Ես նոր եմ լսում Մաշտոցի պուրակի մասին

Ես նոր եմ լսում Մաշտոցի պուրակի մասին

Մաշտոցի պուրակի կանաչ հատվածը բետոնապատելու, սրճարան, կամ զվարճանքի այլ տարածքով փոխարինելու տխրահռչակ ծրագիրը, որը 2012-ին փորձում էին իրականացնել  նախկին իշխանությունները, բայց բնապահպանների եւ ակտիվիստների դիմադրության շնորհիվ կասեցվեց՝ «Տարոն սիրուն չի» Սերժ Սարգսյանի թեւավոր դարձած նախատինքից հետո, այժմ  նորից ընթացքի մեջ է: Մի քանի օր առաջ պուրակի տարածքում կրկին ծառահատում է իրականացվել, այսօր փորձել են հանել կտրած ծառի արմատները,  ոմանք արդեն նկատել են, որ զուգահեռ շինաշխատանքներ են ընթանում  այդ տարածքում: Քաղաքապետարանը եւ հատկապես իր թաքստոցից աշխատող քաղաքապետը չեն շտապում արձագանքել,  թեպետ առավոտից համացանցում մեծ աղմուկ է բարձրացվել: Պարզվում է, սակայն, աղմուկը չի հասել նաեւ հեղափոխաան պատգամավորներին: «Իմ Քայլից» Կարեն Սարուխանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ մեզանից է իմանում այդ մասին, հետո կծանոթանա բուն խնդրին, նոր միայն իր ասելիքը կհայտնի;

-Ես անկեղծ տեղյակ չեմ՝ նոր եմ լսում, որ ինչ-որ բան են ուզում անել: Արձակուրդում եմ, այսօր էլ մի փոքր զբաղված եմ ու չեմ հետեւել…

-Ծանոթանալու շատ բան չկա, կարծես թե ձեր իշխանությունը շարունակում է նախկինների սկսած գործը, հիմա դուք կո՞ղմ եք, որ կանաչ տարածքը բետոնով փոխարինեն:

-Ընդհանուր առմամբ, իհարկե, կողմ չեմ, բայց կրկնում եմ՝ պիտի հասկանանք, թե ինչու են նման որոշում կայացրել, այստեղ քաղաքապետն է, քաղաքապետարանը: Իրենք արձագանքել են, պարզաբանել են՝ ինչու:

-Ոչ,բայց դա էլ արդեն տարօրինակ չէ՞, որ չեն արձագանքում:

-Ուրեմն , եկեք սպասենք պարզաբանումներին ու հասկանանք՝ ինչով է պայմանավորված նման որոշումը:

-Ոմանք քաղաքապետի հրաժարականի պահանջ են ներկայացնում …

-Բայց սա ինչ հրաժարականի հարց է, եթե չգիտենք ինչ է կատարվել, որ միանգամից նման բան է եղել: Դրա համար եմ ասում՝ պետք է սպասել: