Վրաստանը կին նախագահ ունի

Վրաստանը կին նախագահ ունի

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է «Վրացական երազանք» կուսակցությունն ու միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Ձայների 99,7% հաշվարկի արդյունքներով Գրիգոլ Վաշաձեն ստացել է 40,44 տոկոս, իսկ Զուրաբիշվիլին՝ ավելի քան 56 տոկոս։ Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականին Փարիզում, վրացի էմիգրանտ ազնվականի ընտանիքում։

Ավելի քան երեսուն տարի աշխատել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում։ 2004-05 թթ եղել է Վրաստանի ԱԳ նախարարը։ 2005-ին հիմնադրել է «Վրաստանի ուղի» ընդդիմադիր կուսակցությունը, ակտիվ մասնակցություն ունեցել 2007-09 թթ ցույցերին։ Արդեն մեկ տարի անց հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։ 2013-ին ցանկացել է առաջադրվել նախագահական ընտրություններում, սակայն մերժում է ստացել, քանի որ ունեցել է երկքաղաքացիություն՝ վրացական եւ ֆրանսիական։ Այս տարվա օգոստոսից Զուրաբիշվիլին հրաժարվել է ֆրանսահպատակությունից՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։