ՃՈ պետի նախկին տեղակալ, Իմքայլական Խաչատրյանը մտածում է զանցառուներին ևս պատասխանատվությունից ազատելու մասին

ՃՈ պետի նախկին տեղակալ, Իմքայլական Խաչատրյանը մտածում է զանցառուներին ևս պատասխանատվությունից ազատելու մասին

ՃՈ պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որ պարբերաբար ոստիկանական համակարգին, Քրեական օրենսգրքին առնչվող աղմկահարույց նախագծերով է հանդես գալիս, հիմա էլ մտորում է վարչական պատասխանատվությունից ազատելու նորմ սահմանելու  մասին։ Սա դեռ նախագիծ չէ, ոչ էլ շրջանառվում է, առայժմ «մտահղացման մակարդակում է, բայց կդառնա»։

 «Հրապարակի» հետ զրույցում Արմեն Խաչատրյանը օրենքի նախագծի տրամաբանությունը այսպես բացատրեց։

«Եթե կա իրավախախտում, այն հիմնավոր է և բողոքարկման արդյունքում որևէ արդյունքի չեն հասել, սահմանենք այլ պայմաններ, որոնց առկայության դեպքում վարչական ակտը կարող է բեկանվել։ Այսինքն՝ տուգանքը չեղյալ համարվի։ Մենք անգամ քրեական օրենսդրության մեջ ունենք նորմեր, որոնք ազատում են քրեական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով անձի, ընտանիքի վիճակը, հանցագործության վտանգավորության աստիճանը և մի շարք այլ հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում քննությունն իրականացնող մարմինը կամ դատարանը կարող է ազատել քրեական պատասխանատվությունից կամ պայմանականորեն չկիրառել։ Այսինքն՝ քրեական իրավունքը նման նորմ ունի, որն ավելի նվազ, անգամ հանցանքի համար չէ, այլ զանցանքի համար նման նորմ չի նախատեսում։ Նման նորմ չունենք, որ մարդուն կարելի է ներել»,-մեկնաբանեց Արմեն Խաչատրյանը։

Իհարկե, նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների ինստիտուտն ամբողջությամբ վերացնելու մասին չէ, այլ ընդամենը եզակի թվով խմբերի համար, այն էլ միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում։ Օրինակ՝ գիշերվա կեսին հրավառություն անողներին Արմեն Խաչատրյանը չի ազատում վարչական պատասխանատվոթյունից։ Բայց եթե ազատամարտիկ է, գամված հաշմանադամի սայլակին, ծանր սոցիալական պայմաններում, երթևեկության մի թեթև խախտում է արել ու «նկարվել», պետք է ազատվի։

«Պրակտիկայում  բազմաթիվ հանդիպել եմ դեպքերի, երբ մարդը հաշմանդամ է, սայլակի վրա է ամբողջ կյանքն անցկացնում, հարմարեցված տրանսպորտային միջոց է վարում, ազատամարտիկ է եղել, ողնաշարը վիրավորվել, ջարդվել է, ստանում է 60 հազար թոշակ  և տասը-քսան հազարի խախտում է էս մարդը օրերից մի օր անում, և որևէ մեխանիզմ չունենք, որ էդ մարդուն էդ տուգանքից ազատենք։ Բայց իրականում էդ 20 հազարը էդ մարդու համար շատ մեծ փող է»։

Արմեն Խաչատրյանն անգամ անկեղծացավ և ասաց, որ նման դեպքեր շատ են եղել և նման դեպքերում տուգանքը «ներել են» իրենց գրպաններից։

Այդ վարչական պատասխանատվոթյունից ազատելու լիազորությունը, այսինքն՝ վարչական վարույթը կարճելու լիազորությունը, Արմեն Խաչատրյանը տալիս է ոստիկանության պետին։

Հարցրեցինք, թե ինչու, ասաց․«Որպեսզի խնդիրներ չառաջանան, չասեն, որ ճանապարհային ոստիկանության համապատասխան պաշտոնյա կարող է վերցնել  և նման մի քանի հատ որոշում կայացնել, այդ լիազորությունը կթողնենք ոստիկանության պետին, որ մինչև նրան հասնելը նախ ֆիլտրվի և ամեն պատահական նյութ տեղ չհասնի։ Եվ երրորդը՝ նման դեպքերի քանակը խիստ սահմանափակ կլինի»։