Մի խանգարեք Փաշինյանին, նա լուրջ գործով է զբաղված
Քանի՞ մարդ է մնացել Հայաստանում, որ տակավին հիասթափություն չի ապրել սեփական ձեռքերով ու ոտքերով արած հեղափոխությունից: Արդյոք Չալոն ամենաերջանիկ շո՞ւնն է աշխարհում, որ այդքան քայլելուց հետո նույնիսկ հանրահավաքի մասնակցեց եւ հարթակ բարձրացավ Հանրապետության հրապարակում: Այս հարցերը, բնականաբար, միմյանց հետ կապ չունեն, բայց, ահա, դրանց պատասխանները գրեթե մեկին մեկ համընկնում են: Կարծում եմ՝ բոլորը, այդ թվում եւ Չալոն, հիասթափվելու հիմքեր ունեն, եթե չասենք` արդեն հիասթափվել են:
Անիմաստ աղմուկ ենք միայն բարձրացնում, թե քարոզարշավը չսկսված, վարչական ռեսուրսի գործադրմամբ` Փաշինյանը քարոզչություն է անում իր գլխավորած ուժի օգտին: Թողեք այդ անմիտ խոսակցությունները, որովհետեւ, ինչպես ասում են` ՔՊ-ն, իսկ ավելի ստույգ` ԻՔ-ն արդեն «հաղթել պրծել ա»: Փաշինյանի քարոզն այսօր անում են այն ուժերը, որոնք ընտրությունների են գնում «Կեցցե ընկեր Փաշինյանը, յա թե չէ` ընկեր Արարատ Միրզոյանը» կարգախոսով: Այնպիսի մանր գործ, ինչպիսին քարոզարշավն է, Փաշինյանին ու իր թիմին այլեւս չի հրապուրում: Ձայն բերողները նշանակված են, փող հասցնողները` հայտնի. էլ ի՞նչ ունի մտածելու Փաշինյանը: Նրա հաթաթան, թե ՀՀ հպարտ քաղաքացուն նույնիսկ հազար դոլար ընտրակաշառք առաջարկողի ձեռքերը կջարդի, ԻՔ ցուցակի «տասովշչիկներին» չի վերաբերում: Սրանց պարագայում ընտրակաշառքի վրա սահմանված էմբարգոն չի գործում, քանզի այն, ինչ արվում է թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակի համար, չի բացառվում, արդեն արդարացված է կառավարության հույժ գաղտնի որոշման հատուկ կետով: Մեզ թվում է, որ Փաշինյանն այս օրերին պարզապես ժողովրդի զարկերակն է ստուգում, ոչ ավելին:
Վերեւում տված հարցերի պատասխանը Փաշինյանը, անշուշտ, գիտի, բայց ուզում է անձամբ համոզվել` հիասթափվե՞լ են մարդիկ հեղափոխությունից, թե՞ էլի «դուխով» են, ինչպիսին նրանց թողել էր փողոցում ու դարձել վարչապետ:
Կապանի քաղաքապետի ընտրությունները, այո, Փաշինյանին շատ են մտահոգել: Սյունիքի մարզից, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը ձեռ է քաշել, առայժմ գնում է Գեղարքունիք եւ Արագածոտն, հիմա էլ պատրաստվում է քայլարշավ անել Երեւանում: Արագածոտնում, օրինակ, Փաշինյանը նկատեց, որ ամենադուխով մարդը Արագածոտնի մարզպետն է: Այդ պաշտոնն զբաղեցնող անձը Փաշինյանին այնպես էր պաշտպանում Աշտարակի քաղաքացիների բողոքներից, ասես վարչապետի կյանքին վտանգ էր սպառնում: Հետո մեկնեցին Ապարան: Այնտեղ նրան սպասում էր մի բազմություն, որի առաջին շարքերում ժպտացող ապարանցիներն էին, իսկ մեջտեղում` մշակույթի տան զուռնա-դհոլի անսամբլը, որ հենց Փաշինյանը ոտքը դնի Ապարանի սահմաններից ներս, սկսեն նվագել: Ամեն ինչ հրաշալի էր, մանավանդ՝ Հանրայինի եթերով:
Ո՛չ Աշտարակում, ո՛չ էլ Ապարանում Փաշինյանը տոկոսներ չհնչեցրեց, նույնիսկ չհիշեց մեկ օր առաջ արած իր աղմկահարույց հայտարարությունն այն մասին, որ տված խոստումները կատարել է 100 տոկոսով: Դրա ժամանակը չէր: Մարզերում մարդիկ մի փոքր ավելի խստապահանջ են, եւ, հնարավոր է, նրանց թվար, որ հեղափոխությունը տակավին իրենց մարզ չի հասել:
Թե ինչ տպավորություններով է Փաշինյանը վերադարձել Երեւան, չենք կարող ասել, թեեւ կարծում ենք, նա, անշուշտ, նկատել է, որ Արագածոտնում իր անվտանգության պահապանները թույլ չտվեցին, որ որեւէ աշտարակցի կամ ապարանցի պրոտոկոլից դուրս ձեռքով դիպչի իրեն, շոշափի կամ ուրիշ անմիջական պահվածք դրսեւորի իր անձի հանդեպ: Մի՞թե դա խելացի էր` ժողովրդին զրկել իր առաջնորդին դիպչելու հնարավորությունից: Բայց քաղաքագիտության դեմ ոչինչ անել չես կարող: Անցել են փողոցային ժողովրդավարության ժամանակները, հեղափոխությունը մտել է նոր փուլ` հեղափոխական իշխանությունների եւ հեղափոխության շարժիչ ուժի` ժողովրդի միջեւ պատշաճ տարածություն սահմանելու փուլը:
Կգնա՞ Փաշինյանը Շիրակ: Ճիշտ է, Փաշինյանը քայլել սկսել է Գյումրիից, բայց Աշոցքում արդեն ցուրտ է, ու տեղական թոփ վառելիքը` աթարը, պրծնելու վրա է: Աշոցքում հեղափոխության բերած հովերի մասին խոսելը գուցեեւ ժամանակավրեպ լինի, բայց Փաշինյանը պարտավոր է գնալ այդ հեռավոր անկյունը եւս, այլապես ժողովրդի հիասթափության մասին նրա պատկերացումներն ամբողջական չեն լինի:
Չխոսեցինք այն մասին, որ ներքին հիասթափությունների հարցում լուրջ դերակատարություն ունեն նաեւ մեր արտաքին «հաջողությունները»: Ով չի ալարում` մատ է թափ տալիս Հայաստանի վրա: Մեր ժողովուրդը դա տեսնում է ու առայժմ մխիթարվում իր առաջնորդի հակադարձումներով: Բայց դիվանագիտությունը կռիվ չէ, ոչ էլ դուխով տղաների ասպարեզ: Այնտեղ պարտվողը աչքի տակ «ֆանարով» չի պրծնում, որ հետո էլ տանը պարծենա, թե այսպես ու այսպես, 30 հոգով հասան վրաս: Մեկ էլ կարող ես տեսնել, որ հողերիդ կեսը չկա: Այդ ժամանակ արդեն մշակույթի տան զուռնա-դհոլի անսամբլն էլ չի փրկի:
Հանուն ճշմարտության ասենք, որ բարձր ենք գնահատում մարզեր գնալու Նիկոլ Փաշինյանի այս ձեռնարկները: Լավ ղեկավարը հենց այդպիսին պետք է լինի, չվախենա ճշմարտությանը ուղիղ նայելուց: Բայց համարձակությունը, ինչպես ասում են, գործի կեսն է միայն: Մյուս կեսը տեսածից ճիշտ հետեւություններ անելն է: Եվ վերջում մի հարց տամ մեր վարչապետին. պարոն Փաշինյան, իսկապե՞ս այնքան հեշտ է միայնակ պետություն ու ժողովուրդ ղեկավարելը, ինչպես Դուք եք ղեկավարում, թե՞ այդպես եք ցույց տալիս, որ մարդիկ մինչեւ ընտրություններ չհիասթափվեն:
Կարծիքներ