ունենալու։

«Շրջափակումը չի հանվելու և այդ ճանապարհն էլ չի գործելու՝ դա մեկանգամյա արարողություն է, թեև Ադրբեջանը հետո պարտադրելու է՝ մի անգամ բացել է, մի անգամ էլ կբացեք։ Կարծում եմ, որ միանգամից չէ, բայց Ադրբեջանը սա դիտարկում է շատ փոքրիկ, բայց քայլ առաջ»,- նկատեց քաղաքագետը։

Բերձորի միջանցքը ռուս խաղաղապահները կկարողանա՞ն բացել: Չեն կարողանալու՝ վստահ է Հրանտ Միքայելյանը։