Ոչ անմիջական ազդեցության՝ ՌԴ«միջուկային» զենքը

Ոչ անմիջական ազդեցության՝ ՌԴ«միջուկային» զենքը

«Եթե Ռուսաստանը կործանվելու է՝ աշխարհի հերն էլ անիծած»: Մոտավորապես այսպիսի խոսքեր է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ-երկու ամիս առաջ: Խոսքը Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործման հնարավորության մասին է: Եվ այն ասվել է ՌԴ-ԱՄՆ նախագահների միջեւ անհաջող երկխոսության օրերին, երբ դեռ չէր սկսվել ռուսական հատուկ ռազմական գործողությունը: Այսօր Արեւմուտքը փորձում է հասկանալ, թե կօգտագործվի՞ արդյոք մահաբեր այդ զենքը, թե՞ ոչ: CNN-ի հետ զրույցում ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի համար առաջանան «գոյաբանական վտանգներ», ապա հնարավոր է, որ կիրառվի միջուկային զենք։ Միաժամանակ հղում է արել միջուկային զենքի օգտագործման վերաբերյալ ՌԴ ռազմավարությանը, որում ներկայացված են բոլոր հնարավոր հիմքերը:  

Իհարկե, ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա երկրագնդի ոչնչացումը Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության արդյունքում: Բայց որպեսզի դա տեղի չունենա, առաջին հերթին պետք է համապատասխան գիտակցություն ունենան միջուկային (եւ ոչ միայն միջուկային) զենք ունեցող երկրների ղեկավարները: Ուկրաինայի ղեկավարը, օրինակ, նման գիտակցության դրսեւորումներ չի ցուցաբերում: Եթե ցուցաբերեր, կգնար Պուտինի հետ իրական բանակցությունների եւ ոչ թե ժամանակ կձգեր ու Արեւմուտքից կպահանջեր փակել Ուկրաինայի օդը՝ գիտակցելով, որ դա բերելու է ՌԴ-ՆԱՏՕ առճակատման, որի ընթացքում կարող է եւ օգտագործվել միջուկային զենք: Հատկապես արդեն քանի տարի է՝ ՆԱՏՕ-ի հիմնական անդամի՝ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները փայլուն չեն: 

Դրանք սկսվեցին Դոնալդ Թրամփի նախագահական ընտրությունների ընթացքում եւ շարունակվում են առայսօր: Հիշեցնեմ․ 2016-ին ԱՄՆ-ում ընդդեմ նախագահի թեկնածու Դ. Թրամփի հիստերիա սկսվեց, թե հօգուտ նրա ռուսական գաղտնի ծառայությունները հաքերային միջամտություն են իրականացրել ընտրական գործընթացում: Կասկածում եմ, քանի որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հնարավորությունները թվային տեխնոլոգիաներում ուղղակի անհամեմատելի են: Թրամփի մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին, ընդամենը պետք էր ՌԴ-ն որպես «բոբո» օգտագործելով՝ լուծել ներքաղաքական խնդիրը՝ ընտրվել ԱՄՆ նախագահ: Իսկ ՌԴ-ն ԱՄՆ-ում «բոբոյի» դերում էր հայտնվել, քանի որ Պուտինի շնորհիվ վերականգնել էր ԱՄՆ-ի ռազմական ախոյանի իր դերը, որը կորցրել էր նախորդ դարի 90-ականներին՝ ԽՍՀՄ փոլուզվելու պատճառով: Ինչը, իհարկե, ԱՄՆ իշխանությունների համար ծանր էր ընդունելը:  

Ինչ մնում է ընդհանրապես հաքերային հարձակմանը, ապա չինական «Սինխուա» գործակալությունը հաղորդում է․ «Չինաստանը կիբերհարձակման է ենթարկվում արտերկրից, հիմնականում` ԱՄՆ տարածքից։ Հաքերները Չինաստանում «կոտրված» համակարգիչներն օգտագործում են ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Բելառուսի վրա կիբերհարձակումներ գործելու նպատակով: Չինաստանից գրանցված կիբերհարձակումների 87%-ն ուղղված է հատկապես Ռուսաստանի դեմ»։ Ուկրաինայում ՌԴ-ի հայտարարած հատուկ գործողությունից հետո ռուսական մի շարք խոշոր լրատվամիջոցների կայքեր հզոր կիբերհարձակման էին ենթարկվել արտերկրից։ 

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի նախաձեռնած տնտեսական պատերազմը՝ դրան ուղեկցող մշակութային, մարզական եւ այլ դրսեւորումներով, թեւակոխել է դիվանագիտական փուլ: Օրերս ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ իրենց երկիրը կուզենար պահպանել փոխադարձ դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ բաց պահել հաղորդակցման ուղիները։ Որովհետեւ դրանց կարեւորությունը հատկապես նշանակալի է դառնում լարվածության եւ կոնֆլիկտների ժամանակ։ Ինչպես ասում են՝ ճշմարիտ խոսքեր, որոնց տակ կստորագրեր յուրաքանչյուր ադեկվատ իշխանություն: Իսկ երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի պատճառ էր դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն զսպել չկարողանալը: Նախորդ շաբաթվա սկզբին Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողները հերթական անգամ նախագահից փորձել են կորզել ՌԴ նախագահ Պուտինի բնորոշումը: Սկզբում Բայդենը հրաժարվել է պատասխանելուց, պատրաստվել է հեռանալ, իսկ հետո վերադարձել է, խնդրել է կրկնել հարցը եւ Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Թեեւ դրանից առաջ խուսափում էր օգտագործել այդ եզրույթը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այդ մասին ուղիղ հարց էր հնչում։ 

Պուտինը Բայդենին չի պատասխանել: Երեւի դրանից ոգեւորվելով՝ Բայդենը երկու օր անց Պուտինին անվանել է «արյունարբու բռնապետ» եւ «Ուկրաինայի ժողովրդի դեմ անբարոյական պատերազմ մղող տխրահռչակ ավազակ»։ Պատկերացնո՞ւմ եք, կայսերապաշտական Ռուսաստանի ղեկավարին «պատվում» են նման բնութագրումներով: Եվ դա հատկապես այն պահին, երբ նրա հեղինակությունը ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ձեւավորված հայրենասիրական զգացումների շնորհիվ բարձրացել է 70 տոկոսից: Բնականաբար, դրան ի պատասխան, ՌԴ ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը եւ ստացել է բողոքի նոտա: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «ամերիկյան նախագահի նման բարձրաստիճան պետական գործչին անարժան հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները կանգնեցնում են խզման եզրին»։

Սալիվանը, իր հերթին, հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը չի պատրաստվում փակել ամերիկյան դեսպանատունը Մոսկվայում եւ դիվանագետին հետ կանչել Վաշինգտոն։ Նա հավելել է, որ իրենք պատրաստ են նման զարգացումների, բայց դա այն չէ, ինչ ցանկանում է Միացյալ Նահանգները: Երեւի ՌԴ-ում դա կընդունվի որպես ներողության դրսեւորում՝ սպասենք զարգացումների:

ԱՄՆ-ից անցում կատարենք Եվրոպական Միություն: Արեւմտյան պատժամիջոցների ֆոնին ԵՄ-ն վախենում էր, որ Ռուսաստանը կարող էր կանգնեցնել վառելիքի հոսքը դեպի Եվրոպա: Դրա մասին խոսել է, օրինակ, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեֆ Բորելը: Սակայն Պուտինը դիվանագիտական մատ արեց Արեւմուտքին՝ ասելով, որ Ռուսաստանը նման քայլի չի գնա:

ՌԴ-ն կշարունակի կատարել իր առեւտրային պարտավորությունները, սակայն քանի որ Արեւմուտքը սառեցրել է ՌԴ-ի արտարժութային հաշիվները, ապա ստիպված կլինի ռուսական նավթն ու գազը գնել ռուսական ռուբլով: Այնպես որ, Արեւմուտքի դեմ հակամարտությունում ՌԴ-ն կիրառեց հենց արեւմտյան գործիքներից մեկը՝ հարվածեց վառելիքի առեւտրային հաշվարկների միջազգային դրամական միավորին՝ ամերիկյան դոլարին: Ինչը հաստատ անսպասելի էր Արեւմուտքի համար: Իսկ ռուսական ռուբլով նավթ ու գազ գնելը նշանակում է հենց ռուբլու առեւտուր, ինչը մոտ ապագայում բերելու է ռուբլու՝ ազատ փոխարկելի արժույթի (ԱՓԱ) վերածվելուն: Հիշեցնեմ, որ ներկայումս որպես ԱՓԱ օգտագործվում է 18 արժույթ՝ ամերիկյան դոլարը, եվրոպական եվրոն, բրիտանական ֆունտը, ճապոնական յենան, շվեյցարական ֆրանկը եւ այլն:

Նույնիսկ հզոր տնտեսական պոտենցիալ ունեցող Չինաստանն էր ցանկանում իր դրամական միավորը՝ յուանը, դարձնել ԱՓԱ, սակայն ռիսկ չէր անում գնալ այդ քայլին: Այնպես որ, մոտ ապագայում ռուսաստանյան գործարարները շնորհակալական զգացումով կարող են վերհիշել արեւմտյան համատարած պատժամիջոցների սահմանումը: Իսկ մարդկությունը կարող է ազատ շունչ քաշել՝ միջուկային պատերազմը կչեղարկվի: Որովհետեւ ՌԴ-ն շատ ավելի հզոր զենք է կիրառել ընդդեմ Արեւմուտքի՝ ճիշտ է, ոչ անմիջական ազդեցության: